Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վաշինգտոնում հարյուր հազարավոր կանայք են դուրս եկել «Կանանց երթի», որը դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հաջորդ օրը կազմակերպված բողոքի միջազգային ակցիայի բարձրակետը:
Նախապես ենթադրվում էր, որ երթին կմասնակցի մինչև 200 հազար մարդ: Վաշինգտոնում բողոքի ակցիային միացել են շարք հայտնի գործիչներ, այդ թվում՝ երգչուհի Ալիշա Քիզը, ռեժիսոր Մայքլ Մուրը, դերասանուհիներ Սքառլեթ Յոհանսոնը, Էմի Շումերը, Պատրիսիա Արկետը:
Ելույթ է ունեցել նաև երգչուհի Մադոննան՝ հանդես գալով կտրուկ արտահայտություններով: «Այո՛, ես վրդովված եմ, այո՛, ես մտածում էի՝ արդյո՞ք չպայթեցնեմ Սպիտակ տունը»,- հայտարարել է երգչուհին:
Մադոննան երկու անգամ հայհոյել է Թրամփին, ինչից հետո CNN-ը ստիպված է եղել ընդհատել հեռարձակումը:
Հաղորդավարուհին ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Մադոննայի բառապաշարի համար: «Սա Մադոննան է, մենք չգիտեինք, թե նա ինչ էր պատրաստվում ասել»,- ասել է հաղորդավարուհին:
Վաշինգտոնում կազմակերպված երթին իրենց համերաշխությունն են հայտնել ու նմանատիպ երթեր են կազմակերպվել հարյուրավոր քաղաքներում, այդ թվում՝ Սիդնեյում, Լոնդոնում, Փարիզում ու Բարսելոնում:
Երթի կազմակերպիչների թվում կան ձախ կուսակցությունների, ֆեմինիստական, «կանաչ» շարժումների ակտիվիստներ, որոնք ցանկանում են ուշադրություն հրավիրել կանանց իրավունքնեերի խնդիրների նկատմամբ, որոնք, ըստ նրանց, վտանգված են՝ կապված Դոնալդ Թրամփի՝ իշխանության գալու հետ:
Երթի մասնակիցներից շատերը կրել են վառ վարդագույն գլխարկներ, կողմ են հանդես գալիս ռասայական հավասարությանը, հասանելի առողջապահությանն ու աբորտների իրավունքին: