|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի յուրատեսակ հայտարարություններին: Հիշեցնենք, որ պատգամավորը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հանրապետական լինելը իրեն կխանգարի վարկանիշային ցուցակով պայքարում: Նա նաև ասել էր, որ կարող են ձայն չտալ Հանրապետական կուսակցությանը: Նշենք նաև, որ Վահրամ Բաղդասարյանն ու Կարեն Կարապետյանը մրցակցում են նույն ընտրատարածքում:
Լրագրողները հարցրեցին Բաղդասարյանին` իսկ նրան խանգարո՞ւմ է հանրապետական լինելը: «Նախ` Կարեն Կարապետյանը ինձ մրցակից չէ, մենք մի նպատակի համար են պայքարում, մեր պայքարը թիմային է: Եվ ես որևէ խանգարող հանգամանք չեմ տեսնում, որ Հանրապետական կուսակցության անդամ եմ: Եվ նրա հաջորդ միտքը այն էր, որ ոչ մեկին չեն ստիպում, որ Հանրապետականին ընտրեն. եթե չեն ուզում, թող չընտրեն»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպես կհակադարձի ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի այն հայտարարությանը, թե «Հանրապետականը ուզում է նորից գա իշխանության, որ ի՞նչ անի», Բաղդասարյանը պատասխանեց. «Գալիս ենք որ նրա երեխայի ապագան կարգավորենք, որ դատարկ խոստումներ չտանք: Մենք ներկայացնում ենք կայունացման բյուջե: Պարզ է, որ ժողովուրդը չի հավատում այն քաղաքական ուժերին, ովքեր հայտարարում են, թե մեկ ամսում, մեկ տարում կբարձրացնեն թոշակներն ու աշխատավարձերը, պարզ է, որ դրանք նախընտրական հնարքներ են: Նրանք եղել են իշխանության մեջ, բայց ոչինչ չեն արել: Իսկ մենք գիտենք, որ վերմակներս մետ ոտքի գյորա պիտի մեկնենք: Մենք չենք առաջնորդվում դատարկ խոստումներով»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կարգախոսի մի բաղադրիչին` անվտանգությանը, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ հիմա գերագույն նպատակն անվտանգությունն է, որից էլ կբխի խաղաղությունը:
Խոսելով ՀԱԿ-ի «բարիդրացիություն» կարգախոսի մասին, ըստ որի` պետք է բարիդրացիություն հաստատել ադրբեջանական ժողովրդի հետ, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ադրբեջանցի ժողովրդի հետ խնդիր չունեն, խնդիրը Ադրբեջանի իշխանության հետ է, և եթե ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապա Հայաստանը պատրաստ է հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի ժողովրդի հետ: