կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-23 14:09
Հասարակություն

Թուրքերի հետ գրված աղմկահարույց գիրքն ունի «քույր» գիրք` նվիրված հայ գրականությանը

Թուրքերի հետ գրված աղմկահարույց գիրքն ունի «քույր» գիրք` նվիրված հայ գրականությանը

Անցյալ տարվա օգոստոս ամսին պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը հանրության ուշադրությունը հրավիրեց մի գրքի, որում հայ և թուրք հեղինակները քննում էին պատմության դասավանդման խնդիրները Հայաստանում և Թուրքիայում։ Խոսքը «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» գրքի մասին է, որը հրապարակվել է 2017 թվականին, այնուհետև վերահրատարակվել 2019-ին։ Ա. Մովսիսյանն այս գրքի բովանդակային վերլուծությամբ վեր հանեց մի շարք լրջագույն խնդիրներ՝ նշելով, որ «մեր դպրոցները թուրքական հարձակման են ենթարկվում»։

Որքա՜ն ավելի մեծ պիտի լիներ լայն հանրության և մասնագիտական շրջանակների զարմանքն ու զայրույթը, եթե նրանք իմանային, որ թուրքերի հետ գրված այդ գիրքն ունի «քույր» գիրք, որը կրկին լույս է տեսել 2017 թվականին, իսկ թիրախում այս դեպքում հայտնվել է հայ գրականությունը։

Թեև «քույր» գրքում բոլոր հեղինակները հայ են, այս երկու գրքերում արծարծվող թեմաներն ու թեզերը «զարմանալիորեն» նման են։ Իմ նպատակներից դուրս է այստեղ վերլուծել այդ գիրքն ամբողջությամբ, սակայն անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ մի քանի առանցքային հարցերի։

Սկսենք սկզբից։

«Հայաստանի հզորացումը չցանկացող հայտնի և անհայտ ուժերը․․․ խորապես գնահատելով հայոց պատմության ռազմավարական նշանակությունն ու ներուժը, վաղուց ի վեր իրականացնում են այն մաս-մաս կողոպտելու և ոչնչացնելու ծրագրված քաղաքականություն»:        

Այս ահազանգը 23 տարի առաջ՝ 1998 թվականին, հնչեցրել է պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանն իր՝ «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան հայագիտության մեջ» արժեքավոր գրքում (էջ 9):

Իսկ ի՞նչ է լինում, երբ պետությունն անհրաժեշտ լրջությամբ չի մոտենում նման ահազանգերին։ Լինում է այն, որ օտար կառույցների և հիմնադրամների ֆինանսավորմամբ իրար հետևից սկսում են լույս տեսնել հետազոտություններ, որոնք այսօր պետք է սպասարկեին կրթական բարեփոխումների բովանդակությունը։

Եվ այսպես՝ 2017 թ․-ին «Եվրասիա համագործակցություն հիմնադրամը» հրապարակում է «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» գիրքը, որում ներառված են մեկ տասնյակից ավելի հեղինակներ՝ իրենց հոդվածներով։

Գրքի բուն նպատակն ի հայտ է գալիս այն պահին, երբ հեղինակները սահմանում են գրականության առաքելությունը։ Արի ու տես, որ «գրականության առաքելությունը անհանդուրժող լինելն է անհանդուրժողականության նկատմամբ, դրա կլիշեները քանդելը (!) բոլոր կողմերից՝ համոզիչ կերպով» (Անուշ Մարգարյան, Գևորգ Տեր-Գաբրիելյան, էջ 25):

Վարդան Ջալոյանը շարունակում է․ «Հանդուրժողական հասարակությունը պետք է հաղթահարի որոշակի սոցիալական, էթնիկական, քաղաքական և այլ կարծրատիպեր ու կլիշեներ» (էջ 315):

Նաև պարզվում է՝ «դասագրքերում բացակայում են (!) քննադատական մտածողության խթանմանը նպաստող մոտեցումներ, ինչն էլ գրեթե անհնար է դարձնում նախկինում արդեն ձևավորված կոնստրուկտները կասկածի տակ դնելու (!) հնարավորությունը» (Արմինե Դավթյան, Կարինե Խոջայան, էջ 229):

Անտեղյակ կամ անուշադիր ընթերցողին կարող է թվալ, թե ձևավորված կոնստրուկտները կասկածի տակ դնելու և կլիշեները քանդելու վերաբերյալ մտքերը նոր կամ անմեղ թեզեր են։

Ամենևին ո՛չ։

Կարդանք, թե դեռևս 1993 թվականին ինչ է գրում հայոց պատմության կեղծարար, տխրահռչակ Ռոնալդ Սյունին իր գրքի նպատակի մասին, այն է՝

«ԿԱԶՄԱԼՈՒԾԵԼ» (decompose) hայ «քաղաքական ազգայնականների քաղաքական գաղափարախոսության hիմքը, ըստ որի hայերի շարունակական գոյությունը որպես պատմական ժողովուրդ, նրանց առաջացումը hայկական լեռնաշխարհում նրանց զինում է ինքնորոշման և պետականության իրավունքով ու նաև պատմականորեն վավերացված պահանջատիրությամբ այն տարածքների նկատմամբ, որ կազմում են Հայաստանը» (Այվազյան, 1998, էջ 20):

Ի դեպ, թեման խորությամբ քննության է առնված Այվազյանի` վերը նշված գրքում:

Այն փաստը, որ «քույր» գրքի հեղինակներն իրենց առջև դնում են նույն նպատակը, ինչ հայոց պատմության կեղծարարները, բավարար է, որ փակենք թեմայի քննարկումը։

Սակայն կարևոր է իմանալ, թե ինչ ուղղություններով է կազմակերպված գրոհը, քանի որ նշվում է, որ «հետազոտությունները օգտակար կարող են լինել հատկապես կրթական գործընթացում» (էջ 19):

Ա) ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ

Այսպես՝ հեղինակները նախ դժգոհում են, որ դասագրքերում շեշտադրվում են

«դեռևս վաղ ժամանակներից արմատավորված ազգային արժեքները՝ սրբազան հայրենիքը, հայկական պետականությունը, հայոց հավատքը, ազգի ազատության «բացարձակության» ըմբռնումը» (Դավթյան, Խոջայան, էջ 247):

Սրանից հետո հարձակում են գործում հայ գրականության դասագրքում հնչող հետևյալ մտքի վրա՝ «Հայրենիքը բացարձակ է, անձնականը՝ մասնավոր։ Ով մեղանչում է բացարձակի դեմ, կատարում է բարոյական աններելի շեղում, որն արժանի է պատժի»։

Այստեղ հեղինակները «փոքրիկ» բացթողում են անում․ նրանք մոռանում են նշել, թե այս միտքը դասագրքում ո՞ր հեղինակի և ո՞ր ստեղծագործության շրջանակներում է նշված։

Այո՛, ճիշտ գուշակեցիք։ Դասի թեման Րաֆֆին է, ստեղծագործությունը՝ «Սամվել»։ Ո՞ւմ հայտնի չէ, որ Սամվելն իր ներքին դրաման լուծում է հօգուտ հայրենիքի՝ սպանելով ուրացող հորն ու մորը։ «Հայրենիքը բացարձակ է, անձնականը՝ մասնավոր»․ ահա՛ այն գաղափարական գիծը, որով շնչում են Րաֆֆու ստեղծագործությունները։ Սա Րաֆֆին է՝ հայ ազատագրական պայքարի ամենավառ գաղափարախոսներից մեկը։ Ուստի պարզ է դառնում, թե ինչու են բաց թողնում Րաֆֆու անվան և «Սամվել» վեպի հիշատակումը․ չէ՞ որ այդ դեպքում միանգամից պարզ կդառնա, թե գրականության դասագրքի հեղինակներն ինչու են հենց այստեղ ընդգծել վերոնշյալ միտքը։

Դասագրքում ներառված «Հայրենիքը բացարձակ է, անձնականը՝ մասնավոր» միտքն ուղղակի կատաղեցրել է Արա Նեդոլյանին։ Նա այն պիտակում է «գռեհիկ կարգախոս», իսկ Րաֆֆու ազատագրական պայքարի գաղափարախոսությունն անվանում է «տիպիկ քյառթուություն (!!), գավառամտություն (!) ու մանկավարժական (էլ չենք ասում՝ քաղաքացիական) մաքուր չարիք (!)» (էջ 297):

Րաֆֆու գաղափարախոսությունը քյառթուություն անվանելու համար Նեդոլյանին օգնում է Աշոտ Գաբրիելյանի և Արքմենիկ Նիկողոսյանի հեղինակած հոդվածը՝ «Քյառթուի կերպարը որպես անհանդուրժողականության ներկայացման միջոց արդի հայ արձակում» (էջ 201):

Միանգամից նշենք, որ քյառթուի կերպարն այստեղ կիրառվում է ընդամենը որպես գործիք՝ ազգայինը որպես նախնադարյան, հակաքաղաքացիական, անպետք հնոտի ներկայացնելու համար։

Բ) ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔ, ԷՊՈՍ ԵՎ ԲԱՆԱԿ

Արա Նեդոլյանը գիրքն ամփոփող իր հոդվածում քը՛րթ կտրում է ամեն հնարավոր կապ մեր ավանդավեպերի և էպոսի հետ՝ թույլ չտալով, որ մենք մեզ «նույնացնենք» մեր հերոսների հետ։ Խնդրեմ․

«․․․մենք արդեն պարտավոր ենք հաղթահարել նաև նույնացումը այդ էպիկական աշխարհի կամ աշխարհների հետ, գիտակցել, որ դա ԱՅԼ հասարակարգ է, իրեն հատուկ կանոններով ու արժեքներով, որոնք ոչ մի կերպ (!!), ուղղակի կամ պայմանականորեն, չեն կարող վերարտադրվել մեր իրականությունում, լինել բարոյական կամ իմաստաբանական գնահատականների և ակտուալ վարքականոնների հիմք»։ (էջ 296)

Իբր սա քիչ էր, սրան ավելանում է Գևորգ Տեր-Գաբրիելյանի «կարևոր պարզաբանումը».

«Դա էպիկական աշխարհ է․․․ Այսօր չի կարող որպես ռեալիզմ ընկալվել (!) — և դա է վտանգը (!), որ այսօր դրա սինկրետիզմն են օգտագործում միֆոլոգիա ստեղծելու համար, իբր՝ դա ռեալ էր, ու եկեք լինենք Սասնա ծռեր»: (էջ 296)

Ասել կուզեն՝ մեր էպոսը, զինվորական վարքականոնն ու ավանդավեպերը ժամկետանց բաներ են։

Բացատրությունների փոխարեն թատերագետ-մշակութաբանին ու արձակագրին առաջարկենք ծանոթանալ Արմեն Այվազյանի «Հայ զինվորականության պատվո վարքականոնը» աշխատությանը, իսկ «Սասնա ծռեր» էպոսում հանդուրժողականություն և անհանդուրժողականություն փնտրտելու փոխարեն ավելի օգտավետ գործ անել։ Օրինակ՝, հետևել Այվազյանի հորդորին և քննել, թե ինչպես է արտացոլվում հայ ռազմիկի արժեհամակարգը մեր էպոսում, իսկ հետո ջանք թափել, որ այդպիսի հետազոտություններն օգտագործվեն մեր բանակի իրական բարենորոգման համար։ Թե չէ, ինչպես ասում էր Պատկանյանը,

                  Բայց թե գըրչեդ շահ չունի Հայաստան,

                  Թըքել ենք քու ալ, գըրչիդ ալ վրան:

Գ) «ՄԵՆՔ»-Ի ԵՎ «ՆՐԱՆՔ»-Ի ԸՆԿԱԼՈՒՄ (ԷԹՆՈԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ)

Սոցիոլոգ Սոնա Մելիքջանյանի հիմնական գործը եղել է հաշվել, թե քանի անգամ են օգտագործվում «մենք», «նրանք», «ռուս», «թուրք», «ազգ», «ազգային», «հայրենասիրություն» և այլ բառեր, քանի որ, ա՛յ քեզ հայտնագործություն, «սրանք, ըստ էության, ազգային (ան)հանդուրժողականության ձևավորման անուղղակի տարրեր են» (էջ 279):

Հատկանշական է, որ բառերը հաշվելուց և մի շարք այլ «գյուտեր» անելուց հետո Սոնա Մելիքջանյանը եզրակացնում է, որ

««Հայ գրականություն» առարկայի դասագրքերում առկա է բացասական վերաբերմունք թուրքերի, պարսիկների և արաբների նկատմամբ, ինչը դարերով եկած պատերազմների և թշնամանքի արտացոլումն է։ Միևնույն ժամանակ, հենց այս հանգամանքն է, ըստ էության, նպաստում այդ թշնամանքի շարունակական լինելուն և սերնդեսերունդ փոխանցվելուն» (էջ 287):

Հարց՝ միայն տեղի ունեցած պատերազմների պատճառո՞վ է թշնամանքը շարունակվում որևէ պետության նկատմամբ։ Սոցիոլոգ Մելիքջանյանին կարելի է տեղեկացնել, որ թշնամանքը շարունակվում է այն երկրների հանդեպ, որոնք թշնամական և ցեղասպանակա՛ն քաղաքականություն են վարել և վարո՛ւմ քո երկրի նկատմամբ։ Թշնամանքը շարունակվում է այն երկրների նկատմամբ, որոնք պետական մակարդակով քեզ ոչնչացնելու ծրագիր ունեն։

Դ) ԲՆԻԿՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ԷԹՆՈԳԵՆԵՏԻԿ ՏԱՐԱԾՔ

Դասագրքերի վերլուծությունն առանձնանում է մեկ այլ ցնցող գյուտով։ Պարզվում է՝ պատմական Հայաստանի տարածք հասած եկվորներին դասագրքերը ներկայացնում են բացասական երանգավորմամբ, ինչը «ոչ լեգիտիմ է դարձնում վերջիններիս՝ իրենց ծագման վայրից հեռու գտնվելու փաստը» (Դավթյան, Խոջայան, էջ 231)։

Խելքներիդ ձուն գա՝ կասեր ժողովուրդը։ Բայց այսօր, թերևս, դժգոհելու տեղ պետք է չունենան գրքի հեղինակները։ Իրենց ծագման վայրից հեռու գտնվողներին մենք արդեն «հրավիրել ենք» Հայկական լեռնաշխարհ, մասնավորապես՝ Արցախ․․․ Ուղղակի, ցավոք, ո՛չ թեյ խմելու․․․

Հաջորդ հարվածն ուղղվում է Խաչատուր Աբովյանին։ Կիրառել են նույն հնարքը։ Դասագրքից պոկել-հանել են այս միտքը՝ առանց նշելու, թե ո՞ր թեմայի շրջանակում է ներկայացված այն․

«Բնությունը ոչ միայն կենսական բարիքների աղբյուր է, այլև էթնիկական ինքնության խորհրդանիշ։ Բնությունն է կերտել մեր ազգային բնավորությունը, ցեղային մեր հատկանիշը, որովհետև այստեղ է կազմավորվել մեր մարմինն ու հոգին, այստեղ ենք մենք ճանաչել տիեզերքը, աստղերը, արշալույսները, գույները, շարժումները, որոտը, կայծակը, կենդանական աշխարհը և այլն, և այլն» (Դավթյան, Խոջայան, էջ 232)։

«Վերք Հայաստանի» վեպը կարդացած և չկարդացած ընթերցողին հիշեցնեմ, որ այնտեղ կա Հրազդան գետին՝ մեր Զանգվին նվիրված հատված, որում Աբովյանը գրում է այն մասին, որ Հայկ Նահապետն իրեն բնօրրան ընտրեց հենց այս երկիրը, որ մեր նախնիները ժառանգեցին այս երկնատիպ դաշտը, ծաղկածին ձորերը, այս երկնաբարձ լեռները, հետևաբար՝ այժմ, այսուհետև և հավիտյանս այն պետք է կոչվի Հայաստան։

Արա Նեդոլյանն առաջ է անցնում և դասագրքից առանձնացված այս միտքը պիտակում է որպես «պրոտո-ֆաշիստական գաղափար» (Էջ 297):

Գաղափարակից եղբայր և քույր են Արա Նեդոլյանն ու ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Մեկը ֆաշիզմ է տեսնում Աբովյանի «Վերքում», մյուսը՝ Նժդեհի գաղափարախոսության մեջ («Նժեդհական գաղափարախոսությունը, ըստ էության, ֆաշիստական գաղափարախոսություն է»,- 2012 թվականի իր ելույթներից մեկում հայտարարել է Անդրեասյանը)։ Տեսնես, ի վերջո, ո՞ւմ շահերի պաշտպանն են կրթության ոլորտի մերօրյա այս «բարենորոգիչները»․․․

Ե) ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրքի հեղինակները, իհարկե, չէին կարող բաց թողնել Ցեղասպանության թեման։ Լրագրող Գայանե Մկրտչյանն անդրադառնում է Հակոբ Մնձուրու գրականությանը՝ այն համարելով հանդուրժողականության հրաշալի օրինակ։ Մկրտչյանը նշում է, որ Մնձուրին ներկայացնում է «միայն լուսավոր վերհուշը, լուսավոր կողմը, խնայելով իրեն, ընթերցողին, չհիշատակելով մեղավորին, որոնք գուցե միայն մարդիկ չեն» (էջ 170):

Թեման առանձնակի կատաղությամբ զարգացնում է Վարդան Ջալոյանը՝ հայտարարելով, որ «1915-ի գենոցիդը Հայաստանում քսենոֆոբիական երազանքների հիմնական աղբյուրն է» (էջ 324):

Հայ հասարակությունը ատելու և վախենալու ինչ-որ երազանքներ ունի, և Ցեղասպանությունը մեզ համար լավ առիթ է՝ այդ երազանքներն իրականացնելու համա՞ր․․․ Ջալոյանը, թերևս, ի՛նքն է արթմնի երազում և հորինում բաներ, որոնց գոյությունը որևէ կերպ չի հիմնավորում։

Գրքի համար ամփոփոիչ խոսք ասողները հայ ժողովրդին նաև արգելում են իջնել Մնձուրու «մակարդակից ներքև»․

«Մնձուրու մակարդակից «ներքև» ցեղասպանությունը հանրային մի շարք շերտերում ռեակտիվ ազգայնական քսենոֆոբիա է առաջացնում, որին, ավաղ, հաճախ է տրվում հայ հասարակությունը» (էջ 24):

Ուրեմն, ամենևին պատահական չէ գրքի եզրափակիչ ակորդը, որ հնչեցնում է Նեդոլյանը։ Նա առաջարկում է որդեգրել հետևյալ ընդհանրական մոտեցումը. «Ազգային-ազատագրական պայքարի փուլը, «մեկ բռունցքի նման», անցած է, և սկսվում է ներքին ձայների բազմազանությունն ու տարբերակումը» (էջ 302):

2016-17 թթ․-ին գրված այս գրքի բոլոր թեզերն այսօրվա հետհայացքով ավելի են հստականում․․․ Սա ո՛չ խաղաղարարություն է, ո՛չ համակեցության նախապատրաստում։ Սա Հայաստանի և Հայաստանի կրթական համակարգի բռնազավթում է, որի միջոցով փորձ է արվելու ավարտին հասցնել հայության դիմադրողականությունը ոչնչացնելու մանրամասն մշակված ծրագիրը։

Լուսավորչի դիմակով մեր դպրոց ներխուժած այս մարդիկ կանգ չեն առնելու։

Իսկ ի՞նչ է անելու Հայաստան պետությունը։

 

Աննա Աղլամազյան

Լեզվաբանության մագիստրոս

Հունիս 17, 2021