Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության, հաստատել է, որ Բաքուն ցանկանում է պաշտպանական ժամանակակից համակարգեր ձեռք բերել: «Այո, մենք բանակցություններ ենք վարում գնումների հետ կապված: Դուք լավ գիտեք, թե որքան զարգացած է ռուսական ռազմական արդյունաբերությունը: Մենք հետաքրքրված ենք հիմնականում ամենաժամանակից պաշտպանական զինատեսակներով: Դա վերաբերում է թե՛ ուղղաթիռային տեխնիկային, թե՛ պաշտպանական ամբողջ կոմպլեքսին»,-ասել է Ալիևը՝ դավոսյան տնտեսական գլոբալ ֆորումի մասնակցության ընթացքում: Ըստ գործակալության՝ Ալիևը նաև հայտնել է, որ կա Ադրբեջանի և Ռուսաստանի միջև զինտեխնիկայի ձեռքբերման նոր պայմանագրերի կնքման լավ հեռանկար:
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 16-ին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մեկնել էր Բաքու՝ Ալիևի հետ քննարկելու ռազմատեխնիկական համագործակցության, սպառազինության նոր մատակարարումներին առնչվող հարցեր: Դավոսում Ալիևի արատահայտած լավատեսությունը վկայում է, որ Ռագոզինի այցը եղել է արդյունավետ, և, որ նոր գործարքներն առաջին հերթին վերաբերելու են հակաօդային պաշտպանության համակարգերին: Չնայած այս առումով Ադրբեջանը տիրապետում է ռուսական ամենաժամանակակից համակարգերին, ինչպես օրինակ զենիթահրթիռային «ՏՈՐ» և «ԲՈՒԿ» զենիթահրթիռային կայանքները, սակայն դրանք, թերևս բավարար չեն համարվում Հայաստանի ԶՈՒ արսենալում առկա «Իսկանդեր Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի սպառնալիքը նվազեցնելու առումով: Այսպիսով կարելի է փաստել, որ Հայաստանին «Իսկանդեր Է»-ի տրամադրմամբ Ռուսաստանն իրականում Ադրբեջանին իրենից նոր, ժամանակակից զինտեխնիկա գնելու շարժառիթ է ստեղծել:
Ռուս ռազմական փորձագետ Եվգենի Դամանցևն օրերս ռուսական պաշտոնական «Военное обозрение» պարբերականում հրապարակած հոդվածում նշել է, թե Ադրբեջանը Իսրայելից ձեռք է բերել Green Pine ռադիոտեղորոշիչի ժամանակակից համակարգ, ապա ավելացրել, թե դրան ի հակակշիռ ՌԴ-ն Գյումրիի 102-րդ ռազմաբազայում տեղակայել է սեփական արտադրության «Երկինք Մ» համանման, բայց շատ ավելի հզոր համակարգ, որն ունի 1800կմ շառավղով օդային տարածքի հսկողության կարողություն և ունակ է հսկել միաժամանակ 20 բալիստիկ հրթիռի տեղաշարժ:
Դժվար է ասել՝ որքանով են ճիշտ ռուս փորձագետի ներկայացրած տվյալները: Ամենևին չի բացառվում, որ նման տեղեկությունների հրապարակումը պարզապես հետապնդում է հայաստանյան հասարակության վրա ռուս-ադրբեջանական նոր ռազմատեխնիկական պայմանագրերի առաջիկա կնքման տեղեկատվա-հոգեբանական ազդեցությունը նվազեցնելու նպատակ: Սակայն, եթե նույնիսկ ընդունենք, որ նման կայանք Հայատանում իսկապես կա, ապա այն ոչ թե Հայաստանի ԶՈՒ-ին է պատկանում, այլ ռուսական ռազմակայանին: Սա կարևոր և նուրբ պահ է: Հայաստանի և Ռուսասատանի ՀՕՊ համատեղ համակարգի ձևավորման շրջանակներում ռուսական կողմը կարող է իր օդատիեզերական ուժերի կողմից ստացվող տեղեկությունները փոխանցել ըստ էության միայն Հայաստանի օդային տարածքի կտրվածքով: Եվ չի կարելի բացառել, որ ԼՂ օդային տարածքի պաշտպանությունը դուրս է գտնվում հայ-ռուսական համատեղ այդ ՀՕՊ համակարգի հսկողությունից: Համենայնդեպս Մոսկվան բազմիցս է հայտարարել, որ պարտավորություններ ունի բացառապես Հայաստանի և նրա տարածքի պաշտպանության հարցում:
Անկախ սրանից, սակայն Մոսկվան, փաստորեն, նույնիսկ ապրիլյան պատերազմից հետո է, ինչպես ասում են «փող է շինում» հայ-ադրբեջանական հակամարտության սրման վրա՝ կողմերի միջև խթանելով սպառազինման կատաղի մրցավազք: Բալանս ապահովելու անվան տակ Հայաստանում նոր ժամանակակից կայանքներ տեղակայելով ՌԴ-ն զուգահեռ նաև տարածաշրջանային կտրվածքով իր ռազմավարական շահերն է սպասարկում:
Ռուսական կողմը տարածաշրջանի ակնհայտ միլիտարիզացման էֆեկտը փորձում է փոքրացնել նրանով, թե ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը և թույլ չի տա, որպեսզի կողմերից որևէ մեկը խախտի հարաբերական բալանսը, անսպասելի լայնածավալ ռազմական գործողություններ սկսի, կիրառի իր կողմից վաճառված ժամանակակից զինտեխնիկան: Թե ինչ արժեն նրա հավաստիացումները, ցույց տվեց ապրիլյան պատերազմը: Բայց, եթե նույնիսկ այդ երաշխիքները հիմա երկաթյա լինեին, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ իրավիճակ կարող է ստեղծվել վաղը: Ուղղակի սարսափելի է մտածել, թե ինչի է վերածվելու այս տարածաշրջանը, եթե անգամ մեկ ակնթարթ Ռուսաստանը կորցնի առանց այն էլ խիստ հեղհեղուկ և կասկածելի վերահսկողությունը:
Սպառազինության մրցավազքի խթանումը հակադրվում է ԼՂ հարցում Ռուսաստանի վերջին շրջանի քիչ թե շատ հավասարակշռված և զսպողական հռետորաբանությանը: Այդ զենքը Ադրբեջանը չի գնում՝ զորավարժություններին օգտագործելով սպասելու կամ Կասպիցը նետելու համար: Որքան Ռուսաստանը, միջազգային հանրության հետ սպառազինման այս խելահեղ մրցավազքը կանգնեցնելու փոխարեն այն իբր բալանսավորված թխանելու ուղեգծի վրա է, այնքան մեծացնում է նոր պատերազմի վերսկսման վտանգը՝ անկախ նրանից, թե ինչ հայտարարություններ են արվում Մոսկվայից:
Գևորգ Դարբինյան