կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-12 14:19
Հասարակություն

Օրինակները շատ են, բա ո՞ւր եք, չտեսանք, որ դատապարտեիք կանանց երթի վրա մեքենա քշողներին. դիտարկում

Օրինակները շատ են, բա ո՞ւր եք, չտեսանք, որ դատապարտեիք կանանց երթի վրա մեքենա քշողներին. դիտարկում
Նորից եմ ասում՝ ընդդիմության պայքարը մտել է նյարդերի կռվի փուլ: Ոչ մի դեպքում չպետք է տրվել սադրանքների: Իշխանությունները սադրիչների պակաս չունեն, նրանք իրենց դեմքով չեն անում, իսկ ընդդիմությունը իր մասնակիցներով է արձագանքելու, հետևաբար չի կարելի և չպետք է տեղի տալ:
 
Ընդդիմությունը ագրեսիա չի դրսևորում, փորձում է ագրեսիային ագրեսիայով չպատասխանել: Հակառակը, հայտարարել է, որ վերջապես փակում է հասարակությանը տարանջատելու աղետալի էջը: Ստացվում է, կստացվի:
 
Դատապարտել բռնությունը կնշանակի, որ պետք է դատապարտել բոլոր տեսակների և ժամանակների բռնությունները և բոլոր տեսակի սադրանքները, որոնք կարող են հիմք լինել հնարավոր բռնության: Դատապարտել բռնությունը և լինել օբեկտիվ դժվար է մի շարք իշխանական գործիչների և իշխանության հպատակ լրատվականների համար:
 
Չտեսանք, որ դատապարտեն կանանց երթի վրա մեքենա քշողներին:
 
Չտեսանք, որ դատապարտեն ընդդիմության առաջնորդներին մարմնական վնասվածք հասցնելու ցանկություն հայտնածներին:
 
Չտեսանք, որ դատապարտեն իր թոռնիկի հետ Ազատության հրապարակում հանգիստ քայլող պապիկի վրա հարձակվող բորենիներին:
 
Չտեսանք, որ դատապարտեն Արցախի նախկին նախագահի գլուխը քարերով ջարդելու ցանկություն հայտնողներին:
 
Չտեսանք, որ դատապարտեն տարեց մարդկանց՝ տատիկներին և պապիկներին փողոցում գետին փռող ոստիկանական համազգեստով անհասկանալի մարդկանց:
 
Չտեսանք, որ դատապարտեն ընդդիմության խաղաղ երթերին մասնակցող մարդկանց անձն ու ինքնասիրությունը վիրավորող խոսքերն ու ժեստերը:
 
Չտեսանք, որ դատապարտեն ոստիկանների բիրտ ուժի կիրառումը:
 
Օրինակները շատ են: Բա ո՞ւր եք:
 
Արմեն Գրիգորյան
ՀՅԴ անդամ, տնտեսագետ