կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-14 01:28
Քաղաքական

Ինտրիգներից կյանքը չի բարելավվում

Ինտրիգներից կյանքը չի բարելավվում

Մեր իշխանությունն ապրում է վիրտուալ կյանքով եւ այդ կյանքում էլ փորձում է ինտրիգների միջոցով քաղաքական դաշտում իրեն ձեռնտու իրավիճակ ստեղծել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:

Ըստ նրա`  այսօր քաղաքական դաշտում քննարկվում են հարցեր, որոնք իրական քաղաքականության հետ կապ չուենեն: Դրա վառ օրինակն է Րաֆֆի Հովհաննիսյանին Լեւոն Տեր-Պետրոսյանի չբարեւելու հարցը: Ըստ բանախոսի` այս թեման թեժացրին մամուլի միջոցով, այնինչ, դրանից ոչինչ չփոխվեց. կյանքը գնալով ավելի է վատանում, իսկ «Առաջ Հայաստան» ծրագրից ոչինչ էլ չի արվում:

Ա. Կարապետյանն ասաց, որ վարչապետի հարցազրույցը կարդալուց հետո այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մոլորակի վրա կա միայն Հայաստան ու Շվեյցարիա. կյանքը հրաշալի է Հայաստանի Հանրապետությունում:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտում բախումներին, Ա. Կարապետյանը նշեց, որ անհասկանալի ոչինչ չկա. առջեւում ընտրություններ են, եւ յուրաքանչյուր ուժ աշխատում է մեծացնել իր ազդեցությունը ընտրազանգվածի վրա, որը ընդդիմության բոլոր ուժերի համար նույնն է: Պայքար կա նաեւ իշխանական կուսակցությունների միջեւ. յուրաքանչյուրն ուզում է անցնել միահեծան իշխանության:

Ա. Կարապետյանի խոսքերով` միակ սխալն այս գործընթացներում այն է, որ փոքր-ինչ շուտ սկսվեց ներքին պայքարը ընդդիմադիր դաշտում:

Նրա խոսքերով` ներքաղաքական դաշտում իրական վերաձեւավորումները կլինեն սեպտեմբերին, իսկ ներկայումս տեղի ունեցող գործընթացները զուտ ընտրազանգվածի տեղաբաշխման գործընթացներ են: