Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քննարկումը ցույց է տալիս, որ բոլոր կողմերի հետ չէ, որ դուք քննարկել եք, խոշոր կոլեկտիվների հետ չեք քննարկել, քննարկել եք մի մասի հետ, և խնդիր է առաջանում՝ ում շահերն է սա առաջ տանում. խորհրդարանում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նշենք, որ նրա ելույթից առաջ էլ ամբիոնից խոսել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը և հավաստիացրել, թե հանդիպել են հարցի հետ առնչություն ունեցող բոլոր կողմերի հետ: Ըստ նրա` ցեմենտի հումք կլինկերի վրա էլ պետք է տուրք դրվի:
Նախագծի մասին ելույթ ունեցավ նաև ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նա կարևորեց նախագծի քննարկումը, քանի որ «սա այնպիսի օրենք է, որը վերջնական ազդեցություն է ունենալու քաղաքացիների կյանքի որակի վրա, շինարարության վրա, որը նշանակում է ՀՆԱ-ի աճ և այլն»։
Թանդիլյանի համոզմամբ` պետք է զերծ մնալ քաղաքական տարատեսակ զգացմունքային տեքստերից և շահերից, որոնք այսօր բախվում են դահլիճում: «Պետք է այնպիսի մոդել մտածել, որը հետագայում ևս լուծումներ պարունակի, քանի որ տարբեր ձևաչափերով նման խնդիրներից արտադրողին պաշտպանելու խնդրի ենք առնչվելու: Օրենսդրական այս փոփոխություններով հստակ չէ, թե բյուջեում էական ինչ ավելացումներ են լինելու: Խոսում ենք տեղական արտադրողի և հիմնական արտադրողի մասին և լռում այն մասին, որ այդ հիմնական արտադրողը 75% բաժնեմասով օֆշորային լյուքսենբուրգյան ընկերություն է: Ուզում եմ մեզ տեղեկացնեք՝ ով է վերջնական փայատերը և որքանով է տեղական համարվում: Ներկայացրեք ԱԺ, և քննարկենք շահերի բախումն ու հասկանանք՝ ով է համարվում տեղական արտադրող»,- հայտարարեց պատգամավորը։
Նա ընդգծեց` չեն կարող հակասություններով լի, ոչ որակյալ առաջարկն ընդունել, հետևաբար` առաջարկը պետք է դիտարկել, ընթացիկ իրավիճակը պահպանել, ուսումնասիրություն անել` հասկանալու համար, թե գնագոյացումն ինչ միջոցով է արվում:
«Պարտավոր ենք ունենալ մրցակցային տնտեսություն, տեղականը պետք է լինի մրցակցային, սա այլընտրանք չունի, ուստի պետք է արտոնության տեսքով հետաձգել այս որոշումը, որպեսի փակման վտանգի շանտաժի կոնտեքստից էլ դուրս գանք»,- ամփոփեց պատգամավորը: