|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նոյեմբերի 27-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
Այցի շրջանակում նոյեմբերի 27-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՌԴ Ռոստով քաղաքում հարգանքի տուրք է մատուցել ՀՀ զինված ուժերի ձևավորման և կայացման գործում մեծ դերակատարություն ունեցող գեներալ-լեյտենանտ Հրաչ Անդրեասյանի և գեներալ-գնդապետ Լև Շուստկոյի հիշատակին, ծաղիկներ է դրել նրանց հիշատակին տեղադրված հուշատախտակների մոտ, զրուցել է գեներալներ Անդրեասյանի և Շուստկոյի այրիների հետ: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Ռոստով քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ուղղաթիռներ արտադրող «Ռոսվերտոլ» ձեռնարկություն, ծանոթացել է ձեռնարկության արտադրական հնարավորություններին:
Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաև ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի շտաբում, ծանոթացել է օկրուգի ղեկավարման և կառավարման համակարգին: Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաև Հարավային օկրուգի հրամանատարության հետ, քննարկել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման շրջանակում փոխգործակցության ամրապնդման, խմբավորման կազմում ներգրավված ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակման հետ կապված խնդիրներ:
Օրվա երկրորդ կեսին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: