Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանական լրատվական աղբյուրները տեղեկացնում են, որ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության Sharg արտադրական միավորման և ՌԴ «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի միջև ստորագրվել է նոր սերնդի մարտավարական հրթիռների համատեղ արտադրության մասին հուշագիր: Դա տեղի է ունեցել Բաքվում անցկացված` ADEX 2016 պաշտպանական միջազգային ցուցահանդեսի շրջանակում, որին մասնակցում էին ռուսական ռազմարդյունաբերության մի քանի հսկաներ:
Որքանով է հավաստի այս տեղեկատվությունը, պարզ չէ: Ադրբեջանական լրատվամիջոցների արժանապատվությանը վստահել հնարավոր չէ, իսկ ռուսական կողմն այն պաշտոնապես դեռ չի հաստատել: Չի բացառվում, որ սա քարոզչական ապատեղեկատվություն է: Էականը, սակայն, այն է, որ նման տեղեկատվության սպրդումն ինքնին բացահայտում է, թե ինչ նոր նպատակներ է իր առջև դրել Բաքուն: Առաջինն օպերատիվ-տակտիկական հրթիռների սպառազինության հարցում Հայաստանի հետ որոշակիորեն խախտված բալանսը վերականգնելն է, եթե ոչ` այս ոլորտում նրան գերազանցելը: Ակնհայտ է, որ սա հայկական զինուժի արսենալում «Իսկանդեր» համակարգերի առկայության բացահայտման արգասիքն է: Դեռ սեպտեմբերի 27-ին ADEX 2016 ցուցահանդեսի բացման ժամանակ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել էր, թե Ադրբեջանը մտադիր է իր տարածքում փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ արտադրելու տեխնոլոգիաներ գնել և այդ հարցի շուրջ բանակցություններ է վարում: Նա չէր հստակեցրել, թե ում հետ են տարվում այդ բանակցությունները:
Երկրորդ՝ Բաքուն ձգտում է փոքր հեռահարության մարտավարական հրթիռային կայանքների ձեռք բերման հարցը լուծել հենց Ռուսաստանի միջոցով: Եթե անգամ նման հուշագիր չի ստորագրվել, ապա տեղեկատվական այս արտահոսքի նպատակը Ռուսաստանի ուշադրությունը գրավելն է կամ Մոսկվայի տրամադրությունները շոշափելը: Բաքվի ռազմատեխնիկական ցուցահանդեսին ռուսական ընկերությունների ներկայացվածության ծավալները վկայում են, որ Մոսկվայում դեմ չեն Բաքվի հետ նոր գործանքներին: Նախորդ 5 տարիներին Ադրբեջանը հանդիսացել է ռուսական ռազմարդյունաբերության արտադրանքի հիմնական գնորդը: Տնտեսական առումով` իր լավագույն օրերը չապրող այդ երկրին օդ ու ջրի պես անհրաժեշտ է եղած շուկաների պահպանումը:
Փաստորեն, կարելի է արձանագրել, որ Հայաստանի և Ադրբեջանի սպառազինության մրցավազքը տեղափոխվում է նոր՝ շատ ավելի մասշտաբային, ավելի վտանգավոր շրջափուլ: Որևէ փուլում կողմերից յուրաքանչյուրի հարաբերական ռազմական առավելությունը հանգեցնում է հակառակ կողմից այդ առավելությունը չեզոքացնելուն ուղղված ակտիվ միջոցառումներին: Հայկական ԶՈՒ-ն զիջում է, այսպես կոչված, «մարտադաշտային» զինատեսակների մակարդակում և դա փորձում է լրացնել` պաշտպանական բնույթի ժամանակակից զինտեխնիկա ձեռք բերելով՝ ընդհուպ մտնելով հարյուրավոր միլիոնանոց վարկային պարտավորությունների տակ: Ադրբեջանը զիջում է ստրատեգիական, հեռահար խոցման զինտեխնիկայի, համակարգերի հարցում և փորձում է այդ բացը լրացնել` սեփական ռազմարդյունաբերության ռեսուրսներն ուժեղացնելով՝ դրանում ռուսական կապիտալի ներգրավման միջոցով: Եվ սա տեղի է ունենում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նորից սկսված ճգնաժամի ֆոնին:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտնել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի երկրորդ կեսին կժամանեն տարածաշրջան, որի արդյունքում կորոշվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրն ու ժամկետը: Չնայած Մամեդյարովի այս պարզաբանումը խոսում է նախագահների նոր հանդիպմանը Բաքվի սկզբունքորեն համաձայն լինելու մասին, սակայն այսօր Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարել է, թե ներկա պահին նման հանդիպում կազմակերպելու հնարավորություն չկա, քանի որ չկա դրա օրակարգը: Փաստացի, Երևանը հրաժարվում է նոր բանակցություններից՝ թերևս պնդելով դրանից առաջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման վրա: Դրան էլ համաձայն չէ Ադրբեջանը, որի համար նախագահների նոր հանդիպման կազմակերպումը հետապնդում է, ԼՂ կարգավորման հարցն օրակարգ վերադարձնելով, այդ պայմանավորվածությունների պարտադիր կատարման միջնորդների և Երևանի պահանջները «ջրելու» նպատակ: Այսինքն` կողմերը դնում են միմյանց փոխբացառող օրակարգեր, ինչը պրոցեսը նորից մտցնում է փակուղի: Այս իրողությունը հաստատել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Վաշինգտոնում այսօր նա, միջազգային հիմնախնդիրների համատեքստում խոսելով Արցախյան հարցի մասին, ասել է, թե դեռ պայմաններ չեն ստեղծվել այդ հակամարտության կարգավորման համար, քանի որ դրան պատրաստ չեն առաջնորդները:
Որքան էլ ներկայումս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պահպանվում է հարաբերական անդորրը, ակնհայտ է, որ կողմերը ձգտում են բանակցային նոր ճգնաժամի առաջացրած վակուումը լցնել ակտիվ սպառազինմամբ: Պարզապես երկու կողմերն էլ ելնում են նրանից, որ ներկա պահին չկա հարցի քաղաքական լուծում, և այլ տարբերակ, քան պատերազմը, կարծես թե չի մնում:
Որքան կողմերը տուրք են տալիս սպառազինման մրցավազքին, այնքան դրանից օգտվում է Ռուսաստանը՝ մի կողմից դառնալով այդ սպառազինման հիմնական մատակարարը, մյուս կողմից` հենց այդ ճանապարհով մեծացնելով թե\' Երևանի և թե\' Բաքվի վրա իր քաղաքական ազդեցությունը: Մոսկվայում էլ, թերևս, առաջնորդվում են այն սկզբունքով, որ կողմերին զսպելու լավագույն միջոցը նրանց անվերջանալի սպառազինումը խթանելն է: Բայց սա նմանվում է ընդամենը վառոդի տակառին միացված և վառված ճայթռուկը երկարացնելուն: Նման տեմպերով սպառազինման հետևանքը կարող է լինել աներևակայելի մասշտաբներով ու հետևանքներով հղի պատերազմի պայթումը, որի մոտ ապրիլյան պատերազմն ընդամենը մանկական խաղ կթվա: Այս իրավիճակը և պայթյունի հասունացումը օրակարգային են դարձում սպառազինության կատաղի մրցավազքը դադարեցնելու քաղաքական պահանջի ձևակերպումը: Անհրաժեշտ է հասնել նրան, որ հակամարտության կողմերին զենք-զինամթերքի մատակարարման հարցում միջազգային արգելքներ սահմանվեն: Այն չի կարող ամբողջությամբ լուծել հարցը, որովհետև կողմերը գուցե գաղտնի կերպով կշարունակեն նորանոր համալրումներ ստանալ: Սակայն դրանց ծավալներն էականորեն կկրճատվեն: Եվ դա կստիպի Ադրբեջանին հույսը կտրել ռազմական բալանսի խախտմամբ հայկական կողմին միակողմանի զիջումների դրդելուց և նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Մյուս բոլոր տարբերակները տանում են անխուսափելի պատերազմի:
Գևորգ Դարբինյան