Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստամբուլի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է «Արմեն ճամբար» (Kamp Armen) անվամբ հայտնի հայկական որբանոցի վերակառուցման նոր նախագիծը: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի հաղորդմամբ՝ նոր նախագծով նախատեսվում է պահպանել կառույցի նախնական տեսքը՝ դարձնելով այն սոցիալ-մշակութային հիմնարկ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Քաղաքային խորհրդի անդամ, Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչ Հյուսեյին Սաղը թեմայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել. «Շենքը վերածվեց սոցիալ-մշակութային հաստատության: Այժմ մեր հայ քաղաքացիները, ոչ մուսուլմանները կամ մուսուլմանները միասին այն կշահագործեն: Հրանտ Դինքի պես մարդ է ապրել այս մանկատանը: Դրանից էլ այն այդչափ կարևոր է»:
Ինչպես հայտնի է՝ Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Քամփ Արմեն» մանկատանն են մեծացել 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի պոլսահայ լրագրող և հասարակական գործիչ Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը:
«Քամփ Արմենը» կառուցվել է 1961թ. Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու կողմից գնված հողատարածքում` բազմաթիվ որբ ու աղքատ հայ մանուկների մասնակցությամբ: Այնուհետև այստեղ ապաստանել են շուրջ 1500 հայ մանուկներ:
2015թ. մայիսի 6-ի առավոտյան սկսվել էր 8.552 քմ տարածք զբաղեցնող մանկատուն-ճամբարի շենքի ապամոնտաժումը: Հողատարածքի սեփականատիրոջ նախաձեռնությամբ` շինության մի մասն արդեն իսկ քանդվել էր, երբ Թուրքիայի հայ համայնքը բողոքի լայնածավալ ակցիաներ սկսեց և ճամբարի ներսում հերթապահություն սահմանեց՝ ապամոնտաժումը խափանելու նպատակով:
175 օր տևած ցույցերից և հերթապահությունից հետո՝ 2015թ. հոկտեմբերի 27-ին, «Քամփ Արմենը» պաշտոնապես վերադարձվեց հայ համայնքին. ճամբարի սեփականության իրավունքը հանձնվեց Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին: