կարևոր
451 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-10-24 09:17
Քաղաքական

Ինչո՞ւ Արման Թաթոյանին եւ Լարիսա Ալավերդյանին ՄԻՊ հաստատության 20-ամյակին չեն հրավիրել. որտե՞ղ էր Կարեն Անդրեասյանը. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ Արման Թաթոյանին եւ Լարիսա Ալավերդյանին ՄԻՊ հաստատության 20-ամյակին չեն հրավիրել. որտե՞ղ էր Կարեն Անդրեասյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին նշվեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակը՝ կազմակերպելով «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն եւ մարտահրավերներ» խորագրով երկօրյա, բարձր մակարդակի միջազգային համաժողովը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պետական այլ այրեր, մի շարք դեսպաններ ու այլ անձինք: Հետաքրքիրն այն է, որ միջոցառմանը ներկա չեն գտնվել նախկին պաշտպաններ Կարեն Անդրեասյանը, Արման Թաթոյանը եւ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

Ավելի վաղ անդրադարձել էինք այս թեմային, եւ պարզվել էր, որ Լարիսա Ալավերդյանին եւ Արման Թաթոյանին հրավեր չի եղել, սակայն առաջիկայում Պաշտպանի հաստատության 20-ամյակին նվիրված այլ միջոցառումներ են լինելու, այդ թվում` նախատեսված ինչպես ներկայիս աշխատակազմի, այնպես էլ նախկին աշխատակիցների եւ տարբեր ժամանակահատվածների Պաշտպանների համար: Իսկ ինչու ներկա չէր Կարեն Անդրեասյանը, ով նույնպես եղել է օմբուդսմեն եւ այժմ ԲԴԽ նախագահ է:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ՀՀ ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանի հետ՝ պարզելու՝ արդյոք միջոցառմանը հրավիրված եղել է Կարեն Անդրեասյանը, թե ոչ: Ի պատասխան՝ Արթուր Ասլանյանն ասաց. «Մենք բոլոր պետական պաշտոնյաներին հրավեր ուղարկել ենք, իսկ թե ինչու չի եկել, Բարձրագույն դատական խորհրդից ճշտեք, չենք կարող ասել։ Մյուս միջոցառմանը դեռ հրավիրվածներ չկան, այսինքն՝ դեռ չենք ուղարկել հրավերներ։ Միջոցառումները մշակման փուլում են»:

Դիմեցինք նաեւ Բարձրագույն դատական խորհուրդ՝ հասկանալու համար՝ ինչո՞ւ Կարեն Անդրեասյանը չի մասնակցել միջոցառմանը՝ հրավեր ունենալով հանդերձ, ինչին ի պատասխան՝ ասացին.

«Պարոն Անդրեասյանը, այլ զբաղվածությամբ պայմանավորված, նպատակահարմար չի գտել մասնակցել միջոցառմանը»։

Այսինքն՝ Կարեն Անդրեասյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ հանդիպելու ժամանակ ու նպատակահարմարություն չի ունեցել:

Այս փաստը հետաքրքիր է հատկապես ՔՊ-ի կողմից արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի անակնկալ ու անարդար պաշտոնազրկումից հետո: Ինչպես հայտնի է՝ Մինասյանն ու Անդրեասյանը մտերիմ ընկերներ են»: