կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-24 16:30
Հասարակություն

«Կայուն դպրոցական սնունդ»` երեխաները ոչ միայն սնվում են, այլև սովորում հացը կիսել

«Կայուն դպրոցական սնունդ»` երեխաները ոչ միայն սնվում են, այլև սովորում հացը կիսել

«Ամեն օր տարբեր բաներ են տալիս մեզ` շիլա, բրնձով փլավ, գրեչկա: Բոլորը սիրով ուտում են, ես էլ եմ ուտում, շատ համով են պատրաստում»,-yerkir.am-ի հետ զրույցում ասում է 9-ամյա Վահե Հովհաննիսյանը, ով սովորում է Մասիսի թիվ 2 դպրոցում:

ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի /ՊՀԾ/ հայաստանյան գրասենյակի աջակցութամբ` արդեն երեք տարի է, ինչ Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում հանրակրթական դպրոցների տարրական դասարանների համար իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում 1-4-րդ դասարանների աշակերտներին օրական մեկ անգամ սնունդ են տրամադրում:

Այսօր Մասիսի թիվ 2 դպրոց այցելեցին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ու Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Պասկալ Միշոն:

Դպրոցի խոհարարը` Բալասան Զեյնալյանը, նշեց, որ ծրագիրն անցած տարվանից է դպրոցում գործում: «Պատրաստում ենք մեր հայկական ճաշատեսակները` հարիսա, փլավներ, սպաս, աղցաններ: Հիմնականում պատրաստում ենք այն, ինչ երեխաները հաճույքով են ուտում: Եթե միս չի լինում այդ օրվա ճաշացանկի մեջ, նաև բնական հյութ ենք տալիս: Ես իմ կատարած աշխատանքից գոհ եմ` խղճի առումով»,- ասաց տիկին Զեյնալյանը` հավելելով, որ դպրոցում աշխատում է այն հիմնադրելու օրվանից:

Խոհանոցում 4 հոգով են աշխատում` ավագ խոհարարն ու նրա օգնականը, ինչպես նաև երկու այլ աշխատակից: Աշխատելիս, ինչպես խոհարարն է նշում, իրար չեն խանգարում:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն էլ նշեց, որ ծրագիրը շատ կարևոր է, այն կյանքի է կոչվում ինչպես Պարենի համաշխարհային կազմակերպության աջակցությամբ, այնպես էլ` ՀՀ պետբյուջեի տրամադրած միջոցներով:

«Տեխնիկական որոշ հարցեր կան, որոնք ծրագիրը դարձնում են գործնական: Առաջինը տաք սննդի խնդիրն է: Միջազգային սննդի փորձագետներն ասում են, որ ոչ էֆեկտիվ է ծրագիրը, եթե չենք կարողանում տաք սնունդով ապահովել երեխաներին, քանի որ նրանց առողջական և զարգացման տեսակետից տաք սնունդը շատ անհրաժեշտ է: Դպրոցի տնօրենների մի մասը վախ ունի` այդ գործընթացի հետ կապված` մտածելով թունավորումների մասին, սակայն դրա համար շատ կարևոր է երկու հանգամանք` խոհանոցի առկայությունը և մաքրությունը. սա այն տեղն է, որտեղ մանրուքները կարող են ճակատագրական լինել»,- ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ սննդի անվտանգության հարցով զբաղվում են ինչպես մարզպետարանները, այնպես էլ Սննդի անվտանգության տեսչությունը: Նախարարի հավաստմամբ` իրենք պետք է փորձեն մյուս մարզերն էլ ընդգրկել ծրագրում: Ծրագիրը, ըստ Մկրտչյանի, պետք է շարունակվի, քանի որ երկրի սոցիալական վիճակն այնպիսին է, որ տաք սնունդն իսկապես կարևոր է դպրոցականի համար: Այս տարի նախարարությունը պետք է փորձի նաև Տավուշի, Շիրակի և Արագածոտնի մարզերը ընդգրկել ծրագրի մեջ:

«Բացի սնունդից, սա երեխաների մոտ դաստիարակում է կարգապահություն, հացը կիսելու մշակույթ, պատասխանատվություն: Մեծ դպրոցներում ավելի հեշտ է ծրագիրը կյանքի կոչել, փոքր դպրոցներում բարդ է, քանի որ հաճախ դպրոցները նույնիսկ խոհանոցային պայմաններ չունեն: Մեր ռուսական գործընկերները, որոնք Պարենի համաշխարհային կազմակերպության միջոցով մեր դոնորներն են, մեծ օգնություն են ցուցաբերում խոհանոցների կառուցման հարցում, քանի որ ծրագիրը ներառում է ճաշարանի կամ խոհանոցի կառուցում, հարմարեցում»,- ասաց նախարարը:

Հարցին, թե մտավախություն կա՞, որ աշակերտներին տրամադրվող սնունդը` այլուրն ու ձեթը, հարստացվում են ֆոլաթթվով, նախարարը պատասխանեց, որ դա բացառվում է: «Տնօրենների մեծ մասը գնումները կազմակերպելը համարում է իր անձնական պարտքը, և գնումները մարզպետի անմիջական հսկողության ներքո են տեղի ունենում»,- ասաց նա:

Հարցին` հիշո՞ւմ է` իր դպրոցական տարիներին տրամադրո՞ւմ էին սնունդ, Մկրտչյանը պատասխանեց` այո, իրենց որոշ բաներ տրամադրում էին, բայց նաև գործում էին բուֆետները: «Այն ժամանակ համակարգն ավելի հստակ էր, քանի որ բոլոր դպրոցներն ունեին բուֆետներ, խոհանոցներ: Հիմա մենք այդ ամենը կորցրել ենք, և այս ծրագիրը նաև այդ ստանդարտների վերադարձն է»,- նշեց նա:

Ի դեպ, պետբյուջեով օրական սնունդի համար յուրաքանչյուր երեխայի տրամադրվում է 120 դրամ:

3-րդի Ա դասարանում սովորող Արևիկ Բարսեղյանը նշեց, որ դպրոցում տրվող սնունդը համեղ է ու, կարևորը, տաք: «Տալիս են շիլա, պանիր, հյութ: Ամեն ինչ էլ ուտում եմ, չի լինում, որ մի բան տան ու համով չլինի` չուտես»,- ասաց նա:

Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Պասկալ Միշոն էլ նշեց, որ մենյուն բաղկացած է համապատասխան հաշվարկներով կազմված կիլոկալորիաներ և վիտամիններ պարունակող սննդից, որոնք անհրաժեշտ են երեխաներին: «Կուզեի նշել, որ սննդի անվտանգությանը ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնում. ամեն օր նմուշները վերցնում են, Սննդի անվտանգության տեսչությունը նույնպես վերահսկում է: Շատ կարևոր ծրագիր է, հավատացեք, լինում են դեպքեր, որ երեխաները տանը չեն ուտում, բայց դպրոցում ուտում են նույն այդ սնունդը` տեսնելով, թե ինչպես են դասընկերներն ուտում»,- ասաց նա: