Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ չեն սահմանափակել կամ նվազեցրել Կարեն Կարապետյանի լիազորությունները: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանը չի ունեցել այն լիազորությունները, որոնք ունենալու է նոր վարչապետը ապրիլի 17-ից։ Մանրամասնեմ՝ նա չի ունեցել արտաքին գործերը, ուժային կառույցները, անվտանգության խորհուրդը ղեկավարելու իրավունք։ Բոլոր այն հեքիաթները, թե մենք Կարեն Կարապետյանին «քցում ենք» կամ Կարեն Կարապետյանի լիազորությունները սահմանափակում ենք, ուտոպիայի ժանրից են»,- հայտարարեց Շարմազանովը:
Նրա խոսքով` Կարեն Կարապետյանը շարունակելու է իր դերակատարումն ունենալ կառավարման համակարգում, պարզապես կառավարման համակարգի առաջամարտիկը լինելու է իշխող քաղաքական ուժի ղեկավար Սերժ Սարգսյանը, ինչպես ընդունված է բոլոր ժողովրդավարական պառլամենտական երկրներում: «Որևէ պառլամենտական երկրում, որտեղ այս կամ այն կուսակցությունը գալիս է իշխանության, վարչապետի թեկնածու լինում է այն անձը, ով տվյալ կուսակցության լիդերն է»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։
Դիտարկմանը`Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք հնարավոր եղավ տնտեսական աճի բարձր ցուցանիշ գրանցել, Շարմազանովը հակադարձեց. «Չնսեմացնելով Կարեն Կարապետյանի դերն ու նշանակությունը կառավարման համակարգում՝ այնուհանդերձ, պետք է ասեմ, որ միայն մեկ անձով պայմանավորել հաջողություններն արդար չէ։ Կարեն Կարապետյանը մեր թիմի առանցքային ներկայացուցիչներից մեկն է, բայց մեր թիմն ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյանը»։
Հարցին էլ` ի՞նչ կլինի, եթե Սերժ Սարգսյանը չհամաձայնի լինել վարչապետ, Շարմազանովն արձագանքեց, որ երբ ասում են` անփոխարինելի է, նշանակում է, որ խոսքն այն մարդկանց մասին է, առանց որոնց երկիրը շատ բան կկորցնի: «Առկա գործող քաղաքականության մեջ ավելի պատրաստված, ավելի փորձառու, ավելի հմուտ գործիչ, քան Սերժ Սարգսյանն է, այս պահին ես չեմ ճանաչում»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին` ինչո՞ւ է իր աշխատասենյակում փակցրած Սերժ Սարգսյանի լուսանկարը, Շարմազանովն ասաց. «Սերժ Սարգսյանը ՀՀ երրորդ նախագահն է և իմ քաղաքական առաջնորդը, և ես որևէ կաշկանդվածություն չունեմ, թե ում նկարը կախեմ: Այնտեղ էլ Հռոմի պապի և Վեհափառ հայրապետի նկարն է, այնտեղ էլ՝ Աշոտ Նավասարդյանի»:
Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի նկարը փակցնելուն, նա նշեց, որ կփակցնի, եթե օրենքը պարտադրի: