կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-31 15:14
Քաղաքական

Քարոզարշավի հետաքրքիր ինտրիգներից մեկը «ներդրումային բում»-ն էր. Աղվան Վարդանյան

Քարոզարշավի հետաքրքիր ինտրիգներից մեկը «ներդրումային բում»-ն էր. Աղվան Վարդանյան

Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը` ամփոփելով ՀՅԴ նախընտրական քարոզարշավը: Նրա խոսքով` ընտրարշավն, ընդհանուր առմամբ, հետաքրքիր էր, մանավանդ` առաջին փուլը:

«Քարոզարշավի ժամանակ տարբեր քաղաքական ուժերի կողմից տարբեր արտահայտություններ եղան`«կաշիներդ կքերթեմ», «աչքերդ կհանեմ», «ականջներդ կկտրեմ», «քաղաքական աղբ», «փշաքաղվել»: Կարծում եմ` այս բառապաշարը մեր քարոզչության մեջ չեք հանդիպի, որովհետև մենք, իբրև ծանրակշիռ քաղաքական կուսակցություն, միշտ փորձել ենք խնդիրների, լուծումների ու առաջնահերթությունների  մասին խոսել և ոչ թե փորձել այլ մեթոդներով ձայն շահել»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Ըստ նրա` դաշինք կար, որի առանցքային դեմքերից մեկն առհասարակ քարոզարշավին չէր մասնակցում, իսկ երկրորդ դեմքին` ՀՀ առաջին նախագահին, ընտրողները տեսան միայն երկու հեռուստատեսային ելույթների ժամանակ:

«Մենք հակաքարոզչություն չենք արել որևէ մեկի հանդեպ, երբեք անձնավորված քաղաքականություն չենք տարել, քարոզչություն չենք արել, ուղղակի համեմատել ենք առկա քաղաքական ուժերին, փորձել ենք ներկայացնել մեր կատարած աշխատանքը և առավելությունները: Հատկապես` մանիպուլյացիաներ չենք արել, որովհետև այս քարոզարշավի հետաքրքիր բաղկացուցիչներից մեկն էլ մանիպուլյացիաներն էին` տարբեր մեթոդներով փորձել ընտրողներին ասել, որ մենք միակն ենք, մեզ ձայն տվեք, ուրիշներին մի' տվեք: Դաշնակցության մրցակից ուժերի 90 տոկոսը մեր հանդեպ եղել են զուսպ, հավասարակշռված` գիտակցելով, որ եթե չափն անցնեն, ապա կստանան համարժեք պատասխան: Մեկ-երկու դեպք է եղել, երբ հարկադրված պատասխանել ենք»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Քարոզարշավի հետաքրքիր ինտրիգներից մեկը, ըստ նրա, «ներդրումային բում»-ն էր, երբ տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ հանկարծ Հայաստանը դարձրեցին միլիարդների ներդրման վայր: Վարդանյանի խոսքով` Հայաստանը կդառնա ներդրումների համար հուսալի միջավայր, եթե այն փոփոխությունները, որոնք սկսվել են, իրականություն դառնան, միջավայրը դառնա վստահելի, իշխանությունը դառնա վստահելի, հսկայական փոփոխություններ լինեն հարկային ու մաքսային ոլորտներում, օրենսդրության մեջ:

«Եկեք մտածենք, թե քաղաքական այս ուժերի խճանկարի մեջ ո՞ր կուսակցությունն է, որ իրական հնարավորություն ունի իրական ներդրումներ ապահովելու: Եթե անկեղծ լինենք, իհարկե, Դաշնակցությունը` իր համահայկական կառույցով, աշխարհի 30-ից ավելի երկրներում իր ներկայությամբ: Այո, մենք միլիարդատերեր չունենք, նման ընկերներ էլ չունենք, և դա երբեք չի եղել Դաշնակցության համար նպատակ, բայց մենք ունենք հարյուրհազարավոր համակիրներ, նրանց մեջ` լրջագույն գործարարներ` աշխարհով մեկ, ովքեր, տեսնելով Հայաստանում որակական փոփոխությունները, կարող են իրական ներդրումներ ապահովել»,- ասաց Աղվան Վարդանյանը: