կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-21 18:22
Հասարակություն

Մաքուր Հայաստանի ճանապարհին մենք արժանապատվության խնդիր պետք է դնենք մեր առջև.Դ․Լոքյան

Մաքուր Հայաստանի ճանապարհին մենք արժանապատվության խնդիր պետք է դնենք մեր առջև.Դ․Լոքյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը համապետական երրորդ շաբաթօրյակի շրջանակներում այցելել է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզեր: Նախարարը Արտաշատ քաղաքում մասնակցել է ծառատունկին, այցելել Դվինի հնավայր պատմամշակութային տարածք, որտեղ կատարվել են մաքրման աշխատանքներ: Այնուհետև Արամավիրի մարզի Փարաքար համայնքում մարզպետ Աշոտ Ղարհամանյանի ուղեկցությամբ  նախարարը հետևել է մարզում տարվող աշխատանքներին: Այստեղ նրանց է միացել նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և միասին տեղում քննարկել են ոռոգման ջրատարների մաքրության հարցը:  

Շրջայցի ընթացքում նախարարը զրուցել է շաբաթօրյակի մասնակիցների հետ, շնորհակալություն հայտնել   նրանց  «Մաքուր Հայաստան»-ի գաղափարի տարածման հարցում իրենց ակտիվ մասնակցության և արժանապատիվ աշխատանքի համար: «Մեծ է այս հարցում նաև հանրապետական գործադիր մարմինների, մասնավորապես Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների դերը` շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու գործում: ՀՀ մարզերի բոլոր համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, կրթական, առողջապահական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներն ու կազմակերպությունները նախարարությունում ձևավորված «Մաքուր Հայաստան»  միջգերատեսչական հանձնաժողովի  հետ միասին  համակարգված աշխատանքով իսկապես կարողացան լավ արդյունք գրանցել»,-ասել է նախարարը:

Շրջայցից հետո նախարար Դավիթ Լոքյանը  լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ շաբաթօրյակի շրջանակներում մեծածավալ աշխատանքներ են կատարվել. ՀՀ պաշտպանության նախարարությունը «Եռաբլուրում» ծառատունկ է իրականացրել  կաթիլային ոռոգման համակարգով, համայնքների հետ միասին «Հայանտառը» իր ենթակայության տակ գտնվող տարածքներում է աշխատել, ակտիվ մասնակցել են բազմաթիվ  նախարարությունների ներկայացուցիչներ:

«Մաքրման աշխատանքներ մշտապես են իրականացվում, բայց  թիվ մեկ իրականացնողները դրանք մեր համայնքների ղեկավարներն են՝ մարզպետների գլխավորությամբ:  Մի փոքր ֆինանսական  օժանդակություն ենք նախատեսել մեր համայնքներին` խնդրահարույց աղբանոցները կոնսերվացնելու նպատակով: Այսօր 10 աղբավայր փակվել է  Կոտայքի մարզում, շուրջ 7-ը փակվել է Գեղարքունիքի մարզում: Խնդիրը լուծելու նպատակով Կառավարությունն այսօր փորձում է աղբավերամշակման գործարան կառուցել Երևանի մերձակայքում, որտեղ կարող է տեղափոխվել հանրապետության աղբի  2/3-րդը, շուրջ հազար և ավելի տոննա օրական, որը նաև էլէկտրաէներգիա կարտադրի: Մենք ունենք  արդեն 3-4 գործընկեր ԱՄՆ–ից, Չեխիայից , Լիբանանից , որոնց հետ ակտիվ քննարկում ենք այս հարցերը»,-ասել է նախարարը:

 Նա հիշեցրել է, որ  << Վարչական իրավախախտումների մասին>> ՀՀ  օրենքում  նախատեսվող փոփոխությունների արդյունքում 2018 թվականի հունվարի 1-ից  վարչական պատասխանատվության կոշտ միջոցներ կկիրառվեն չսահմանված վայրում աղբ թափելու և շրջակա միջավայրը աղտոտելու համար՝ սկսած 16000-ից մինչև 5 մլն դրամ: Դավիթ Լոքյանը <<Մաքուր Հայաստան>> ծրագիրը լիարժեք իրականացնելու գործում հատուկ ընդգծել է քարոզչական և դաստիարակչական բաղադրիչը և կարևորել հենց լրատվամիջոցների դերակատարությունը: <<Շատ ցավալի է, որ մի ժողովուրդ, ով ունի այդչափ հարուստ քաղաքակրթական պատմություն շատ հեշտությամբ շիշը նետում է ճանապարհին, ինչի ականատես ենք լինում ամեն օր: Մեր  քաղաքացիները դեռևս չեն ձևավորել իրենց մտածելակերպը մաքուր բնություն ունենալու, մաքուր միջավայրում ապրելու խնդիրներում:  Ես կարծում եմ, որ մենք աստիճանաբար անցնելու ենք մի վիճակի, երբ այլևս չենք էլ հայտարարելու, որ համապետական շաբաթօրյակ ենք կազմակերպում, և տեղերում համայնքները, բնակիչները ավտոմատ իրենք են սկսելու այս պրոցեսը: <<Մաքուր Հայաստան>>-ի ճանապարհին մենք արժանապատվության խնդիր պետք է դնենք մեր առջև>>,- ասել է նախարար Լոքյանը:

 

Հասարակայնության հետ կապերի բաժին