| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Պասկալ Միշոյին  և աշխատանքային այցով ՀՀ-ում  գտնվող Ռուսաստանի Դաշնության  Ճյուղային սննդի      ինստիտուտի նախագահ Վլադիմիր  Չերնիգովին: Հանդիպմանը ներկա  է եղել նաև «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանը:
 Հանդիպման ընթացքում քննարկվել են  Հայաստանի Հանրապետության մարզերի դպրոցներում «Պարենի համաշխարհային ծրագրի» աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին և ազգային փուլի ընդլայնմանն առնչվող հարցեր: ԿԳ նախարարն իր խոսքում, բարձր գնահատելով ծրագիրը, շնորհակալություն է հայտնել «Պարենի համաշխարհային ծրագրին» և ՌԴ կառավարությանը՝ Հայաստանում այն կյանքի կոչելու համար: Նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ «Կայուն դպրոցական սնունդը» սոցիալական և կրթադաստիարակչական կարևոր բաղադրիչ ունեցող արդյունավետ  ծրագիր է, և ՀՀ կառավարությունը կարևորում է դրա շարունակականությունն ու ազգային փուլի ընդլայնումը: 
Այս նպատակով նախորդ տարվա վերջին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է  «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, որը ստանձնելու է ծրագրի ազգային փուլի իրականացումը: Կողմերն այս համատեքստում կարևորել են նորաստեղծ հիմնադրամի արդյունավետ  և բարձրակարգ աշխատանքը: Մասնավորապես Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել  աջակցություն ցուցաբերել  հիմնադրամի կարողությունների հզորացմանը, ինչպես նաև ծրագրում ընդգրկված դպրոցներում  սննդի կազմակերպման տեխնիկական համալրմանը:
 Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Պասկալ Միշոն տեղեկացրել է, որ առաջիկա ամիսներին Հայաստան կհասնի Տավուշի մարզի դպրոցների համար նախատեսված սարքավորումների խմբաքանակը, որը հնարավորություն կտա ծրագիրն ավելի արդյունավետ դարձնել: 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մի շարք աշխատանքային և կազմակերպչական հարցեր:
 ՀՀ կրթության և գիտության նախարարություն