Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից` Ռուսաստանի դաշնության կառավարության ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակում հանրապետության բոլոր մարզերի 1-4-րդ դասարանների երեխաներն ապահովվում են սնունդով: Համաձայն ՄԱԿ-ի ՊՀԾ-ի և ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» տեխնիկական օժանդակությամբ մշակված հայեցակարգի ու ազգային ռազմավարության՝ նախատեսվում է ծրագրի աստիճանաբար փոխանցում ՀՀ կառավարությանը, որը կրում է Ազգային ծրագրի պատասխանատվությունը:
Սեպտեմբերի 8-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ուենեցել Տավուշի մարզի դպրոցների փոխանցումը ՀՀ կառավարությանը: Արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն, ՌԴ ֆինանսների նախարարության և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է ՀՀ կառավարության՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ազգային փուլում մինչև 2017 թվականը ներառվել էին Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի դպրոցները, իսկ այս ուսումնական տարվանից կառավարությունը ստանձնում է նաև Տավուշի մարզի 75 դպրոցների սննդի ծրագիրը: Հաջորդ տարի նախատեսվում է ՀՀ կառավարությանը փոխանցել նաև Շիրակի և Արագածոտնի մարզերը: Լ. Մկրտչյանի խոսքով՝ կառավարությունն աստիճանաբար կստանձնի բոլոր մարզերի դպրոցների սննդի ծրագրի պատասխանատվությունը՝ չբացառելով, որ հետագայում ծրագրում կներառվեն նաև մայրաքաղաքի դպրոցները, ինչպես նաև հիմնական դպրոցը: «Դպրոցներում տաք սննդի ծրագիրը, բացի առողջ ապրելակերպից ունի նաև դաստիարակչական կարևոր նշանակություն. Դպրոց են ներմուծվում մի քանի կարևոր սկզբունքներ: Երեխան փոքր տարիքից սկսում է հասկանալ, թե ինչ է նշանակում կոլեկտիվի զգացումը, հացն ընկերոջ հետ կիսելու մշակույթը, միմյանց զիջելու, միասին սնվելու համակեցության կանոնները: Ծրագիրը նաև նպաստում է ծնողական համայնքի միախմբմանը՝ հաշվի առնելով, որ նրանք որոշակի մասնակցություն են ունենում դպրոցական սննդի կազմակերպմանը»,- նշել է Լ. Մկրտչյանը: Նախարարը նշել է, որ կառավարությանը փոխանցելուց հետո ՄԱԿ-ի ՊՀԾ-ն հետևում է ծրագրի իրականացման ընթացքին՝ հետևելով որակին և սահմանված չափանիշների պահպանմանը: «Դոնոր կազմակերպության կողմից կարևորվում է նաև դպրոցական խոհանոցների բարելավումը և այդ ուղղությամբ վերջին շրջանում լուրջ աշխատանքներ են կատարվել: Խոհանոցների առկայությունը տաք սննդի կազմերպման առաջին պայմանն է, մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ տաք սննդի կազմակերպման համար օգտագործվում է տեղական արտադրանքը»,- հավելել է Լ. Մկրտչյանը:
ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոյի գնահատմամբ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը ՀՀ-ում ՄԱԿ-ի կողմից իրականացվող հաջողված ծրագրերից է. «Մենք դպրոցական սննդի ծրագիրն սկսել ենք 2010 թվականից: Ծրագրի հաջողության գրավականներից մեկն այն էր, որ մենք ժամանակի ընթացքում անցում կատարեցինք տաք սննդի գաղափարին: Ծրագրի շրջանակում նորոգվում են նաև դպրոցների խոհանացները, բարեկարգվում են ենթակառուցվածքները, ապահովվում են սանիտարական նորմերը. հանգամանքներ, որոնք կենսական նախապայմաններ են անվտանգ սննդի համար: Ծրագիրը հաջողության մյուս գրավականն այն է, որ արտաքին ֆինանսավորոման ավարտից հետո, այն շարունակվում է կառավարության աջակցությամբ»,- նշել է Պ. Միշոն՝ շեշտելով, որ ՀՀ կառավարության կողմից ստեղծվել է հատուկ կառույց՝ հիմնադրամ, որն զբաղվելու է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ազային փուլի իրականացմամբ:
ՌԴ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Պավել Եվսեյեվի խոսքով՝ ՌԴ կառավարությունը Հայաստանում դպրոցական սննդի ծրագրի հիմնական դոնորն է. «Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը և արդեն ունենք պայմանավորվածություն՝ մինչև 2018 թվականը ծրագիրը շարունակելու վերաբերյալ: 2018-ից հետո համագործակցության հարցը կքննարկենք ՄԱԿ-ի ՊՀԾ-ի հետ»,- նշել է նա:
Նշենք, որ Հաղարծինի միջնակարգ դպրոցում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում դոնորների հատկացրած դրամաշնրհով նորոգվել է խոհանոցը, տեղադրվել է ջրատաքացուցիչ, սպասքի լվացարաններ, սառնարաններ, սալօջախ, հացթխման վառարան և անհրաժեշտ այլ սարքավորումներ: Դպրոցի 1-4-րդ դասարաններում սովորող 191 աշակերտներն ամեն օր ստանում են տաք սնունդ, ծնողական համայնքի ներդրումը յուրաքանչյուր աշակերտի համար ամսական կազմում է 800 դրամ:
ՀՀ պետական բյուջեից «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը ֆինանսավորվում է ըստ աշակերտի թվի, որը ներառված է հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտի թվով ֆինանսավորման բանաձևի մեջ` օրական 140 դրամի չափով, որից 120-ը նախատեսված է սննդի ձեռքբերման, իսկ 20 դրամը` հարակից ծախսերի համար: Սնունդը սովորողներին տրամադրվում է ուսումնական տարվա 168 օրերի ընթացքում: 2014-2017 թվականների պետական բյուջեից ֆինանսավորման ընդհանուր չափը կազմել է մոտավորապես 1 մլրդ. 820 մլն. 675 հազ. դրամ: