կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-28 13:12
Քաղաքական

Ատոմակայանը ռազմավարական հաղթաթուղթ է. Ռուստամյան

Ատոմակայանը ռազմավարական հաղթաթուղթ է. Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում խոսեց Մեծամորի ատոմակայանի նշանակության մասին: Պատասխանելով դիտարկմանը, թե ատոմակայանը Ադրբեջանի օգտին գործող ռազմավարական օբյեկտ է, և լավ կլինի, որ ատոմակայանի արդիականացմանն ուղղված գումարներն ուղղվեն ջերմաէլեկտրակայան կառուցելուն, քանի որ եթե որոշվի պայթեցնել ատոմակայանը, բոլորս էլ կտուժենք, նշեց, որ նման մտածելակերպը միայն ու միայն կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա:

«Մենք այդպես մտածելով ենք ատոմակայանը փակել, «Նաիրիտ»-ը փակել, նման անկապ, մեր երկրի համար վտանգավոր փորձեր իրականացրել: Զանգեզուրը և ատոմակայանը մեծ քաղաքական նշանակություն ունեն»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով. «Էդ ռումբը, որ պայթեց, ամբողջ տարածաշրջանին է վերաբերելու: Ատոմակայանը զսպող հանգամանք է, ադրբեջանցիներն էլ տարբեր հարթակներում ասում են՝ փակե'ք Մեծամորը»:

Պատգամավորը նշեց նաև, որ պետք է ավելի շատ մտածել հակառակի մասին: «Հակառակը` մենք պետք է զարգացնենք ատոմային էներգետիկան՝ բարեփոխելով: Երբեք չի կարելի սրանից հրաժարվել, սա մեր ռազմավարական հաղթաթուղթն է, և բոլոր նրանք, ովքեր դա չեն տեսնում, միամտաբար, թե՝ թելադրված, վտանգում են մեր անվտանգությունը»,- ասաց Ռուստամյանը: