Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին կոչ են անում «չձեռնարկել քայլեր, որոնք կարող են խաթարել ԵԱՀԿ-ում Մինսկի խմբի մանդատը կամ բարդացնել ընթացող բանակցությունները»: «Մենք հասկանում ենք, որ ԵԽԽՎ-ն կարող է մոտ ապագայում հակամարտության վերաբերյալ բանաձեւեր քննարկել եւ հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին եւ տարածաշրջանային ու միջազգային այլ կազմակերպություններին, որ ՄԽ-ն շարունակում է մնալ բանակցությունների համար միակ ընդունված ձեւաչափը»,- նշվում է հայտարարության մեջ:
«Հակամարտության վերաբերյալ բանաձևեր» ասելով՝ hամանախագահները նկատի ունեն ԵԽԽՎ-ում երկուշաբթի օրը մեկնարկելիք հերթական նստաշրջանում քննարկվելիք երկու հայտնի հակահայկական բանաձևերը՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և «Սահմանամերձ շրջանում ապրող Ադրբեջանի բնակիչները կանխամտածված զրկված են ջրից»: Ինչպես հայտնի է՝ հայկական կողմին ավելի վաղ չհաջողվեց կանխել Վեհաժողովի համապատասխան կոմիտեներում բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի և Բոսնիա-Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած բանաձևերի ընդունումը, ինչի հետևանքով դրանք մտան ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի օրակարգ: Այստեղ վերջնական ընդունումը խափանելու համար Հայաստանը վերջին օրերին մոբիլիզացրել էր իր բոլոր ռեսուրսները: Թեև գործադրվող ջանքերին՝ դեռևս վստահություն չկա, որ հայկական կողմին կհաջողվի տապալել ադրբեջանական լոբբինգի արգասիքը հանդիսացող և ԼՂ կարգավորման գործընթացում ԵԽ-ին դերակատար դարձնելուն միտված բանաձևերի ընդունումը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն այս իմաստով չափազանց կարևոր էր, որովհետև հայաստանյան պատվիրակության ձեռքին դառնում է խիստ աննպաստ իրավիճակում բեկում մտցնելու լուրջ խաղաթուղթ:
Առաջին անգամը չէ, որ ՄԽ համանախագահող երկրները դեմ են արտահայտվում ԵԽԽՎ-ում այդ բանաձևերի ընդունմանը՝ համարելով բանակցային գործընթացին վնասող: 2015թ. նոյեմբերին ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ ԵԽԽՎ-ն եւ այլ միջազգային կազմակերպություններ պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ՝ ԼՂ հարցով զեկույցներ կազմելուց առաջ՝ ենթատեքստում հասկացնելով, որ ԱՄՆ-ը դեմ է դրան: Ավելի ուշ խոսեց նաև պաշտոնական Մոսկվան: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարեց, թե հակամարտությամբ զբաղվելու մանդատ չունեցող միջազգային կառույցները չպետք է որևէ ձևով միջամտեն գործընթացին: Այս առումով համանախագահների հայտարարությունը հիմնվում է Վաշինգտոնի և Մոսկվայի տեսակետների համադրման վրա, սակայն իր կարգավիճակով շատ ավելի ազդեցիկ է:
Փաստացի համանախագահները հստակ հայտարարում են, որ ընդունելով այդ բանաձևերը՝ ԵԽԽՎ-ն հարված է հասցնելու բանակցային գործընթացին և կրելու է դրա հետևանքների պատասխանատվությունը: Սա վեհաժողովի պատգամավորներին կանգնեցնում է բարդ ընտրության առաջ. բանաձևերին կողմ քվարկել՝ նշանակում է չճանաչել ԼՂ հիմնահարցի կարգավորման միակ կոմպետենտ և միջազգայնորեն ճանաչված իրավասու ձևաչափը և անտեսել իրենց ուղղված համանախագահների կոչը: Կարևոր է, որ այս միանշանակ ուղերձը ԵԽԽՎ-ին է հասցվում հենց նստաշրջանի մեկնարկի նախօրեին՝ ոչ միայն դրա ազդեցության թարմությունը պահպանելու, այլև հայկական պատվիրակությանը լայն մաքոքային դիվանագիտություն բանեցնելու և եվրոպական երկրների պատվիրակության անդամներին բանաձևերը չընդունելու հարցում համոզելու համար: Վերջիններս կարող են անտեսել հայաստանյան պատվիրակների արգումենտները, սակայն դժվար թե կարողանան արհամարհել ՄԽ համանախագահների և ՄԱԿ-ի մշտական հինգ անդամ երկրներից երեքի այդ հստակ պահանջը:
Իհարկե, պարզ է, որ հայտարարությունն ընդունելիս համանախագահող երկրներն առաջին հերթին առաջնորդվել են հենց ՄԽ ձևաչափի պահպանման և իրենց երկրների հեղինակությունը փրկելու շահերով: Եթե Ադրբեջանը հաղթանակ է տանում ԵԽԽՎ-ում, ապա հաղթանակ է տանում ոչ թե Հայաստանի նկատմամբ, այլ առաջին հերթին՝ հենց ՄԽ-ի և եռանախագահող երկրների: Հայտարարությամբ դա են փորձում կանխել համանախագահները:
Սակայն մյուս կողմից չի կարելի չտեսնել, որ սա նաև պաշտոնական Երևանի գործադրած ջանքերի արդյունքն է: Դրա մասին է խոսում հայտարարության հրապարակման համար ընտրված ճիշտ պահը: Բացի դրանից՝ այս հայտարարությանը նախորդել էր Ստրասբուրգում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստի արդյունքներով համատեղ հայտարարության ընդունումը: Դրանում անուղղակի անդրադարձ է արվում թե ԼՂ հմնահարցի կարգավորման գործընթացում ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձեւաչափի բացառիկ և կենսունակ դերակատարությանը և թե ԵԽԽՎ-ի կողմից վերոնշյալ բանաձևերի հնարավոր ընդունման վնասարարությանը: Հայտարարության մեջ նշվում է, թե՝ «Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին և համաեվրոպական և միջազգային այլ կառույցներին կոչ է անում համահունչ լինել համանախագահների հայտարարություններին»: Այս երկու հայտարարությունների ներքին տրամաբանական կապն առավել քան ակնառու է:
Այս փոքրիկ և դեռևս վերջնական արդյունքը՝ այսինքն բանաձևերի տապալումը չարձանագրած հաղթանակը ցույց է տալիս, որ նպատակամղվածության և քրտինք թափելու դեպքում հնարավոր է հաջողության հասնել նույնիսկ անհույս թվացող խնդիրներում: Բայց ինչո՞ւ անպայման վիճակը հասցնել նման ծայրահեղության, նոր շարժվել տեղից, եթե առավել քան ակնհայտ է, որ նման տարածաշրջանում գտնվող և նման մարտահրավերներ ունեցող Հայաստանի համար հետևողականությունն ու նպատակասլացությունը վաղուց պետք է լինեին ամենօրյա աշխատանքային ռեժիմ:
Գևորգ Դարբինյան