Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 5-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Սյույ Ցիլյանի հետ (խորհրդի նախագահը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինն է)։
Ողջույնի խոսքում Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չինաստան այցելելու հրավերի և հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար։ Սյույ Ցիլյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Չինաստան նոր խթան կհանդիսանա հայ-չինական հարաբերությունների խորացման գործում։
Վիգեն Սարգսյանը ներկայացրել է այցի ընթացքում կայացած բանակցությունների մանրամասները՝ նախանշելով պաշտպանական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հեռանկարներն ու հնարավորությունները։
Հայաստանն ու Չինաստանը վաղուց և արդյունավետ համագործակցում են բազմաթիվ ուղղություններով, այդ թվում նաև պաշտպանական հարցերում։ Մասնավորապես՝ ակտիվ փոխգործակցություն է ծավալված ռազմական կրթության և հումանիտար ոլորտներում։ Բայց ժամանակակից մարտահրավերները պարտադրում են առավել խորացնել համագործակցությունը՝ միասնական ուժերով դրանց դիմակայելու համար։ Հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակի վկայություններից մեկը փոխադարձ հավասարակշռված դիրքորոշումն է երկու երկրների համար կարևոր և զգայուն հարցերում։ Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության հարցում Չինաստանի հետևողական և կառուցողական դիրքորոշման համար։
Կողմերը համակարծիք են եղել, որ հայ-չինական հարաբերությունները մեծ ներուժ ունեն, որի իրացման ուղղությամբ անհրաժեշտ է ջանքեր գործադրել։ Դրան մեծապես կնպաստի նաև Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որը խարսխված է փոխադարձ և լիարժեք վստահության վրա։ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահի գնահատմամբ՝ Հայաստանը Չինաստանի համար վստահելի և անկեղծ բարեկամ ու գործընկեր է։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ջանքերը՝ երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցությունն առավել խորացնելու հարցում։