կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-23 17:05
Հասարակություն

Կրթությունը չի կարող լինել որակյալ առանց սովորեցնող գնահատման

Կրթությունը չի կարող լինել որակյալ առանց սովորեցնող գնահատման

Գնահատումը պետք է լինի սովորեցնող. այսպիսին է «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով աշխատաժողովի առաջնային ուղերձը:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ  կրթության որակի շաբաթվա շրջանակներում այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց գնահատման համակարգի բարելավմանը նվիրված երկօրյա համաժողովը:

Միջոցառումը մեկնարկեց անակնկալով. ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Շվեյցարիայի հավատարմագրման և որակի ապահովման գործակալության նախագահ, Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA)  խորհրդի անդամ Քրիստոֆ Գրոլիմունդը հայտարարեց, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը դարձել է ENQA լիիրավ անդամ: Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որ անդամակցում է ENQA-ին:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհավորելով ՈԱԱԿ-ին և կրթական համակարգի ներկայացուցիչներին ENQA անդամակցության առթիվ, նշեց. «Փոքր երկրները կարող են իրենց կրթությունը զարգացնել միմիայն մեծ քաղաքակրթական դաշտում: Եվ անդամակցությունը եվրոպական կառույցին  նաև վստահության քվե է այն գործընթացներին, որ այսօր տեղի են ունենում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում»:

Նախարարը կարևորեց նաև առաջիկայում սպասվող ծրագրային հավատարմագրումը՝ նշելով. «Չի կարող լինել ինստիտուցիոնալ հավատարմագրում առանց ծրագրային հավատարմագրման: Այն շատ կարևոր է և ուղղակիորեն առնչվում է որակին»:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, խոսելով ENQA-ին անդամակցության մասին, նշեց, թե անդամակցությունը նաև նշանակում է, որ  Հայաստանում  կարելի է դնել այդպիսի հավակնոտ նպատակներ և հասնել դրան:

Անդրադառնալով կոնֆերանսի թեմայի ընտրությանը՝ պարոն Թոփչյանը նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել՝  ուսանողը վճարում է, որ իրեն գնահատեն և դրա արդյունքում ինքը սովորի: «Կոնֆերանսի նպատակներից է ամրապնդել սովորեցնող գնահատման մշակույթը մեր կրթական համակարգում»,- ասում է նա:

Պարոն Թոփչյանի խոսքով՝ շահակիցների քննարկումները կօգնեն բուհերին նախապատրաստվել նաև առաջիկա կլաստերային  աուդիտին. «Դա ամենածանր չափանիշներից է, ըստ որի բուհը պետք է հավաստի, որ իր գնահատումը սովորեցնող է»:

ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորեց համաժողովը սպասվող կրթական բարեփոխումների համատեքստում: Նրա խոսքով՝ հայաստանյան կրթական համակարգի հետագա զարգացման տեսանկյունից կարևոր  է մի շարք բարեփոխումների իրականացումը, օրինակ՝  բուհերի դասախոսական կազմում պետք է ընդգրկված լինեն թե հետազոտող մասնագետներ, թե գործատուներ, պետք է ներդրվի  դասավանդման և ուսումնառության որակի հարցումային համակարգ, ինչպես  նաև  գրագողության հանդեպ անհանդուրժող քաղաքականություն է պետք որդեգրել: Պարոն Ավետիքյանը  կարևորեց նաև  ֆակուլտետների ինքնավարության բարձրացումը, արտերկրում սովորած տաղանդավոր մասնագետների  ներգրավումը հայաստանյան բուհական համակարգում:

ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի անդամ Սամվել Շուքուրյանը ևս կարևորեց օտարերկրյա մասնագետների ներգրավումը: Հիշեցնելով առաջիկայում սպասվող կլաստերային աուդիտի մասին՝ Շուքուրյանը նշեց, որ հայաստանյան բուհական համակարգում որակյալ պրոֆեսորադասախոսական կազմի պակաս կա:  «Լուծման ճանապարհը հեռահար միջոցներն օգտագործելով արտերկրի մասնագետների հետ կապվելն է: Սխալ է սահմանափակվել միայն տեղում եղած մասնագետներով»,- ասաց նա:

Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին նաև ՀԱՀ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվան:

Օրվա ընթացքում  մասնակիցները քննարկեցին, թե ինչպիսի գնահատում է ակնկալում բուհից ուսանողը,  գործատուն և դասախոսը:  Գործատուները կարևորեցին, որ ուսանողներն իրենց մոտ գան որոշակի գործնական հմտություններով, իսկ որպես դրա ապահովման միջոց առաջարկեցին, որ իրենք էլ ներգրավվեն ուսանողի գնահատման գործընթացում:

Քննարկման մասնակից միջազգային փորձագետները  նշեցին, որ իրենց մոտ էլ խզում կա բուհի և գործատուի միջև: Այդ երկու օղակները կապելու, գործատուին կրթական գործընթացում ներգրավելու  համար եվրոպական երկրներում հատուկ կառույցներ են ստեղծված:  Գործատուներին կրթական գործընթացներում ներգրավելու տարբերակ է նաև նրանց  պարբերաբար բուհ հրավիրելը՝ վարպետության դասեր անցկացնելու համար:

«Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով համաժողովի շրջանակներում վաղը կներկայացվի կլաստերային աուդիտի  նպատակը, չափանիշները, ոլորտները: Կհաջորդեն ոլորտային աշխատաժողովներ նվիրված կլաստերային աուդիտի չափանիշների քննարկմանը:

Կներկայացվեն նաև որակի ապահովման ոլորտի միջազգային փորձը Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի օրինակով:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը փետրվարի 20-24-ը հայտարարել է  կրթության որակի ապահովման շաբաթ: Միջոցառման շրջանակներում փետրվարի 20-ին քննարկվել են ուսանողներին, փետրվարի 21-ին՝ երիտասարդ դասախոսներին հուզող խնդիրները, փետրվարի 22-ին անդրադարձ է կատարվել  մասնագիտության կրթական ծրագրերի և Որակավորումների ազգային շրջանակի համահունչությանը: 

ՈԱԱԿ