Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանական լրատվական աղբյուրները տեղեկացնում են, որ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Sharg» արտադրական միավորման և ՌԴ «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի միջև ստորագրվել է նոր սերնդի մարտավարական հրթիռների համատեղ արտադրության մասին հուշագիր: Դա տեղի է ունեցել Բաքվում անցկացված ADEX 2016 պաշտպանական միջազգային ցուցահանդեսի շրջանակում, որին մասնակցում էին ռուսական ռազմարդյունաբերության մի քանի հսկաներ:
Որքանով է հավաստի այս տեղեկատվությունը, պարզ չէ: Ադրբեջանական լրատվամիջոցների արժանապատվությանը վստահել հնարավոր չէ, իսկ ռուսական կողմն այն պաշտոնապես դեռ չի հաստատել: Չի բացառվում, որ սա քարոզչական ապատեղեկատվություն է: Էականը, սակայն, այն է, որ նման տեղեկատվության սպրդումն ինքնին բացահայտում է, թե ինչ նոր նպատակներ է իր առջև դրել Բաքուն: Առաջինն օպերատիվ-տակտիկական հրթիռների սպառազինության հարցում Հայաստանի հետ որոշակիորեն խախտված բալանսը վերականգնելն է, եթե ոչ այս ոլորտում նրան գերազանցելը: Ակնհայտ է, որ սա հայկական զինուժի զինանոցում «Իսկանդեր» համակարգերի առկայության բացահայտման արգասիքն է: Դեռ սեպտեմբերի 27-ին «ADEX 2016» ցուցահանդեսի բացման ժամանակ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել էր, թե Ադրբեջանը մտադիր է իր տարածքում փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ արտադրելու տեխնոլոգիաներ գնել և այդ հարցի շուրջ բանակցություններ է վարում: Նա չէր հստակեցրել, թե ում հետ են տարվում այդ բանակցությունները:
Երկրորդ՝ Բաքուն ձգտում է փոքր հեռահարության մարտավարական հրթիռային կայանքների ձեռքբերման հարցը լուծել հենց Ռուսաստանի միջոցով: Եթե անգամ նման հուշագիր չի ստորագրվել, տեղեկատվական այս արտահոսքի նպատակը Ռուսաստանի ուշադրությունը գրավելն է կամ Մոսկվայի տրամադրությունները շոշափելը: Բաքվի ռազմատեխնիկական ցուցահանդեսին ռուսական ընկերությունների ներկայացվածության ծավալները վկայում են, որ Մոսկվայում դեմ չեն Բաքվի հետ նոր գործարքներին: Նախորդ 5 տարիներին Ադրբեջանը հանդիսացել է ռուսական ռազմարդյունաբերության արտադրանքի հիմնական գնորդը: Տնտեսական առումով իր լավագույն օրերը չապրող այդ երկրին օդ ու ջրի պես անհրաժեշտ է եղած շուկաների պահպանումը:
Փաստորեն կարելի է արձանագրել, որ Հայաստանի և Ադրբեջանի սպառազինության մրցավազքը տեղափոխվում է նոր՝ շատ ավելի մասշտաբային, ավելի վտանգավոր շրջափուլ: Որևէ փուլում կողմերից յուրաքանչյուրի հարաբերական ռազմական առավելությունը հանգեցնում է հակառակ կողմից այդ առավելությունը չեզոքացնելուն ուղղված ակտիվ միջոցառումներին: Հայկական ԶՈՒ-ն զիջում է այսպես կոչված «մարտադաշտային» զինատեսակների մակարդակում, և դա փորձում է լրացնել պաշտպանական բնույթի ժամանակակից զինտեխնիկա ձեռք բերելով՝ ընդհուպ մտնելով հարյուրավոր միլիոնանոց վարկային պարտավորությունների տակ: Ադրբեջանը զիջում է ստրատեգիական, հեռահար խոցման զինտեխնիկայի, համակարգերի հարցում, և փորձում է այդ բացը լրացնել սեփական ռազմարդյունաբերության ռեսուրսներն ուժեղացնելով՝ դրանում ռուսական կապիտալի ներգրավման միջոցով: Եվ սա տեղի է ունենում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նորից սկսված ճգնաժամի ֆոնին:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտնել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի երկրորդ կեսին կժամանեն տարածաշրջան, ինչի արդյունքում կորոշվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրն ու ժամկետը: Չնայած Մամեդյարովի այս պարզաբանումը խոսում է նախագահների նոր հանդիպմանը Բաքվի` սկզբունքորեն համաձայն լինելու մասին, սակայն այսօր Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարել է, թե ներկա պահին նման հանդիպում կազմակերպելու հնարավորություն չկա, քանի որ չկա դրա օրակարգը: Փաստացի Երևանը հրաժարվում է նոր բանակցություններից՝ թեևս պնդելով դրանից առաջ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման վրա: Դրան էլ համաձայն չէ Ադրբեջանը, որի համար նախագահների նոր հանդիպման կազմակերպումը հետապնդում է ԼՂ կարգավորման հարցն օրակարգ վերադարձնելով` այդ պայմանավորվածությունների պարտադիր կատարման միջնորդների և Երևանի պահանջները «ջրելու» նպատակ: Այսինքն կողմերը դնում են միմյանց փոխբացառող օրակարգեր, ինչը պրոցեսը նորից մտցնում է փակուղի: Այս իրողությունը հաստատել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Վաշինգտոնում այսօր նա, միջազգային հիմնախնդիրների համատեքստում խոսելով արցախյան հարցի մասին, ասել է, թե դեռ պայմաններ չեն ստեղծվել այդ հակամարտության կարգավորման համար, քանի որ դրան պատրաստ չեն առաջնորդները:
Որքան էլ ներկայումս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պահպանվում է հարաբերական անդորրը, ակնհայտ է, որ կողմերը ձգտում են բանակցային նոր ճգնաժամի առաջացրած վակուումը լցնել ակտիվ սպառազինմամբ: Պարզապես երկու կողմերն էլ ելնում են նրանից, որ ներկա պահին չկա հարցի քաղաքական լուծում, և այլ տարբերակ, քան պատերազմը, կարծես թե չի մնում:
Որքան կողմերը տուրք են տալիս սպառազինման մրցավազքին, այնքան դրանից օգտվում է Ռուսաստանը՝ մի կողմից դառնալով այդ սպառազինման հիմնական մատակարարը, մյուս կողմից հենց այդ ճանապարհով մեծացնելով թե Երևանի և թե Բաքվի վրա իր քաղաքական ազդեցությունը: Մոսկվայում էլ, թերևս, առաջնորդվում են այն սկզբունքով, որ կողմերին զսպելու լավագույն միջոցը նրանց անվերջանալի սպառազինումը խթանելն է, մեկը մյուսին վախեցնելով` հարաբերական կայունությունը երկարաձգելը: Բայց սա նմանվում է ընդամենը վառոդի տակառին միացված և վառված ճայթռուկը երկարացնելուն: Նման տեմպերով սպառազինման հետևանքը կարող է լինել աներևակայելի մասշտաբներով ու հետևանքներով հղի պատերազմի պայթյունը, որի մոտ ապրիլյան պատերազմն ընդամենը մանկական խաղ կթվա: Այս իրավիճակի և պայթյունի հասունացումը օրակարգային են դարձում սպառազինության կատաղի մրցավազը դադարեցնելու քաղաքական պահանջի ձևակերպումը: Անհրաժեշտ է հասնել նրան, որ հակամարտության կողմերին զենք-զինամթերքի մատակարարման հարցում միջազգային արգելքներ սահմանվեն: Այն չի կարող ամբողջությամբ լուծել հարցը, որովհետև կողմերը գուցե գաղտնի կերպով կշարունակեն նորանոր համալրումներ ստանալ: Սակայն դրանց ծավալներն էականորեն կկրճատվեն: Եվ դա կստիպի Ադրբեջանին հույսը կտրել ռազմական հավասարակշռության խախտմամբ հայկական կողմին միակողմանի զիջումների դրդելուց և նստել բանակցությունների:
Մյուս բոլոր տարբերակները տանում են անխուսափելի պատերազմի:
Գևորգ Դարբինյան