կարևոր
25186 դիտում, 9 ամիս առաջ - 2023-08-01 14:05
Տարածաշրջան

Ախալքալաքում մեկնարկեց «Ջավախք» ճամբարը

Ախալքալաքում մեկնարկեց «Ջավախք» ճամբարը

Այսօր՝ հուլիսի 31-ին, Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի բակում տեղի ունեցավ «Ջավախք» ճամբարի բացման հանդիսավոր արարողությունը: Ճամբարը արդեն 11 տարեկան է։ Այս տարի Ջավախքի տարբեր շրջաններից ճամբարին մասնակցում է 550 երեխա։ Հինգ օրվա ընթացքում երեխաների հետ իրենց գիտելիքներով և հմտություններով կիսվելու են եկել ԱՄՆ Արևելյան շրջանի 14 երիտասարդ խմբավարներ։

chambar_2

Չխախտելով արդեն ավանդական դարձած կարգը՝ ճամբարը մեկնարկեց Վրաստանի և Հայաստանի օրհներգներով եւ Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւորական Տեր Նարեկ քհն․ Տիգրանյանի օրհնությամբ։ Այնուհետեւ երեխաները ծանոթացան խմբապետերի հետ: Երիտասարդական կենտրոնի սաները փոքր համերգային ծրագիր էին պատրաստել խմբապետերի և հյուրերի համար: Ճամբարի բացմանը ներկա էին երեխաների ծնողները, քաղաքապետարանի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
chambar_3

63

Ճամբարն իրենից ներկայացնում է ինտենսիվ կրթական և դաստիարակչական 6 օր: Կրթական մասում ներառված են հայոց պատմության եւ մշակույթի թեմաները։ Խմբապետերն այս օրերի ընթացքում իրենց օրինակով ցույց են տալիս մարզանքների կարևորությունը, խոսում են հիգիենայի կարեւորության մասին և այլն։

Այս տարի հետաքրքիր նախաձեռնություն է անցկացվելու «Իմ թագը» խորագրով։ Երեխաները հայկական զարդանախշերով թագեր պետք է պատրաստեն: Ճամբարականներին նաև ինքնազարգացման հնարավորություն է տրվում տարբեր թեմաների քննարկմամբ, նրանք լսելու են միմյանց կարծիքները, արտահայտվելու են, թե ինչպես են պատկերացնում տարբեր հասկացությունները։

6

«2012 թվականից է սկիզբ տրվել ճամբարին, ուզում եմ ասել, որ պահանջված ծրագիր է հանրության շրջանում, ունենք նաև շատ սպասողներ, որ չենք կարող ընդգրկել։ Ցանկալի կլինի աշխահագրությունը մեծացնել, ենթադրենք 4 տեղ անցկացնելու փոխարեն անցկացնենք 6 տեղ։ Բայց այսօր ԱՄՆ-ի արևելյան ափից, Կանադայից, Ավստրալիայից երիտասարդներն իրենց միջոցներով են եկել, այսինքն՝ չկա ֆինանսավորում։ Եթե ունենանք տեղում հովանավոր կկարողանանք և ճամբարի օրերը երկարացնել, 5 օրից դարձնել 10, ինչպես առաջ ունեցել ենք, և կարողանանք շատ թվով ճամբարներ կազմակերպել բոլոր շրջաններում։ Այո, ունենք Ախալցիխեում, Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ծալկայում, սակայն ցանկացողներ շատ կան», – ասաց Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը:

Tadevosyan

Թադևոսյանը նշում է, որ 6-օրյա ճամբարն իր արդյունքը տալիս է։ Կարեւորում է դրսից եկող խմբավարների ներկայությունը, ասելով, որ այս երիտասարդների շունչը, ազգային ոգին, ինքնաճանաչումը, հայրենասիրական ոգին ուրիշ է։

«Այս տարվա ճամբարի, ընդհանուր եւ ամենուր բոլորի եւ մասնակիցների արձագանքը պիտի լինի այսօր Արցախում տիրող իրավիճակին։ Մեր քաջ արցախցիներին համբերություն, տոկունություն, իրենց հերոսական կեցվածքն իրենց սարերի պես անառիկ պիտի մնա, կամքը՝ անկոտրում», – ասաց նա։

Arm

Ամերիկայի միացյալ նահանգների Նյու-Յորք քաղաքից ճամբարի համար արդեն 3-րդ տարին է Ջավախք է գալիս Արամ Փառնակյանը, ով այսօր գլխավորում է խմբապետերի թիմը։

8+

«Այս տարի Ախալքալաքում և գյուղերում ունենք 7-ական խմբավար։ Մենք ունենք 5 դասախոսներ, սովորում ենք հայ մշակույթի մասին, հայտնի հայ մեծերի մասին, սփյուռքի և նրանց խնդիրների մասին։ 11-րդ անգամ է, որ եկել ենք Ջավախք, իսկ ես արդեն 3-րդ անգամ», – ասաց Արամ Փառնակյանը, ով աշխատում է Նյու-Յորքի առողջության ապահովագրության գրասենյակում և արևելյան խորհրդում է։

Խմբավարը նշում է՝ դժվար է, բայց ուրախությամբ են անում իրենց աշխատանքը։ Ասում է՝ ամեն տարի սիրով են գալիս։ Անպայման կապը պահպանում են երեխաների հետ, առավել ևս այսօր, երբ սոցիալական կայքերը հեշտացնում են դա։