Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում, երբ քննարկվում էր 2013թ. բյուջեի կատարողականը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ 2013-ին Դաշնակցությունը դեմ է արտահայտվել բյուջեին երկու հիմնարար պատճառով, որ 2013թ. նախագծված բյուջեն չէր կարող ապահովել երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները, և կյանքը ցույց տվեց, որ դա այդպես է: Նաև այն պատճառով, որ կառավարության ծրագրերը միմյանց հետ օրգանական կապ չունեին:
«Այսօր բյուջեի կատարողականը վերահաստատում է այն, որ մենք, ըստ էության, ճիշտ էինք: Խնդիրն այն չէ, որ քննադատում ենք նախորդ կառավարության գործունեությունը, որովհետև ձախողված կառավարության ձախողված բյուջեն կարելի է անտեսել, բայց մենք իրավունք չունենք դասեր չքաղելու նախընթաց ժամանակահատվածից, ահա, թե ինչու Դաշնակցությունը ցանկանում է առանձնացնել մի քանի կարևոր հարցեր, որոնցից հնարավոր է հետագայում դասեր քաղել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Առաջին հարցը վերաբերում է տնտեսական քաղաքականությանը, երբ ծրագրված 6,2 տոկոս տնտեսական աճի փոխարեն ունեցանք 3,2 տոկոս: Եվ ամբիոնից կառավարության ներկայացուցիչը հպարտորեն ասում է, որ իրականացվել է հարկաբյուջետային զսպող քաղաքականություն, այլ կերպ ասած` իրականացվել է տնտեսական աճը զսպելու քաղաքականություն: Ըստ պատգամավորի` հետայսու պետք է հրաժարվել նման քաղաքականությունից:
Երկրորդ դասը, ըստ պատգամավորի, վերաբերում է բյուջեի փիլիսոփայությանը, երկար տարիներ բյուջեն դիտվում է որպես վերջնանպատակ, բայց այն միջոց է երկրում իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը կառուցվածքային հենքի վրա դնելու համար:
«Մեր մոտ ցավալիորեն անընդհատ ասում են` բյուջեի եկամուտներն այսքանով ենք կատարել, սպասի` քերենք, բերենք, լցնենք բյուջեն, բայց ո՞րն է նպատակը: Մի՞թե նպատակն ընդամենը բյուջեի եկամուտներն ապահովելն ու ծախսերը կատարելն է: Ոչ, նպատակը պետք է լինի ամբողջական կառուցվածքային տնտեսական քաղաքականությունը»,- նշեց ՀՅԴ պատգամավորը՝ հավելելով, որ ընթացքում կարող են գերակատարել, թերակատարել բյուջեն, բայց վերջում արդյունքի չհասնել:
Երրորդ դասն այն է, որ պետք է արագացնեն ծրագրային բյուջետավորման մոտեցումները: «Ասում են՝ այսքան ծախս ենք կատարել, որևէ ուղղությամբ թերակատարում չունենք, լավ կատարել ենք, հետո՞, դրանից քաղաքացու վիճակը լավացե՞լ է, ՀՀ քաղաքացին աշխատանք ո՞ւնի, արտագա՞ղթը նվազել է, նվազե՞լ է երկրից հեռանալու ցանկությունը»,- հռետորական հարցեր ուղղեց պատգամավորը:
Ըստ Մինասյանի՝ հնարավոր չէ ունենալ կայուն մակրոտնտեսական վիճակ, երբ շուկայում մենաշնորհ է տիրում: Նա նաև հանդես եկավ հետևյալ առաջարկով. «Եկել է ժամանակը` դրամական նոր ռեֆորմ իրականացնելու համար: Սա կարող է առաջին հայացքից թվալ մի նոր արկածախնդիր մոտեցում, բայց բոլոր տնտեսագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ ներկա դրամական համակարգն այլևս ի վիճակի չէ սպասարկել Հայաստանի տնտեսությունը դեպի կայուն, թռիքչքաձև զարգացման հարթության մեջ դնելու համար: Դրամական ռեֆորմ ասելով` նկատի ունենք ռեֆորմ, որը թույլ կտա, թուլացնելով դրամը, հեշտացնել տնտեսվարող սուբյեկտների արտահանման ունակությունը, միաժամանակ չվնասել քաղաքացիների գնողունակությունը»:
ՀՅԴ պատգամավորի խոսքով՝ այսօր անհրաժեշտություն կա նաև հարկային ռեֆորմի՝ միավորել հարկերն ու դարձնել ավելի նպատակային, ազատ թողնել տնտեսությունը` շնչելու ու զարգանալու համար: Հակառակ դեպքում, ըստ նրա, մյուս տարի էլ կլինի այս վիճակը՝ այստեղ կրկին կգան կառավարությունից ու կասեն, որ Հայաստանը շարունակում է մնալ աղքատ երկրների շարքում: