կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-15 20:43
Առանց Կատեգորիա

Ռիսկային մարտակոչ կամ ինչի մասին են խոսում ՀՅԴ-ի ցուցակները

Ռիսկային մարտակոչ կամ ինչի մասին են խոսում ՀՅԴ-ի ցուցակները

Այսօր իր համապետական և տարածքային ընտրական ցուցակները հրապարակեց նաև ՀՅԴ-ն: Կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ ցուցակում 170 անձ է ներառվել, որոնցից 45-ը անկուսակցական են, սակայն հանդիսանում են ՀՅԴ-ի գաղափարակիրներն ու համախոհները: ՀՅԴ ցուցակների հրապարակված մասի հպանցիկ, համեմատական վերլուծումը թույլ է տալիս կատարել մի քանի հիմնական դիտարկում, որոնք ինչ-որ առումով բնորոշում են խորհրդարանական այս ընտրություններից կուսակցության հիմնական ակնկալիքները:

Նախ՝ ի տարբերություն ՀՀԿ-ի նախօրեին հրապարակված ցուցակի, ՀՅԴ-ի պարագայում մեծ անակնկալներ ըստ էության չկան: Ցուցակը ղեկավարում են մարդիկ, ովքեր հանդիսանում են կուսակցության ներկայացուցիչները և ում ներկայությունն առաջին համարների ներքո խոսում է ընտրական և հետընտրական շրջանում կուսակցության կանխատեսելիության, ծրագրային ուղեգծի, ձեռագրի անփոփոխելիության և թիմի հիերարխիկ կուռ կառուցվածք ունենալու մասին: Հանրային ընկալումներում քաղաքականությունը դեռևս մնում է անձնավորված, և այս տեսանկյունից Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Դավիթ Լոքյան եռյակի առաջնորդումը թույլ է տալիս ընտրողին հստակ պատկերացնել, թե ինչ դեմքով կամ դեմքերով է ներկայանալու ՀՅԴ-ն:

Երկրորդ՝ հատկապես ցուցակի երկրորդ տասնյակի նկարագիրը վկայում է, որ չնայած առաջնորդման հարցում մնալով պահպանողական, ՀՅԴ-ն էականորեն թարմացնում և երիտասարդացնում է իր թիմի ակտիվը: Ցուցակի այս հատվածում ՀՅԴ-ն առաջադրել է առավելապես վերջին մի քանի տարիներին իրենց ակտիվ, նախաձեռնողական գործունեությամբ աչքի ընկած երիտասարդների, ում համար այս ընտրարշավը նաև ինքնադրսևորման և քաղաքականապես ավելի հասունացման հնարավորություն է լինելու:

Երրորդ՝ ցուցակի առաջին տասնյակում ընդգրկվել են ՀՅԴ քվոտայով ներկայիս կառավարության անդամները: Սա հուշում է, որ կուսակցությունը մի կողմից գնահատում է իր «կադրերի» աշխատանքը և շեշտադրում կատարում թիմային ներկայանալիության վրա: Այդ ցուցակից որոշակիորեն հետևում է, թե մոտավորապես ինչ դերաբաշխում է կատարվելու, եթե ՀՅԴ-ն Աժ-ում մեծամասնություն կազմի կամ մեծամասնություն կազմող կոալիցիայի մաս դառնա: Այսինքն, ընտրողն այս ցուցակին ծանոթանալով մոտավորապես պատկերացնում է այն «ստվերային» կամ վիրտուալ կառավարությունը, կադրային բանկը, որը ՀՅԴ-ն առաջարկում է իրեն:

Չորրորդ՝ ՀՅԴ ոչ համամասնական և ոչ էլ ռեյտինգային ցուցակներում որևէ օդիոզ, այսպես կոչված քրեաօլիգարխիկ կերպար չկա: Համամասնական ցուցակի պարագայում սա թվում է հասկանալի: Սակայն ուշագրավ է նաև տարածքային ցուցակներից նրանց բացակայությունը, ինչով ՀՅԴ-ի ցուցակը տարբերվելու է ԱԺ անցնելու պոտենցիալ ունեցող մյուս մրցակից ուժերի ցուցակներից: Այնտեղ ներգրավվել են մարդիկ, որոնք հանդիսանում են հասարակության միջին խավի դասական ներկայացուցիչ և որպես այդպիսին՝ ոչ թե մոտ են հասարակության ճնշող մեծամասնության հոգսերին, խնդիրներին ու կենսակերպին, սոցիալ-կենցաղային, հասարակական միջավայրերում այդ ամենն ամբողջությամբ կրողներն ու կիսողներն են: Դրանք իրենց մասնագիտական, գործունեության ոլորտներում կայացած մարդիկ են, որոնք եթե ոչ հանրապետության, ապա գոնե համապատասխան տարածաշրջանների կտրվածքով հարգանք են վայելում: Այսպիսի դեմքով և այսպիսի ցուցակներով ներկայանալով ՀՅԴ-ն անուղղակիորեն հռչակում է, որ իր առջև չի դնում միջոցների հարցում խտրություն չդնելով խորհրդարան ացնելու նպատակը՝ չնայած մրցակից ուժերում պրոցեսը հենց այդ ուղղությամբ տանելու նախանշաններին:

Եթե խնդիրը ցանկացած գնով խորհրդարան անցնելը լիներ, ապա առնվազն տարածքային կամ ռեյտինգային ցուցակներում կընդգրկվեին մարդիկ, ովքեր կարող էին համարձակ ներքաշվել այսպես կոչված ընտրողների «որսի» այն արշավում, որն անխուսափելիորեն սկսվելու է ապրիլի 2-ին ընդառաջ: Այդ ռեսուրսից օգտվել թույլ էր տալիս ՀՅԴ-ի իշխանական ուժ լինելու հանգամանքը: Վերջինս ՀՅԴ-ին պահանջարկված էր դարձնում քաղաքական ուժերը որպես խորհրդարան մտնելու ցատկահարթակ դիտարկող այն շրջանակների մոտ, որոնք ունեն դրա համար բավարար մարդկային, ֆինանսական ռեսուրսներ, սակայն դուրս են մնում իշխանական կամ այսպես կոչված այլընտրանքային մյուս ուժերի ցուցակներից:

Սա փաստում է երկու բան: Առաջին՝ ՀՅԴ-ն իրականում իր քաղաքական ռեսուրսը, հենարանը համարում է ոչ թե լյումպեն ընտրազանգվածին, որն ընտրատեղամաս է գնում հանուն ընտրակաշառքի, ընտրությունները անձնական խնդիրների լուծման շանս համարելով, այլ սեփական գաղափարակիր ընտրազանգվածին և հատկապես հասարակության գիտակից, պետական մտածողություն ունեցող, ազգային-քաղաքական, սոցիալ-տնտեսական ոլորտներում իր մոտեցումներին համախոհ պոտենցիալ ընտրողներին: Մարդկանց, ովքեր առաջնորդվում են իրենց քաղաքական ու քաղաքացիական համոզմունքներով, չեն տառապում քաղաքական դաշտը սև ու սպիտակի պրիզմայով գնահատելու մտասևեռումներով և որոնց մի ստվար մասը, գուցե չհավատալով ընտրությունների միջոցով փոփոխությունների հասնելու հնարավորությանը, իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել է ընտրությունները բոյկոտելով:

Ներկայացնելով առանց ձախողված, հասարակության կողմից մերժելի կերպարների քաղաքական և գաղափարական առումով մրցունակ թիմ՝ ՀՅԴ-ն թերևս, խնդիր է դնում ակտիվացնելու և գրավելու հատկապես այդ ընտրազանգվածին: Դրա մասին, ի դեպ, խոսել է նաև կուսակցության նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը: Այսինքն խնդիր է դրվել ստեղծել իրավիճակ, երբ պետական և քաղաքացիական մտածողությամբ օժտված, բայց քաղաքականապես պասիվ քաղաքացին կորոշի թույլ չտալ փոքրամասնություն կազմող լյումպենին ընտրակաշառքային հիստերիային տուրք տալով որոշելու, կանխորոշելու իր ապագան առաջիկա 5 տարվա հեռանկարով:

Երկրորդ՝  ՀՅԴ-ն նաև փորձում է սեփական վարքագծով և օրինակով ցույց տալ, որ իր համար սկզբունքայինը ընտրական գործընթացը քաղաքական տրամաբանության մեջ դնելն ու խաղի այդ կանոնները արժեհամակարգային  և առաջնորդող դարձնելն է: Խորհրդարանական կառավարման համակարգում սա այլընտրանք չունի: Այլընտրանքը խորհդրարանի ապաքաղաքականացումն է, բարոյազրկումը և պերմանենտ անկայունության, քաղաքական ճգնաժամերի հիմքեր ստեղծելը: Բայց որքան այս մոտեցումը բխում է քաղաքական համակարգի առողջացման տրամաբանությունից, նույնքան էլ ռիսկեր է ստեղծում ՀՅԴ-ի համար: Որովհետև հրաժարվելով խաղալ զոռբայության, «ձայն որսալու» կանոններով, ՀՅԴ-ն ստիպված է լինելու մյուս մասշտաբային քաղաքական ուժերի կողմից գործադրվելիք ապաքաղաքական մեխանիզմների դեմ մրցել քաղաքական գործիքակազմով: Այս իմաստով ՀՅԴ-ն, ինչպես նաև քաղաքական սկզբունքներով առջնորդվող մյուս ուժերը խորհրդարանական ընտրությունները փորձում են վերածել արժեքների ու անտիաժեքների պատերազմի: 

Գևորգ Դարբիյան