կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-16 16:45
Իրավական

«ԱրտՖուդ»-ի առաքիչն ու «Մարիոթ»-ի խոհարարը մեղադրվում են Դուբայում աղմկահարույց սպանության ու ադամանդների գողության մեջ

«ԱրտՖուդ»-ի առաքիչն ու «Մարիոթ»-ի խոհարարը մեղադրվում են Դուբայում աղմկահարույց սպանության ու ադամանդների գողության մեջ

ՀՀ երեք քաղաքացիների կողմից Դուբայում Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիին սպանելու, նրան պատկանող գրասենյակից 1.700.000 ԱՄՆ դոլար արժողության ադամանդներ գողանալու, դրանք մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու գործը քաղաքական ենթատեքստ ունի և կապված է երկու երկրների հարաբերությունների հետ: Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նման կարծիք հայտնեց այս գործով ամբաստանյալ Սեմյոն Եդիգարյանի պաշտպան Կարեն Հակոբյանը: Նրա խոսքով` դա է եղել պատճառը, որ նախաքննությունն ի սկզբանե մի ուղղությամբ է տարվել:

Նախաքննության համաձայն՝ Երևանի 35-ամյա բնակիչ Հովհաննես Մելքոնյանը  հաճախակի արտագնա աշխատանքի է մեկնել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք, որտեղ զբաղվել է ադամանդների առքուվաճառքով և գործնական հարաբերություններ հաստատել Դուբայի Դեյրա թաղամասի ոսկու առևտրի կենտրոնում գործող` ադամանդների վաճառքով զբաղվող մի ընկերության գրասենյակի աշխատակից, Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիի հետ: Առանձնապես խոշոր չափերով ադամանդ հափշտակելու նպատակով վերջինիս սպանելու և ադամանդները մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու նպատակով  Հովհաննես Մելքոնյանը  ձևավորել է կազմակերպված խումբ՝ ընդգրկելով հորեղբոր 24-ամյա որդուն՝ Խոսրով Մելքոնյանին, ու նրա 26-ամյա ընկերոջը՝ Սեմյոն Եդիգարյանին:

Ըստ նախաքննության՝ խմբի  անդամներից երկուսը,  2014 թվականի հունվարին միմյանց միջև նախապես կատարված դերաբաշխման համաձայն,  հանդիպել են Սալոնկիի հետ և պատվիրել  ադամանդներ՝ պայմանավորվելով առքուվաճառքի գործարքը կատարել 2014թ. հունվարի 22-ի երեկոյան: Նույն օրը նրանք գնացել են ոսկու առևտրի կենտրոն՝ ադամանդները տեսնելու և զննելու պատրվակով: Այնուհետև, նախապես մշակված պլանի համաձայն, ադամանդները հափշտակելու նպատակով հարձակում են գործել Սալոնկիի վրա, կապկպել նրա ձեռքերն ու ոտքերը ու, տոպրակը գլխին հագցնելով ՝ մեխանիկական շնչահեղձության եղանակով, դիտավորությամբ կյանքից զրկել նրան, ապա` հափշտակել առանձնապես խոշոր չափերի` 1.700.000 ԱՄՆ դոլար արժողության 6.800 կարատ` տարբեր գույների ադամանդներ:

Քննության տվյալներով՝ խմբի անդամները մաքսանենգ ճանապարհով՝ Դուբայ-Երևան չվերթով, ադամանդները տեղափոխել են Հայաստան:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝  երեք քաղաքացու մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերի, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 215-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում քննվող այսօրվա առաջին դատական նիստում երեք ամբաստանյալներն էլ առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր չճանաչեցին: Ավելին` գործով մեղադրյալ Հովհաննես Մելքոնյանը հայտարարեց, որ իրեն անհասկանալի են այն փաստական հանգամանքները, որոնք դրվել են մեղադրանքի հիմքում: Անդրադառնալով իրեն մեղսագրված` մաքսանենգության հոդվածին` ամբաստանյալն ասաց, որ իրեն ձերբակալել են հենց օդանավում, երբ դեռ բեռը չէր անցկացրել, հետևաբար, ինչպե՞ս են ենթադրել, որ ինքը մաքսանենգություն է կատարել:

Ի դեպ, Հովհաննես Մելքոնյանի կենսագրական տվյալներն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ նա խնամքի տակ ունի 5 տարեկան երեխա և երբևէ չի աշխատել:

Նրա հորեղբոր որդին՝ Խոսրով  Մելքոնյանը, հայտնեց, որ աշխատել է «Մարիոթ»-ում` որպես խոհարար, իսկ գործով մյուս ամբաստանյալը` Սեմյոն Եդիգարյանը, պարզվեց` «ԱրտՖուդ»-ի առաքիչ է:

Ազգականներ Հովհաննես և Խոսրով Մելքոնյանների պաշտպան Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքը ենթադրությունների արդյունք է, և որ Հովհաննես Մելքոնյանը Դուբայ է մեկնել` հանգստանալու, ոչ թե կազմակերպված խումբ ստեղծելու և հանցագործություն կատարելու: Պաշտպանը մի քանի միջնորդություններ ներկայացրեց դատարանին, մասնավորապես` Մելքոնյանների դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև  նրանց վերաբերյալ գործը կարճելու, որը, սակայն, դատավորը մերժեց՝ նշելով, որ հիմքեր չկան` գործը կարճելու համար: Իսկ պաշտպանյալների նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու, իսկ անհնարինության դեպքում` պետության կողմից սահմանված գրավի չափով այն փոխարինելու միջնորդությունը դատավորը խոստացավ քննարկել նիստի ավարտին:

 Սեմյոն Եդիգարյանի պաշտպան Կարեն Հակոբյանն էլ բարձրաձայնեց նախաքննական մարմնի կողմից օրենքի կոպիտ խախտումի մասին`  կալանքի տակ պահելու ժամկետների խախտման՝ նշելով, որ նախաքննությունը տևել է 1 տարի 4 ամիս և 7 օր:

Պաշտպանները միջնորդեցին նաև` որպես ապացույց` ձեռք բերել ադամանդների գրասենյակի մուտքի մոտ և տուժողի աշխատասենյակում գտնվող տեսանկարահանող սարքավորումները և դրանց զննությունները: Ըստ նրանց՝ այդ ինֆորմացիան կարևոր նշանակություն ունի և կարող է հերքել կամ ապացուցել իրենց պաշտպանյալների մեղքը:

Կարեն Հակոբյանն էլ միջնորդեց գլխավոր դատախազությունից պահանջել Արաբական Միացյալ Էմիրություններում սպանություն և ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու միջնորդությունը:

Նշենք նաև, որ Արաբական Միացյալ Էմիրությունների իրավասու մարմինների կողմից 2014 թվականին միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ 2014 թ. հունվարի 22-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիի վրա հարձակվելու և սպանելու, ադամանդներ հափշտակելու մեղադրանքով ՀՀ երեք քաղաքացիներին հանձնելու վերաբերյալ, ինչը ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ մերժվել է: 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ