կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-29 16:32
Տնտեսական

Աշխատավարձերի ռեֆորմ` Հայաստանում

Աշխատավարձերի ռեֆորմ` Հայաստանում

Գործադիրն այսօր հավանություն է տվել ՀՀ 2012 թ. պետական բյուջեի նախագծին, որին անդրադառնալով` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն իրականացնելու համար լարված աշխատանք է անհրաժեշտ։

 

Նա ընդգծել է, որ եկող տարվանից նախատեսվում է ավելացնել սոցիալական ծախսերը, մասնավորապես` կենսաթոշակներն ու նպաստները: Մի խոսքով` «Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ իրականացվելու է աշխատավարձերի ռեֆորմ»։

 

«Քաղծառայողներին տրամադրելու ենք սոցիալական ապահովության փաթեթ։ Նրանք հնարավորություն են ունենալու 2012 թ. օգտվել այդ փաթեթից, մասնավորապես` իրականացնել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման վճարում, ապահովագրական պոլիսների միջոցով իրականացնել իրենց առողջական խնդիրների լուծման ծախսերի փակում, ինչպես նաեւ հնարավորություն են ունենալու իրենց ընտանիքի ուսանողների ուսման վարձերը վճարել այդ միջոցների հաշվին։ Հասկանալի է, որ սա սոցիալական ուղղվածություն ունեցող փաթեթ է, և առաջին հերթին այս փաթեթից շահելու են ցածր եկամուտ ունեցող քաղծառայողները, քանի որ փաթեթը հավասարաչափ է տրամադրվելու նրանց»,- նշել է վարչապետը։

 

Բնականաբար, այդ բոլոր միջոցառումները լրացուցիչ ֆինանսավորում են պահանջում, ինչն էլ, վարչապետի խոսքով, պարտավորեցնում է էապես ավելացնել հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը։

 

Հավելենք, որ պետական բյուջեի նախագիծը քննարկվել է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հետ, որոնք էլ Հայաստանի հիմնական դոնորներն են։