Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը զրուցել է «Ամինտաս գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Սիմոնյանի հետ, ով ՀՅԴ համամասնական ցուցակի 14-րդ հորիզոնականում է:
- Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:
- Որոշումն իմը չի եղել: Կուսակցության որոշումն է, կուսակցությունն է նպատակահարմար համարել, որ կուսակցական ընկերներից Աշոտ Սիմոնյանը լինի ցուցակում: Ես` որպես կուսակցական, ընդունել եմ այդ որոշումը, հիմա պարտավոր եմ ջանք ու եռանդ ներդնել, որպեսզի բոլոր այն նպատակները, որ կան դրված, կարողանամ իրականացնել:
- Ձեզ խորհրդարանում տեսնո՞ւմ եք:
- Օրենսդիր մարմնի գործունեությունը նորություն է ինձ համար և ասել` այո, ես ինձ տեսնում եմ այնտեղ, մի քիչ ճիշտ չի լինի, այն պարզ պատճառով, որ անծանոթ միջավայր է: Դժվարություններ չեմ ունենա, կարծում եմ, քանի որ ես այնտեղ լինելու եմ ֆրակցիայի մասնիկներից մեկը, և համատեղ ջանքերով կփորձենք հարցերի լուծման հասնել:
- Հայաստանում երիտասարդության ամենագլոբալ խնդիրը ո՞րն է, և Դուք` որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, ինչպե՞ս եք պատկերացնում երիտասարդության խնդիրների լուծումը:
- Եթե երիտասարդն այսօր Հայաստանում ունի խնդիր` դա հավատի բացակայությունն է, թե այս երկրում ապագա կա: Երիտասարդը պետք է հասկանա, որ սա իր հայրենիքն է, որն այսօր գտնվում է դժվարին վիճակում: Երկրից թողնել-գնալով, ավելի հեշտ, ավելի բարեկեցիկ կյանքն ընտրելով` խնդիրները չեն լուծվի: Երևի թե հավատն է պակաս, որ, աշխատելով, այստեղ մնալով, պայքարելով, հնարավոր կլինի նոր վիճակ ստեղծել, նոր փոփոխություններ առաջ բերել: Փոփոխություններով պայմանավորված` մեր վաղվա օրն ավելի պայծառ ու լուսավոր կարող ենք դարձնել: Դժվար գործընթաց է, որովհետև տարիներ շարունակ մենք այդ հավատի անհրաժեշտությունն ունեցել ենք, բայց որևիցե մեկի կողմից այդ հավատը, դժբախտաբար, չի ներշնչվել: Մեր կուսակցությունն այդ հավատը և արդարությունը վերականգնելու, իրոք նոր սկիզբ դնելու մեծ գործ ունի անելու: Մասնավորապես` երիտասարդության հետ կապված բավականին անելիքներ կան:
- Բայց ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով:
- Մեխանիզմներից ամենակարևորը մենք արդեն ներդրել ենք` սահմանադրական փոփոխությունները: Մենք երկրում ստեղծել ենք իրավիճակ, որ այլևս չի լինի մեկը, ով կորոշի ամեն ինչ: Երկրում չի լինի իրավիճակ, երբ ընտրություններից հետո հաղթողը կունենա ամեն ինչ, իսկ պարտվողը` ոչինչ: Այս Սահմանադրությանը միս ու արյուն տալու պատրաստակամությամբ մենք վճռականորեն գնալու ենք մինչև վերջ: Բոլոր այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք պայմանավորված են նոր Սահմանադրությամբ, կյանքի կկոչվեն: Ի վերջո, մի բան է Սահմանադրություն փոխելը, մեկ այլ բան` այդ Սահմանադրությամբ փոփոխություններ կյանքի կոչելը: Ես լավատես եմ, բայց հեռու եմ այն մտքից, որ, Սահմանադրությունը փոխելով, երկրի բոլոր հարցերը կլուծվեն, թեև նախադրյալները ստեղծված ե, դրանք` սահմանադրական փոփոխությունները և ընտրական նոր օրենսգիրքը, որոնք իշխանությունների միանձնյա ղեկավարումն անհնար են դարձնում: Վստահ եմ, որ կձևավորվի ավելի լավ իշխանություն, կունենանք ավելի որակյալ ընդդիմություն և, միմյանց լրացնելով, միմյանց հակակշռելով, կփորձենք քարը քարի վրա դնել` լավը պահելով, վատը փոխարինելով լավով:
-Նոր ընտրական համակարգը, կարծես, այնքան էլ հաջողված չէ, տեսանք, թե ռեյտինգային ընտրակարգն ինչերի հանգեցրեց: Այստեղ մտահոգվելու բան չե՞ք տեսնո՞ւմ, սա՞ է բարեփոխումը:
- Այո, սա, նախորդի համեմատ, բարեփոխում է: Այս ընտրական համակարգն իմ պատկերացրած համամասնական համակարգը չէ, սակայն այս ընտրական օրենսգիրքը մի քանի քայլ առաջ է նախորդից: Բացի այն բոլոր բացասական երևույթներից, որ կան այս ընտրական օրենսգրքում` պայմանավորված ռեյտինգային ընտրակարգի և մի շարք այլ դրույթների հետ, կա նաև դրականը, որի մասին ոչ ոք չի խոսում: Իշխանությունների և մեծամասնություն կազմող ֆրակցիաների համար հետագայում սա գլխացավանք է լինելու և ուզեն, թե չուզեն կամաց-կամաց այս փոփոխությունները պետք է անեն` անցնեն դասական համամասնական ընտրակարգի: Այս ընտրակարգը հնարավորություն է տալիս, որ կոալիցիա ձևավորելու դեպքում որոշումների կայացումը մեկ քաղաքական ուժից կախված չլինի: Այսօր էլ մենք կոալիցիա ենք կազմում Հանրապետական կուսակցության հետ, բայց մեր` այնտեղ լինելը ձևական բնույթ է կրում, որովհետև ցանկացած որոշում և ցանկացած հարց նրանք միաձայն կարող են անցկացնել, քանի որ մեծամասնություն են խորհրդարանում: Իսկ նոր ձևավորվելիք խորհրդարանում այդպես չի կարող լինել: Ընդդիմությունը 1/3 տեղ է ունենալու ԱԺ-ում, էլ չեմ ասում, որ այն բոլոր պաշտոնների նշանակումը, երբ, եթե Հանրապետականը մեծամասնություն էլ լինի ԱԺ-ում, պետք է օգտվի նաև ընդդիմության օժանդակությունից ու քվեից, որովհետև քվեի մեծամասնությամբ հարց չի լուծվելու:
-Ո՞րն է Դաշնակցության հաղթաթուղթը, ինչո՞ւ ընտրողը պետք է վստահի ու ձեզ քվե տա:
- Դաշնակցությունն այսօր մի շարք առավելություններ ունի մնացածի նկատմամբ: Մենք տեսել ենք բազում կոալիցիաներ, որոնց մաս են կազմել ՀՅԴ-ն և մի շարք այլ քաղաքական ուժեր: Եթե ուսումնասիրելու լինենք այդ քաղաքական ուժերից ինչ-որ մեկի` կոալիցիա մտնելու կամ դուրս գալու պատճառը, ապա չենք տեսնի, որ թե' կոալիցիա կազմելու, թե' կոալիցիայից դուրս գալու պատճառը եղել է պետության, պետականության շահը: Մենք չունենք նաև այնպիսի կուսակցություն, որը երբ իշխանական լծակից օգտվելուց զրկվել է, կառավարությունից դուրս է եկել, նրա նախարարները մնացել են նրա կողքին` որպես նրա թիմի անդամ: Չկա այդպիսի կուսակցություն: Իսկ մենք կայացած քաղաքական ուժ ենք: Պատմությանը և ներկա իրավիճակին ռեալ աչքերով նայող մարդը չի կարող չտեսնել Դաշնակցության առավելությունը: Մեր շտաբ էր եկել 70 տարեկան մի մարդ, ով ասաց, թե 50 տարի լսել է, որ մենք վատն ենք եղել, դավաճան ենք եղել, փողերն առել` փախել ենք, բայց եկել է` մեզ հարցնելու, թե այս երկիրը ե՞րբ ենք փրկելու: Եվ բոլորն են դա ասում: Ամենավճռական պահին բոլորի հույսը Դաշնակցությունն է, բայց, դժբախտաբար, մենք չենք հասել այն փաստին, որ այդ բոլոր ասողները գնան և Դաշնակցությանը քվե տան: Բոլորը հավատում են, բոլորն ասում են, որ մենք ազնիվ ենք, ազգային ենք, բայց չենք կարողացել այնպես անել, որ այդ ասողների մեծամասնությունը ՀՅԴ-ին քվե տա: Կարծում եմ` մեր քարոզչական հանձնախումբը կամ պատասխանատուները այդ հանգամանքի վրա շեշտը կդնեն և կփորձեն այդ գործոնը օգտագործել: Պարզապես մենք մեր արածների մասին չենք սիրում բարձր ամբիոններից հայտարարել, որովհետև մեզ համար գործն է կարևոր, ոչ թե` ամբիոններից խոսելը:
-Ընտրությունների արդյունքների վերաբերյալ կանխատեսումներ ունե՞ք: ՀՅԴ-ն կստանա՞ այնքան քվե, որ համամասնական ցուցակի 14-րդ տեղում գտնվող Աշոտ Սիմոնյանն անցնի խորհրդարան:
-Ինձ համար Աշոտ Սիմոնյանի` Ազգային ժողով գնալ-չգնալն էական չէ: Ես ուզում եմ, որ Դաշնակցությունն այնքան քվե ապահովի, որ կարողանա Ազգային ժողովում ծանրակշիռ ներկայացվածություն ունենալ: Ես համոզված եմ, որ այն քաղաքական ուժը, որի անդամ եմ ես, երկրում ի վիճակի է լուրջ տեղաշարժեր ապահովել` դրական առումով: Եթե նույնիսկ այս վերջին 25 տարվա մեր պատմությունը նայենք, ապա փոքրաթիվ ֆրակցիայով մենք շատ բաներ ենք արել: Ես համոզված եմ` այնտեղ լինեմ, թե չլինեմ, երկրի համար դրական ու ավելի լավ կլինի, եթե մենք մեծ թվով ներկայացված լինենք, որովհետև նոր սկիզբ է իրոք լինելու, և այս խորհրդարանը իսկական իշխանություն կրող մարմին է լինելու: Մեր ներկայությունն ինչքան մեծ լինի Ազգային ժողովում, այնքան ավելի լավ ու շահեկան կլինի մեր երկրի համար:
-Ի՞նչ կոչ կանեք ընտրողին, ընտրողը հանուն ինչի՞ պետք է ընտրի:
-Հանուն իրենց երեխաների ապագայի: Դաշնակցությունը ինչքան հաջողի մեր երկրում, այնքան ավելի լավ հայրենիք ենք կերտելու վաղը մեր երեխաների համար, և մեր երեխաներն ավելի քիչ անելիք են ունենալու:
Զրուցեց Ամալյա Առաքելյանը