|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայ որբերի «Քամփ Արմեն» ճամբարի վերականգնման ճարտարապետական նախագիծը պատրաստ է. տեղեկացնում է Ermenihaber-ի:
Թուրքական Sondakika-24 լրատվական կայքի տեղեկացմամբ՝ ճամբարը հայ համայնքին կծառայի որպես երիտասարդության և տեխնոլոգիաների կենտրոն՝ միաժամանակ մնալով որբանոց:
Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու և դպրոցի հիմնադրամի նախագահ Գրիգոր Աղաբելօղլուն հայտնել է, որ աշխատանքները կսկսեն, երբ Թուզլայի թաղապետարանը հրաժարվի ճամբարի բարեկարգման նախագծի վրա գրված «վարչական տարածք» արտահայտությունից:
«Այդ դեպքում կկարողանանք սկսել ծրագրի աշխատանքները: Դա մեզ համար մեծ ուրախություն կլինի: Ցանկանում ենք, որ իրավասու մարմինները րոպե առաջ խնդրով զբաղվեն: Քաղաքապետարանից ուրախ լուր ենք սպասում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: 8.552քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961թ. գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել որպես ամառային ճամբար հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Այնտեղ են մեծացել Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքից:
2015 թվականին ճամբարի սեփականատերը որոշել էր քանդել այն, սակայն հայ համայնքի երիտասարդների երկարատև պայքարից հետո ճամբարը վերադարձվեց իրավատիրոջը՝ Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին: