Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանում շարունակվում է Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովը, որին մասնակցում են 65 երկրների 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ մոտ երկու տասնյակ նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ համաժողովի մասնակիցներին այսօր ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ որպես այդ կարևոր միջոցառման անցկացման վայր Երևանը ընտրելու համար: «Դուք գտնվում եք մի տարածաշրջանում, մի հանրապետության տարածքում, որը հազարամյակներ շարունակ եղել է տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում:
Հայ ժողովուրդը, մեծ զրկանքներ կրելով, կարողացել է գոյատևել և ներկա քաղաքակրթությանը ներկայանալ միայն իր մեծ կրթական և հոգևոր ժառանգությամբ: Յուրաքանչյուր հայ ընտանիք, որտեղ էլ այն գտնվի, առանձնահատուկ վերաբերմունք ունի կրթության նկատմամբ: Մեզ համար շատ կարևոր է նախ և առաջ երեխաների կրթության համար նպաստավոր պայմանների ապահովումը: Չի կարող լինել որակյալ կրթություն, եթե երեխան իրեն չզգա՝ որպես հասարակության լիարժեք անդամ: Այդ իմաստով Դպրոցական կայուն սնունդ ծրագիրը ոչ միայն կոնկրետ խնդիր է լուծում, այսինքն՝ ապահովում է երեխայի տաք սնունդը, այլ նաև մեծ կրթադաստիարակչական բաղադրիչ է պարունակում: Ծրագրով փորձ է արվում երեխաներին, ըստ էության, հարմարեցնել հասարակության մեջ ապրելու պատասխանատվությանը: Մեզանից յուրաքանչյուրն իր փոքրիկին դպրոց ճանապարհելիս հասկանում է, որ իր երեխան իր անձնական ազատությունից անցում է կատարելու պատասխանատվության, որը ոչ միայն գիտելիքի միջոցով է փոխանցվում, այլ նաև քաղաքացու դաստիարակության: Երբ հարյուրավոր երեխաներ մեկ ճաշարանում իրար հետ հաց են կիսում, փորձում համատեղ կազմակերպել իրենց վարքուբարքը, դա երեխայի մոտ կարգապահություն է դաստիարակում, դիմացինի հանդեպ հարգանքի զգացողություն, միմյանց խնդիրներով հետաքրքրվելու հատկություն: Սա է այս ծրագրի հիմնական տեսլականը, այդ պատճառով է նաև, որ մենք փորձելու ենք մեծացնել ծրագրի պետական պատասխանատվության աստիճանը»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ներկայումս պետությունն իր ներդրումն է ունենում պետբյուջեի հաշվին և պետք է հասնել նրան, որ աստիճանաբար ծրագիրն անցնի պետական հոգածության: «Մենք նաև փորձելու ենք ծրագրի կառուցվածքային համապատասխան ձևաչափեր գտնել: Այդ իմաստով հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին, ովքեր մեզ օգնում են՝ ճիշտ կատարել այդ փոխանցումը: Մոտ ապագայում մենք կանցկացնենք դոնորների կոնֆերանս, որ կարողանանք գտնել փոխանցման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ և ձևավորել հիմնադրամ, որի միջոցով կկարողանանք ծրագիրն ավելի ընդլայնել ոչ միայն պետական միջոցների հաշվին, այլ նաև դոնոր կազմակերպությունների միջոցով:
Շնորհակալություն նաև մեր միջազգային խորհրդատուներին, ովքեր ճիշտ հասկացան մեր երկրի յուրահատկությունները և դժվարությունները: Օրինակ, եթե այլ ազգային պատվիրակությունների համար խնդիր է երեխաների թերսնման դեմ պայքարը, ապա մեզ համար որպես հիմնական խնդիր մեր երեխաներին դաստիարակելը և քաղաքակրթական, ժամանակակից հասարակություններին բնորոշ բարեկրթության նորմեր փոխանցելն է»,-ընդգծել է նախարարը:
Համաժողովին ՀՀ ԿԳ նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռ. Ստեփանյանը ներկայացրել է «Հայաստանում դպրոցական սնունդ» խորագրով շնորհանդես: