կարևոր
766 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-10-23 19:21
Քաղաքական

ԵՄ գործադիր իշխանության դիրքորոշման փոփոխությունն Ադրբեջանի համար կարող է ցավոտ լինել․ Գևորգ Ղուկասյան

ԵՄ գործադիր իշխանության դիրքորոշման փոփոխությունն Ադրբեջանի համար կարող է ցավոտ լինել․ Գևորգ Ղուկասյան

Եվրոպական Միության օրենսդիր մարմնում՝ Եվրոպական խորհրդարանում երեկ ավարտվեց «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների մասին» բանաձևի շուրջ քննարկումը։ Ելույթ ունեցող շուրջ 30 պատգամավորները  հիմնականում քննադատում էին Ադրբեջանին, նույնիսկ կոչ անում՝ բոյկոտել Բաքվում կայանալիք COP29-ը։ Թե՝ որքանով էր սպասելի, Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ։

«Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի հասցեին կոշտ քննադատութունը սպասելի էր, նման նախադեպեր վերջին տարիների ընթացքում շատ են եղել։ COP 29-ին ընդառաջ երեկվա քննարկումը Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստերի ժամանակ բավական ուշագրավ էր, որովհետև շատ կարճ ժամանակամիջոցում բարձրացվեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորների կողմից հարցերի էն ամբողջ ներկապնակը, որը վերաբերվում էր հայությանը, ՀՀ անվտանգությանը, Արցախին, Արցախահայությանը և այլն։ Այս առումով սպասելի էր։

Հատկանշական է նաև Ադրբեջանի նկատմամբ միջազգային ընկալման փոփոխությունը դեպի բացասականացում, որը  բավական ակտիվ տեմպերով է ընթանում, ինչին նաև նպաստել է պաշտոնական Բաքվի այն որոշումը, որով Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, կարծեմ, 76 պատգամավորի մուտքն արգելվել էր Ադրբեջան։ Այս փաստը ևս   վերջին ամիսներին կարևոր ազդեցություն ունեցավ Ադրբեջանի նկատմամբ եվրոպական ընկալման վրա»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։

Մեր դիտարկմանը՝ կարո՞ղ ենք ֆիքսել, որ Եվրախորհրդարանում երեկվա քննարկումը, այն էլ այդ որակով և պատկերով, նաև ՀՅԴ Հայ դատի գերասենյակների կատարած աշխատանքների արդյունքն էր, Գևորգ Ղուկասյանն ասաց․

«Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը, բառի բուն իմաստով, ամենօրյա կապի մեջ է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ, կատարում է նրանց իրազեկվածության բարձրացմանը միտված աշխատանքներ և կուզեմ նշել, որ դեռևս վերջին գումարումների խորհրդարանների պատգամավորները Հայ դատի Եվրոպայի գրասենյակի միջնորդությամբ պարբերաբար այցելել են Հայաստան և տեղում ծանոթացել իրավիճակին, այսինքն՝ Եվրոպայի խորհրդարանի պատգամավորների շրջանում Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ կա օբյեկտիվ իրազեկվածության բավական բարձր մակարդակ, ինչը, բնականաբար, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի տևական նպատակադրված աշխատանքների արդյունք է։ Ես դիտավորյալ չեմ օգտագործում հայամետ ձևակերպումը պատգամավորների հայտարարությունները գնահատելիս, դրանք օբյեկտնիվ հայտարարություններն են, բայց, իհարկե, հաշվի առնելով էն օբյեկտիվ իրավիճակը, որում մենք կանք, այո՛, այդ հայտարարություններն իրենց բնույթով հայամետ են, ի նպաստ մեզ էին և շոշափում էին բոլոր այն խնդիրների շրջագիծը, որ մենք այսօր ունենք»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով․ «Կարևոր էր, որ այդ ելույթներում հստակ գնահատական տրվեց Ադրբեջանի կողմից կատարվածին՝ որպես էթնիկ զտում, ցեղասպանական գործողույթուն, անդարադարձ եղավ ռազմագերիների ազատության խնդրին, պահանջվեց ռազմագերիների ազատարձակում։  Ալիևի ռեժիմն իսկապես բավական կոշտ քննադատության արժանացավ ոչ միայն Հայաստանին, Արցախին վերաբերող հարցերով, այլև՝ միջազգային դիրքավորման տեսանկյունից, խոսքի ազատության սահմանափակման, ճնշումների, քաղբանտարկյալների և այլն, եղան նաև թիրախային պատժամիջոցների պահանջններ։ Մի քանի պատգամավորներ բարձրաձայնեցին ինստիտուցիոնալ սխեմաները, որոնք ադրբեջանական կողմը գործի է դնում եվրոպական պաշտոնյաներին կաշառելու համար։ Խոսք գանց «խավիարային դիվանագիտության» մասին, իսկապես Ադրբեջանն իր ամբողջ «շուքով» ներկայացվեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորների կողմից։ Իհարկե, COP29-ը բոյկոտելու պահանջը նույնպես առանցքային էր։ Նաև Եվրոպական միության գործադիր իշխանության էներգետիկ գործարքները դադարեցնելու պահանջն էր առանցքային»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին, թե՝ քննարկմանը հնչած ելույթներն արդյո՞ք կզգաստացնի Ադրբեջանին, Գևորգ Ղուկասյանը հետևյալ կարծիքը հայտնեց․

«Կարծում եմ, որ նման քննարկումները, չնայած որ Ալիևը փորձում է ծածկադմփոց անել և տպավորություն ստեղծել, թե առանձնապես իր հոգը չէ, բայց Եվրոպական միությունում Ադրբեջանի մշտական ներկայցուցչի խայտառակ պահվածքը ցույց է տալիս էն ջղաձգումները, որ Ալիևի վարչակազմն ունի եվրոպական պաշտոնյաների ելույթներից հետո։ Մասնավորապես մի քանի խորհրդականների ելույթներից պարզ դարձավ, որ Ադրբեջանի ներկայցուցիչը Եվրոպական միությունում խայտառակ արշավ է սկսել, էլեկտրոնային հասցեներով սպառնալիքներ է ուղարկում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ համապատասխան բանաձևի ընդունման նախօրեին։

Վաղը նախատեսված է Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունում, որը, մինչ այս պահն ունեցած մեր տեղեկություններով, դեռևս բանակցվում է հիմնական քաղաքական խմբակցությունների միջև և հիմնական օբյեկտիվ շեշտադրումներ կան։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի զգաստանալուն, մի շատ կարևոր արձանագրում եմ ուզում անել, քնարկմանը ներկա ԵՄ գործադիր իշխանության ներկայացուցչի հայտարարություններից պարզ է դառնում, որ ԵՄ գործադիր իշխանության դիրքորոշումների որոշակի փոփոխություն կա Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Հատկանշական է, որ այս առումով մենք միշտ խնդիր ենք ունեցել։ Իհարկե, Եվրոպական խորհրդարանն իր օբյեկտիվ դիրքորոշումնրերով այլևս հայտնի է, բայց գործադիր իշխանությունն այդքան էլ իր ամբողջ քաղաքականությունը չի տեղավորում եվրոպական խորհրդարանի ցուցումների համատեքստում, մասնավորապես՝ գազային համաձայնագիր, պատժամիջոցների կիրառում, ընդհանրապես Ադրբեջանի քաղաքակնության վերագնահատում, բայց երեկվա քննարկմանը գործադիր իշխանության ներակայցուցչի՝ Նիկոլաս Շմիդի ելույթները մեզ համոզում են, որ ընկալունակությունը ԵՄ գործադիր իշխանության մեր հետ կապված հարցերի վեաբերյալ փոխվել է։ Եվ եթե ամիսներ առաջ զգուշավոր լավատեսությամբ էինք այդ մասին խոսում, հիմա ավելի վստահ կարող ենք փաստել»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանում երեկվա քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, Եվրահանձնակատար Նիկոլաս Շմիդը հայտարարեց, որ COP29-ը Բաքվի համար հնարավորություն է ցույց տալու հավատարմությունը մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին։

Գևորգ Ղուկասյանը նկատում է, որ այս առումով Ադրբեջանը շատ լուրջ մտածելու բան ունի, որովհետև ԵՄ գործադիր իշխանության դիրքորոշման որոշակի փոփոխությունն Ադրբեջանի հարցում կարող է Ադրբեջանի համար ցավոտ լինել, ընդհուպ՝ Ադրբեջանի ֆինանսատնտեսական շահերին հարվածելու առումով։

«Ադրբեջանը որոշակի հետևություններ պետք է սկսի անել»,- վստահեցնում է Գևորգ Ղուկասյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ բանաձևի քվեարկությունը նախատեսված է վաղը, ներկայում բանակցվում է հիմնական քաղաքական խմբակցությունների կողմից, որպեսզի միասնական տարբերակ կազմվի։

 «Ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձևը կընդունվի»,-խոսքն ամփոփեց Գևորգ Ղուկասյանը։

Հերմինե Զեյնալյան