Միասին կարող ենք
կարևոր
340 դիտում, 55 րոպե առաջ - 2026-05-08 20:03
Քաղաքական

«էստեղ ապագան կառուցողներն են, Հայաստանի ապագան որոշվում է Հայաստանում․ միասին կարո՛ղ ենք»․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, ելույթ ունենալով Էջմիածնում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին, ասաց․ «Այսօր մայիսի 8-ն է։ Ուղիղ ութ տարի առաջ այս օրը մեզ խոստացան դրախտային երկիր, բայց բացվեցին դժոխքի դարպասները։ Ես արդեն չեմ ուզում հերթով թվարկել այն արարքները, որոնք տեղի են ունեցել այս 8 տարիներին։ Բայց մի պարզ հարց ունեմ ձեզ։ Դուք համաձա՞յն եք, որ Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը։

Դուք համաձա՞յն եք, որ մենք ծպտուն պիտի չհանենք, երբ մեր եկեղեցիները քանդվում են։ Դուք համաձա՞յն եք, որ մանկապիղծները Հայաստանում պետք է չկալանավորվեն, փոխարենը կալանավորում են սրբազանների։ Մենք նույնպես համաձայն չենք, հաշտ չենք ու եկել ենք հենց դա փոխելու։

Այս իշխանությունը ձեզ էլ ասելու բան չունի։ Դրա համար էլ ձեզ հետ խոսում է վախերի լեզվով։

Նրանք ձեզ ասում են՝ եթե մենք գանք, կվերադառնա անցյալը։ Բայց մենք այս ընտրություններին չենք մասնակցում, որպեսզի անցյալը հետ բերենք, մենք ձեզնից քվե չենք խնդրում, որպեսզի ետ գնանք, էստեղ ապագան կառուցողներն են, էստեղ մարդիկ են, ովքեր եկել են ձեզ վերադարձնելու ձեզնից գողացվածը, ձեր արժանապատվությունը, ձեր հպարտությունը, ձեր թասիբը, ձեր հայրենիքը։ Մեզ մեղադրում են, որ եթե գանք, պատերազնմ ենք բերելու։ Բայց նրանք մոռանում են, որ մենք խաղաղություն բերողներն ենք, մենք ինքնիշխանության պաշտպաններն ենք, որովհետև մենք ամենալավը գիտենք դրա գինը»,-հայտարարեց Քրիստինե Վարդանյանը։

Հիշեցնենք, որ այսօրվանից մեկնարկել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 19 քաղաքական ուժի։ Նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ին կլինի լռության օր, իսկ արդեն հունիսի 7-ին կկայանան ընտրությունները։