Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած` Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ դաշինքով:
«Մենք մասնակցում ենք դաշինքով` Կոնգրես և ՀԺԿ դաշինքով, մեր հնամենի և հավատարիմ ՀԺԿ-ի հետ մենք կգնանք միասնական պայքարի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Հարցին, թե դաշինքը բա՞ց է, և նոր քաղաքական ուժեր կարո՞ղ են միանալ, նա պատասխանեց. «Այստեղ մեխը ոչ թե մեխանիկական միացումներն են, այլ քաղաքական ծրագիրը, որը հստակ է, և հրապարակել ենք դրա մասին, դա խաղաղության ծրագիրն է, և եթե կլինեն ուժեր, որ կմիանան, իհարկե, որովհետև խնդիրը շատ ավելի մեծ է և շատ ավելի ակտուալ, քան այն ծրագրերը, որ ներկայացնում են կուսակցությունները՝ սոցիալական, տնտեսական, հարկային: Մենք էլ ունենք, բայց այս ընտրություններում մեր դաշինքի մեսիջն է խաղաղության ծրագիրը»:
Նշենք, որ այս մասին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր նաև Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ:
Ըստ Մանուկյանի՝ իրենց ծրագիրն առանձնանում է մեր քաղաքական դաշտում, և մյուս ուժերի մոտ իրենք չեն տեսել այս ծրագրին դեմ կամ կողմ լինելու հայտարարություններ, ծրագրեր: Նա ընդգծեց, որ սա իրենց համար շատ կարևոր է` ավելի, քան պառլամենտական ընտրությունները:
Yerkir.am-ի հարցին, թե այդ ծրագրով չե՞ն վախենում գնալ կատարյալ տապալման, Մանուկյանն արձագանքեց. «Մենք 30 տարի է՝ քաղաքականության մեջ ենք, և մեր բոլոր քայլերը եղել են համարձակ, եղել է ճշմարիտ խոսք, և մենք ուսումնասիրել ենք նաև հասարակության մեջ տրամադրությունները, մենք նայում ենք միջազգային կառույցներում ու մեր ռեգիոնում ինչ է կատարվում, դրա մեջ Ղարաբաղյան հարցը, այսպես ասած, բոլոր մարտահրավերները հաշվի առնված են, և մենք գնում ենք համարձակ, ու ասել ճշմարտությունն ու չներկայացնել իրականությունը, շատ ավելի վատ է, քան վախենալը: Ղարաբաղյան ճակատամարտում ամենածանր խնդիրներն էլ ենք ունեցել, երկրաշարժ, բոլոր ռեֆորմները, վերջին հաշվով, մենք ենք արել, և հասարակության մեջ 90 տոկոս մեծամասնություն չենք ունեցել: Վիրաբույժը միշտ սիրելի չէ հիվանդի մոտ, միշտ կլինեն աղմուկ հանողներ: Վստահ եմ՝ հասարակությունն այսպես է մտածում, հասարակությունը շատ լավ գիտի՝ ինչ է ուզում, ու ունենք բավականին համախոհներ հենց այս ծրագրին»:
Ըստ Մանուկյանի` իրենք խնդիր չունեն` ռեյտինգային ցուցակներով մարդ առաջադրելու: «Որևէ պրոբլեմ չունենք, մենք ճանաչված ենք, մենք ընդունված ենք, մեր ցուցակում ընդգրկված են մտավորականներ, գիտնականներ, համարձակ մարդիկ: Ես Արաբկիրում եմ առաջադրվելու, գումարային շատ ռեսուրսներ ունեցող անձինք կան այնտեղ»,- ասաց նա:
Հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ իրենց դաշինքի հետ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն է համագործակցում, պատասխանեց. «Մանրամասների մեջ ես չեմ խորանա, որովհետև ես չեմ ցանկանում երկրորդել մեր այն մեծ մեսիջը, որով մենք մտնում ենք ընտրական պայքարի մեջ: Դուք էլ փորձեք տրամադրվել այդպես»: Ըստ պատգամավորի՝ անկարևոր է, թե ում հետ կգնան, ում հետ չեն գնա:
Ինչ վերաբերում է, թե ե՞րբ պատրաստ կլինի վերջնական ցուցակը, ապա Մանուկյանը շեշտեց, որ այդ հարցն էլ իրեն այդքան չի հետաքրքրում: «Կարող եմ միայն հայտարարել, որ առաջին համարը լինելու է Լևոն Տեր-Պետրոսյանը»,- ասաց նա: