կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-31 14:07
Քաղաքական

Հնարավորություն ստեղծվեց նոր շնչով շարունակելու սկսած ծրագրերը. Աշոտ Սիմոնյան

Հնարավորություն ստեղծվեց նոր շնչով շարունակելու սկսած ծրագրերը. Աշոտ Սիմոնյան

Ապրիլի 26-ին հրաժարական ներկայացրած` Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը դարձյալ կնշանակվի նույն պաշտոնում: Սիմոնյանի ու ևս վեց մարզպետի նշանակման հարցը կառավարության վաղվա նիստի օրակարգում է:

ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանը Արագածոտնի մարզպետի պաշտոնում էր նշանակվել 2017թ. հուլիսի 23-ին, սակայն 2018թ. ապրիլին  երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հետևանքով վայր էր դրել իր լիազորությունները:

Աշոտ Սիմոնյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ հրաժարականից հետո չի դադարեցրել կապը մարզի հետ, շարունակել է հետևել մարզում ծրագրերի իրականացմանը: Նա նշեց, որ պատրաստ է աշխատել նոր կառավարությունում և անել հնարավորը` մարզի հետագա զարգացումն ապահովելու համար:

«Մարզում իրականացվող բարեփոխումների հիմքերը դրված են, իսկ այս փոփոխությունները հնարավորություն կտան նոր շնչով շարունակելու այն ծրագրերը, որոնք մեզ համար ուղենշային են և կիսատ են մնացել»,- ասաց նա:

Ըստ Աշոտ Սիմոնյանի` գյուղական համայնքների և մարզերի համաչափ զարգացման գործում հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել հատկապես խոցելի խմբերին, խոցելի համայնքներին ու դրանց վերաբերող առաջնային խնդիրների լուծմանը: «Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք ժամանակ առ ժամանակ արծարծել ենք, սակայն բյուջետային միջոցների սղության պատճառով դրանց առաջնահերթություն չենք տվել»,- ասաց նա:

Սիմոնյանի խոսքով` մարզում զբաղվածության խնդիրը լուծելու համար կարևոր նշանակություն ունի Թալինի ադամանդի վերամշակման գործարանի վերագործարկումը: «Այդ գործարանն ամբողջությամբ պահպանված է, սարքավորումները տեղում են: Այստեղ ադամանդի հումքը Հայաստան բերելու խնդիր կա: Գործարանի վերագործարկման հարցով այս ընթացքում զրուցել եմ տնտեսական զարգազման և ներդրումների նախարարի հետ, ով խնդրին քաջածանոթ է»,- նշեց Սիմոնյանը` հավելելով, որ ծրագրի իրականացման արդյունքում Թալինում 300 աշխատատեղ կապահովվի:

Նա հույս հայտնեց, որ նոր փոփոխություններից հետո մարզում կավելանա օտարերկրա ներդրումների թիվը, ընդ որում` օտարերկրյա ներդրողների կողմից հետաքրքրություններ կան հատկապես տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկի` գյուղատնտեսության նկատմամբ: «Այս ոլորտում բավականին մեծ հետաքրքրություններ կան Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրողների կողմից, մասնավորապես` այգիների, ջերմոցային տնտեսությունների ոլորտում: Միայն մեկ ծրագրի մասով մոտ 5 մլն դոլարի օտարերկրյա ներդրում է եղել, ինչը բավականին լավ ցուցանիշ է»,- ասաց Սիմոնյանը` հույս հայտնելով, որ երկրում տեղի ունեցած փոփոխությունները նոր խթան կհանդիսանան այս ոլորտում դեռևս տարեսկզբից նախանշված ծրագրերն իրականացնելու համար: