Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտ երկու ամիս առաջ, սոցիալական ցանցերում ու բլոգներում տարածվել էին ArmComedy.com հումորային բլոգը վարող տղաների պատրաստած պաստառները: Դրանք «Մեկ ազգ» դաշինքի թռուցիկների ու պաստառների հումորային նմանակումներն էին: Այս մասին է մեր հարցազրույցը՝ «Մեկ ազգ» դաշինքի համահիմնադիր Գոռ Թամազյանի հետ:
-Տեսե՞լ եք ArmComedy-ի տղաների պաստառները:
-Այո, մենք դրանցից տեղյակ ենք: Ես կարծում եմ, որ դրանք կոսմոպոլիտ ուղղվածության երիտասարդներ են և իրենց քաղաքական հայացքներով մասամբ հարում են լևոնական ճամբարին: Եթե նմանատիպ գործոնները, որոնք կփորձեն ստվեր նետել մեր պայքարի վրա, մենք միանշանակ կակտիվացնենք մեր պայքարն այդ տարրերի դեմ:
-Դուք կարծում եք` ստվե՞ր են նետում, թե՞ ընդհակառակը` գովազդում են ձեզ:
- Ոչ, փորձում են արժեզրկել: Ցանկացած հումոր ավելի շատ արժեզրկում է, քան փորձում է բարձրացնել: Խնդիրն այն է, թե ինչպե՞ս են անունդ տալիս և ի՞նչ հարթության վրա են քո մասին խոսում: Եթե դա առաքինի չէ, ապա հեղինակություն չի կարող բերել քո պայքարին, քո գաղափարներին:
-Որպես սովորական մարդ, Ձեզ մոտ ծիծաղ չե՞ն առաջացնում այդ պաստառները:
- Ինձ մոտ ծիծաղ չեն կարող առաջացնել, որովհետև մեր լոզունգները բխում են մեր ազգի շահերից: Թող ծիծաղեն նրանց վրա, ովքեր հոգեպես աղքատ են, ցինիկ են ու քաղքենի են: Բայց ոչ նրանց վրա, ովքեր այս երկրում դեռ հայրենասեր են մնացել ու դիսկոտեկներում չեն ապրում: Այսինքն` դիսկոտեկների գաղափարը չէ իրենց մայր մոտեցումը կյանքին, այլ ազգի, հայրենիքի գաղափարն է: «Մեկ ազգ» դաշինքի երիտթևը կազմված է նման գաղափարներ ունեցող երիտասարդներից: Հետևաբար, եթե որևէ մեկը հեգնում է մեր պայքարը, ներկայացնում է իր հոգևոր դատարկությունը:
-Ինչու՞ եք կարծում, թե իրենք լևոնական ճամբարից են:
-Որովհետև իրենք, ըստ էության, նման հակաքարոզչությամբ կանաչ ճանապարհ են բացում ՀՀՇ-ական երիտթևի համար: Որովհետև նրանց երիտթևը նույնպես կազմակերպված է, նույնպես ակտիվ է: Նրանք (ՀՀՇ) փորձում են ոչ թե իրենց տարեց գործիչներով հանդես գալ մեզ նման ուժերի դեմ, այլ իրենց երիտթևով, որպեսզի, իրենց պատկերացմամբ, մեզ հռչակ չբերեն: Այսինքն` «Մեկ ազգն» այնքան չկա, որ անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը քարկոծի նրան, բայց եթե քարկոծում է նրա ողջ քարոզչամեքենան, արդեն պարզ է, որ դա հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է ուղղորդում, էլ ո՞վ պիտի ուղղորդեր:
-Իսկ եթե Ձեզ ասեմ, որ նրանք քաղաքական որևէ պատկանելություն չունեն, կհավատա՞ք:
- Գուցե իրենք որևէ քաղաքական պատկանելություն չունեն, բայց դա չի նշանակում, թե մենք նրանց արարքը հարգում ենք: Մենք լուրջ ենք ու պահանջում ենք լուրջ մոտեցում:
Աստղիկ Կարապետյան