կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-16 17:40
Քաղաքական

Սեյրան Օհանյանը եղել է եւ կա մեր թիմի անդամ. ՀՀԿ

Սեյրան Օհանյանը եղել է եւ կա մեր թիմի անդամ. ՀՀԿ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խոորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ-ին անդամագրվելուն: Նշենք, որ ՊՆ-ում երեկ կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարների հետ, որի ընթացքում նա հայտարարել է, որ պատրաստվում է անդամակցել ՀՀԿ-ին:

Բաղդասարյանը նշեց, որ նորմալ է վերաբերվում դրան: «Դա անձամբ ոչ թե պաշտպանության նախարարի, այլ այս պարագայում Վիգեն Սարգսյանի որոշելու խնդիրն է: Եթե նա դիմի, մենք կքննարկենք, բայց որևէ խանգարող հանգամանք չկա: Այլ խնդիր է, երբ որևէ ուժային այլ կառույցի ղեկավար լիներ, օրինակ` հարկային տեսչության, քննչական կոմիտեի, կամ որևէ այլ տեսչություն, այնտեղ կարող է կուսակցական խտրականություն լինել: Բանակն այդ կատեգորիային չի պատկանում, բանակը հայոց բանակն է: Եթե հանցագործություններ կատարվեն, ապա դրանցով պաշտպանության նախարարը չի զբաղվում, դրանցով զբաղվում են պատկան մարմինները, և կուսակցական մնացած բոլոր խտրականություններից պետք է զերծ մնալ»,- ասաց նա:

Yerkir.am-ի հարցին՝ այդուհանդերձ, ավելի ճիշտ չի՞ լինի, եթե պաշտպանության նախարարը լինի անկուսակցական, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում` պաշտպանության նախարարի հետ կապված: Ընդհանրապես, ավելի ճիշտ կլիներ, որ 3 միլիոնանոց երկրում շուրջ 100 կուսակցություն չլիներ, դա ավելի ճիշտ կլիներ»:

Դիտարկմանը՝ խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ում քննարկվել և որոշվել է, որ Սեյրան Օհանյանը ՀՀԿ ցուցակով պատգամավոր կլինի խրհրդարանում, նա պատասխանեց. «Ես ՀՀԿ խորհրդի անդամ եմ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ եմ, ՀՀԿ խմբակցության ղեկավարն եմ, և նման քննարկում չի եղել: Թե ՀՀԿ-ի ո՞ր ներսում է այդպիսի քննարկում եղել, ես չգիտեմ: Նման քննարկումներ չեն եղել, բայց Սեյրան Օհանյանը եղել է և կա մեր թիմի անդամ»:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի անդամակցությանը ՀՀԿ-ին, Բաղդասարյանը նշեց, որ, անկախ նրանից, վարչապետը նման որոշում կկայացնի, թե` ոչ, նա իրենց թիմի անդամ է: