կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-13 12:00
Քաղաքական

Վարչապետը «դմբոց ռեֆորմ» է ակնկալում

Վարչապետը «դմբոց ռեֆորմ» է ակնկալում

Այսօր` կառավարության օրակարգին անցնելուց առաջ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ջրային ոլորտի վերաբերյալ: Նա նշեց, որ ջրային տնտեսության ոլորտի պատասխանատուներից այս տարի ակնկալում է կտրուկ բարեփոխումներ: Վարչապետի խոսքով` ներկայումս ավարտական փուլում են 2017 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները: Որոշ տարածքներում էլ հողագործներն արդեն սկսել են հողի մշակման աշխատանքները:

«Ինչպես գիտենք, պայմանավորված հողի ֆիզիկական կազմով, հանրապետության շուրջ 70 համայնքների հողատարածքներ ունեն գերնորմատիվային ջրապահանջ, իսկ որոշ տարածքներում՝ դրանից բարձր, ինչի պատճառով այդ տարածքներում մատակարարված ջրի դիմաց ձևավորվում է մեծ հասույթ, ինչը հետագայում ջրօգտագործողների կողմից գերնորմատիվայինից ավելի մասով չի վճարվում՝ տարեցտարի աճողական կարգով ձևավորելով անհուսալի դեբիտորական պարտավորություններ: Այս հանգամանքը գյուղատնտեսության ոլորտում ձևավորում է ոչ հավասար մրցակցային պայմաններ հողօգտագործողների համար, իսկ ջրամատակարար կազմակերպությունների մոտ առաջանում է ֆինանսական ճեղքվածք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

2017 թվականի ոռոգման շրջանն առավել արդյունավետ կազմակերպելու, բոլոր ջրօգտագործողների համար ջրօգտագործման հնարավորինս հավասար պայմաններ ապահովելու նպատակով վարչապետը ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ 1-ամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով շրջանառության մեջ դնել «2017 թվականին գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետական աջակցություն տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ նպատակ ունենալով այն ընդունել մինչև ս․թ․ մայիսի 31-ը։

«Ի՞նչ ենք ակնկալում. կան համայնքներ, որտեղ հողի պարունակությունը, կառուցվածքն այնպիսին է, որ մեկ միավոր բերք ստանալու համար ջուրն ավելի շատ են օգտագործում, քան մյուս համայնքներում, ինչը բերում է անհավասար պայմանների: Անում եք այնպես, որպեսզի այնպես չլինի, երբ այս համայնքում ջուր հասցնելու գումարը լինի հազար դրամ, մյուսում՝ հինգ հազար: Այս տարվա ընթացքում ՋՕԸ-երի ռեֆորմը պետք է իրականացնենք՝ ֆինանսական կարգապահության, կորուստներ, հաշվիչների խնդիր և այլն: Կտրուկ, դմբոց ռեֆորմ ենք ակնկալում»,- ասաց Կարեն Կարապետյանը: