Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դա անակնկալ չէր. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը` անդրադառնալով Սեյրան Օհանյանի` ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը:
«Առաջիկայում կտեսնենք, թե ինչ հենքի, ինչ գաղափարախոսության վրա է պարոն Օհանյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն: Եթե ինչ-որ սկզբունքների ու գաղափարախոսության հենքի վրա է, շատ բնական եմ համարում»,- ասաց պատգամավորը:
Մեր դիտարկմանը` ՀՀԿ տարբեր գործիչներ միշտ հայտարարել են, թե Սեյրան Օհանյանը ՀՀԿ թիմից է` անկախ ամեն ինչից, Ալեքսանյանը պատասխանեց, որ Հանրապետական կուսակցությունը և իշխանությունը այսօր գնում են արմատական փոփոխությունների, և ըստ նրա` բնական է, որ հենց հանրապետականների մեջ էլ լինեն մարդիկ, ովքեր այլ ձևով են պատկերացնում և' անվտանգության խնդիրները, և' տնտեսական խնդիրները ու փորձում են իրենց տեսություններն ու հայացքները հնչեցնել:
Ալեքսանյանը նշեց նաև, որ կարող է հակառակն էլ լինել` շատ ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներ այսօր ընդունեն իշխանությունների փոփոխությունների տեսլականը:
«Մի ընթացք ենք մենք հիմա ապրում, որ քաղաքական ուժերի վերադասավորումները կամ մարդկանց հայացքները կարող են փոխվել, հատկապես, որ համապետական ընտրություններ են սպասվում: Շատ բնական է, որ մարդիկ հանրապետականներից, իշխանություններից այլ ձևով են պատկերացնում խնդիրների լուծումները, գլխավորը, որ դա լինի գաղափարական, սկզբունքների հենքի վրա: Եթե գաղափարական հենքի վրա է, քաղաքական դաշտի վրա միայն դրական ազդեցություն կարող է ունենալ»,- ասաց Ալեքսանյանը` հավելելով` այսօր հայտնի չեն Սեյրան Օհանյանի հայացքները, ապագայի նկատմամբ ունեցած դիրքորոշումը, երբ հայտնի լինի, ավելի խոր վերլուծություններ կանենք:
Դիտարկմանը` Օհանյանը նշել է, որ մերժել է իրեն առաջարկվող բարձր պաշտոնները, քանի որ ցանկանում է իր փորձը, գիտելիքները և ջանքերը ինքնուրույն ներդնել մեր պետության ներքաղաքական կյանքում փոփոխությունների հասնելու համար, ստացվում է Հանրապետականը ցանկացել է Օհանյանին պահել իր թիմում, բարձր պաշտոններ է ուզեցել տալ, բայց Օհանյանը չի ցանկացել, գուցե նեղացե՞լ է, Ալեքսանյանն արձագանքեց. «Տարբերությունը հետևյալն է` անձնական նեղացվածությո՞ւն է, թե՞ ինչ-որ հայացքների տարբերություն: Ինձ համար կոնկրետ խնդիրը դա է: Սեյրան Օհանյանը իր կատարած աշխատանքով միշտ գնահատվել է: Հիմա` եթե անձնական նեղացվածություն լինի, սա ուրիշ բան է, եթե լինի հայացքների, գաղափարների տարբերություն, դա այլ բան է: Այ դա է, որ հետագայում իր քաղաքական միավորումի գործունեությունից կերևա: Առաջիկա խորհրդարանական ընտրություններից էլ պարզ կդառնա»: