կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-09 16:32
Քաղաքական

Բարի երթ ենք ցանկանում, քայլելն առողջություն է. Վահրամ Բաղդասարյանը` ընդդիմությանը

Բարի երթ ենք ցանկանում, քայլելն առողջություն է. Վահրամ Բաղդասարյանը` ընդդիմությանը

Օրը պատմական էր, որովհետև առաջին անգամ խորհրդարանական պետության շրջանակներում ընտրում ենք առաջին նախագահին. նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողությունից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին` ի՞նչ ակնկալիքներ ունենալ Արմեն Սարգսյանից, մանավանդ` նրա լիազորությունները սահմանափակվել են, նա պատասխանեց. «Ոչ թե նրա լիազորություններն են սահմանափակվել, այլ դրանք Սահմանադրությամբ սահմանված պառլամենտական երկրի նախագահի լիազորություններ են: Այդ լիազորությունների շրջանակներում, որ վերապահված է նորընտիր նախագահին, նա փայլուն կկատարի իր գործը, որովհետև ունի լավ ապագայի համար տրամադրող անցյալ, դիվանագիտական փորձ, ապաքաղաքական անձնավորություն է: Նա կլինի մեր երկրի, ժողովրդի նախագահն իր սահմանադրական լիազորությունների շրջանակում»:

Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք վարչապետի թեկնածության շուրջ որոշում կա, Բաղդասարյանը հորդորեց սպասել.  «Համբերեք, բավականին երկար համբերել եք, մի քանի օր էլ համբերեք, մի քանի օր է մնացել մեր քննարկմանը, կհայտարարենք»:

Դիտարկմանը` ՀՀԿ-ն դեռ անուն չի ասել, բայց ընդդիմադիրները պայքար են սկսել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, Բաղդասարյանն արձագանքեց. «Նրանց բարի երթ ենք ցանկանում, քայլելն առողջություն է»:

Նա հավաստիացրեց, որ շարժվելու ենք օրենքի սահմանած նորմերով: «Իրենք ինչ կանեն` ցույցեր, երթեր, եթե կհամապատասխանի օրենքի կետերին, մենք կողջունենք դա, որովհետև ժողովրդավար երկիր ենք, և յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կամքի արտահայտման ձևն ինքն է ընտրում, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ճանապարհային քարտեզն ինքն է ընտրում»,- ասաց ՀՀԿ-ականը:

Հարցին` ինչպե՞ս է վերաբերում «Մերժի'ր Սերժին» շարժմանը, Բաղդասարյանը պատասխանեց. «Ծանոթ չեմ այդպիսի շարժմանը: Նման շարժումներն այնքան շատ են, որ չեմ հասցնում ծանոթանալ»:

Նա նաև ասաց, որ անհանգստացած չէ ընդդիմադիրների պայքարից:  «Որևէ անհանգստություն զգո՞ւմ եք: Մենք շատ հանգիստ ենք, որովհետև շարժվում ենք կանոնադրությամբ և Սահմանադրությամբ: Անհանգիստ են այն քաղաքական ուժերը, որոնք խախտումներով են ցանկանում առաջ գնալ»,- եզրափակեց Բաղդասարյանը: