Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
The New York Times թերթին տված հարցազրույցում լրագրողի հարցին, թե ի՞նչն է վստահություն ներշնչում՝ կապված Հայաստանի ապագայի հետ, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Անկախությունն ինքնին նշանակալի իրադարձություն էր մեր ժողովրդի պատմության մեջ: Այսօր աշխարհասփյուռ հայությունը հնարավորություն ունի պատմական հայրենիքի մի հատվածում անկախ Հայաստան կառուցելու՝ մեր ժողովրդի հարյուրամյա երազանքը: Այսօր Հայաստանը երկիր է, որ զարգանում է քաղաքակիրթ աշխարհի կանոններով՝ արդյունավետ պետության, բաց հասարակության, մրցունակ տնտեսության կայացմամբ: Դրա հիման վրա ես իսկապես վստահ եմ մեր երկրի ապագայի հարցում, և այդ վստահությունն առաջին հերթին բխում է մեր հիանալի երիտասարդ սերնդից: Հայաստանի քաղաքացիների նոր սերունդն ավելի հայրենասեր է, քան իմ սերունդն էր, և ունի կրթական ավելի մեծ հնարավորություններ: Որպես իրենց երկրի իրապես նվիրյալ անձինք՝ նրանք, միաժամանակ, դաստիարակվել են որպես աշխարհի քաղաքացիներ: Վերջին չորս-հինգ տարիների ընթացքում տարեկան մոտ 100 երիտասարդ հայաստանցիներ ավարտել են աշխարհի առաջատար 10 համալսարանները: Ուստի մենք մեր ժամանակակից ու անվտանգ երկիրը կփոխանցենք ապահով ձեռքեր, ու ես վստահ եմ, որ նրանք այն ավելի ծաղկուն կդարձնեն»:
Հարցին, թե ինչպե՞ս կարող է Հայաստանը կամուրջ դառնալ Արևմուտքի, Ռուսաստանի, ինչպես նաև ԱՊՀ երկրների միջև, նախագահը պատասխանել է. «Անկախությունից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է եղել տարբեր համակարգերի և տարածաշրջանով հետաքրքրված ազդեցիկ կողմերի շահերի միջև` ի հակադրություն բաժանարար գծերի անցկացման: Լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ՝ Հայաստանը, միաժամանակ, զարգացրել է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և մասնակցությունը՝ ուղղված միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովմանը: Մեր երկիրը զարգացրել և շարունակելու է զարգացնել ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ և միաժամանակ հետևողականորեն առաջ է մղում եվրոպական օրակարգը: Այսօր էլ մենք հավատարիմ ենք մնում այդ սկզբունքին: Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշում է կայացրել՝ հաշվի առնելով մեր ազգային, տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը: Սակայն, ինչպես ես ասել եմ իմ ելույթներում և հարցազրույցներում, դա չի արվել ի հաշիվ Արևմուտքի հետ ունեցած մեր հարաբերությունների: Դա արտահայտվում է մեր ակտիվ ջանքերով, որոնք ուղղված են եվրոպական առանձին երկրների և Եվրամիության, ինչպես նաև ողջ Արևմուտքի հետ մեր հարաբերություններն առաջ մղելուն, որոնք ձևավորում են մեր երկրի բարգավաճման կարևորագույն բաղադրիչներից մեկը: 2013 թվականի նոյեմբերին ընդունված` Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը վերահաստատում է համակողմանի համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու` մեր ընդհանուր պատրաստակամությունը: Մենք համաձայնեցրել ենք և կիրառում ենք մուտքի արտոնագրերի դյուրացման մեխանիզմը, որը մեր համագործակցության շոշափելի արդյունքն է: Մենք վճռական ենք ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցության մեխանիզմներ որոնելու ջանքերը շարունակելու հարցում: Շնորհիվ ԵՄ և արևմտյան օժանդակության՝ մեր երկիրն իրականացրել է կարևոր բարեփոխումներ ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և տնտեսության ազատականացման ոլորտում: Մենք լավ հասկանում ենք, որ այդ բարեփոխումներն ուղղված չեն այս կամ այն կազմակերպությանը ինտեգրվելուն: Այդ բարեփոխումներն առաջին հերթին իրականացվում են հանուն մեր երկրի և մեր ժողովրդի բարօրության: Ես վստահ եմ, որ մեր արևմտյան գործընկերները կիսում են այս տեսակետն ու կշարունակեն մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներին իրենց արդյունավետ աջակցությունը:
Միևնույն ժամանակ, ես չեմ կարող չընդգծել, որ 21-րդ դարում տարբեր ինտեգրացիոն կառույցների միջև դիմակայության մասին խոսելն իմաստ չունի, երբ գլոբալիզացիան ինտենսիվ ընթացքի մեջ է, երբ աշխարհը շարժվում է ընդհանուր տնտեսական գոտիների կայացման ուղղությամբ, երբ միջպետական տնտեսական սահմանները կորցնում են իրենց նշանակությունը, երբ ազատ տնտեսական գոտիներ են հաստատվում տարբեր աշխարհամասերի միջև: Այս կապակցությամբ ԵՏՄ մուտք գործելու շնորհիվ ԵՏՄ-ի և արևմտյան գործարար համայնքների միջև Հայաստանը կարող է կարևոր կապող օղակ դառնալ: Այս համատեքստում մենք մտահոգված ենք Արևմուտքի և Ռուսաստանի միջև վերջին լարվածությամբ: Մենք շահագրգռված ենք, որ մեր գործընկերների հակասությունները հարթվեն, քանի որ փոքր երկրները, ինչպիսին Հայաստանն է, նման վայրիվերումների նկատմամբ խիստ զգայուն են»: