կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-20 20:13
Քաղաքական

Մեր թիմի անդամները չվարկաբեկված, մաքուր կերպարներ են. Գնել Սարգսյան

Մեր թիմի անդամները չվարկաբեկված, մաքուր կերպարներ են. Գնել Սարգսյան

ՀՅԴ ռեյտինգային ցուցակով Արարատի մարզում առաջադրվողներից է Գնել Սարգսյանը:

Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ կառույցն է առաջարկություն արել, ինքն էլ համաձայնել է:

Գնելը նշեց, որ թեև իրենց մարզում «լուրջ մարդիկ» են մասնակցում ընտրություններին /Ալիկ Սարգսյան, Արգամ Աբրահամյան և այլք/, և իրենց մոտ ընտրակաշառքը միշտ զբաղեցնում է իր ուրույն տեղը, ՀՅԴ-ն այդ դաշտում չի պայքարելու: «Տանելու ենք նորմալ քաղաքական պայքար, գաղափարի դաշտում ենք պայքարելու: Դաշնակցության մոտեցումները, Դաշնակցության ծրագրերն ենք ներկայացնելու բակային հանդիպումների, նաև տուն առ տուն հանդիպումների ժամանակ: Ունենք կայուն ընտրազանգված, հավատարիմ թիմ, որոնց միջոցով այդ գործընթացները փորձելու ենք կազմակերպել»,- ասաց նա:

Գնելի խոսքով` իրենց մարզի ռեյտինգային ցուցակը  14 հոգանոց լավ թիմ է: «Այդ թիմում բոլորն էլ դրական կերպարներ են, այդ թիմով ենք դուրս գալու պայքարի: Հաշվի առնելով մեր թիմի կերպարները, ՀՅԴ գաղափարախոսությունը` փորձելու ենք հաջողության հասնել, որովհետև այն դաշտում, որում պայքարում են մյուս կուսակցությունները, հաստատ ՀՅԴ-ն անելիք չունի»,- ասաց նա, ապա հավելեց. «Մեր թիմի 14 անդամներն էլ չվարկաբեկված, մաքուր կերպարներ են, սա է լինելու մեր հաղթաթուղթը»:

Իսկ թե որքանո՞վ կհաջողեն, Գնելի խոսքով, կորոշի Ժողովուրդը: Նա նշեց, որ ամեն դեպքում դա է լինելու իրենց պայքարի էությունը:

Մեր դիտարկմանը` խնդիրը կերպարները չեն, սա կուսակցությունների պայքար է, իսկ ՀՅԴ-ն կոալիցիոն հուշագիր է ստորագրել, և գուցե ժողովրդի համար էական տարբերություն չլինի ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի մեջ, Գնելն արձագանքեց. «Կոալիցիոն հուշագրի պահով ժողովրդի մոտ կա բավականին դրական տեսակետ, ինչը պայմանավորված է դաշնակցական նախարարների աշխատանքով: Մեր երեք նախարարների աշխատանքներն էլ մարդիկ տեսնում են, հասկանում, որ դրական տեղաշարժ կա թե' կրթության, թե' տարածքային կառավարման և թե' բնապահպանության ոլորտներում: Մեր նախարարներն իրենց աշխատանքով տարբերվում են մյուսներից, ինչի արդյունքում էլ արդեն դրական արձագանքներ կան»:

Ըստ նրա` առաջին արձագանքը եղել է բացասական, երբ ասում էին` կոալիցիոն համագործակցության հուշագիր եք ստորագրել, բայց հետո բացասական էֆեկտը ՀՅԴ պաշտոնյաների աշխատանքի շնորհիվ քիչ-քիչ փոխվեց դեպի դրականը:

Գնելը նաև համոզմունք հայտնեց, որ եթե հետագայում էլ համագործակցությունը շարունակվի, Դաշնակցությունը այդտեղ էլ է իր ուրույն ոճով ներկայանալու:

Մեր հարցին` այսինքն` ձայների կորուստ չի՞ ունենա ՀՅԴ-ն, նա պատասխանեց. «Մենք միշտ ունենք մեր կայուն ընտրազանգվածը, իսկ հիմա դրան գումարվել է այն դրական արձագանքը, որ ձևավորել են մեր նախարարները և տարբեր գերատեսչություններ ղեկավարած մեր պաշտոնյաները: Մենք հիմա բնակչությունից միշտ դրական արձագանքներ ենք ստանում»:

Դիտարկմանը` իրենց հույսը հենց այդ կայուն ընտրազանգվածն է, Գնելը պատասխանեց. «Ոչ, բնակչությանը բացատրում, հասկացնում ենք այս նոր խորհրդարանական համակարգի անցումը: Դրա առավելությունները մարդիկ իրենք էլ են հասկանում, հասկանում են, որ Դաշնակցության ջանքերի, տարիների տքնաջան աշխատանքի շնորհիվ ենք հասել այս գործընթացին»:

Գնելն ընդգծեց, որ ճիշտ քարոզչության պարագայում, եթե բնակչությանը հստակ տեղ հասցնեն իրենց գաղափարները, մոտեցումները, իրենց ձայները հաստատ կավելանան, որովհետև, ըստ նրա, դրական արձագանքը բնակչության կողմից արդեն կա:

Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք Արարատի մարզում նկատվում են ընտրակաշառքի բաժանման դեպքեր, ապա նա նշեց, որ բնակիչների կողմից կան ահազանգեր, որ բոլոր կուսակցությունները մարդկանց արդեն իսկ ընտրակաշառքի առաջարկներ են անում: «Ուղղակի կոնկրետ փաստեր չկան, մարդիկ չեն էլ մատնանշում, թե ով է առաջարկել, բայց, ընդհանուր առմամբ, այդ ահազանգերն ու խոսակցությունները կան»,- հայտնեց նա: