Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանն արդարացրեց մեր բոլոր սպասումները: Ահա և սպասված ելույթը: Լևոն Տեր-Պետրոսյանը խաղաքարտեր է բացել, որոնցով փորձում է բևեռ ձևավորել: Այսօր, վաղը մենք կլսենք կուսակցությունների ու գործիչների անուններ, որոնք կգնան բանակցելու ՀԱԿ-ի հետ` Տեր-Պետրոսյանի առաջարկած հարթակում, այն է` խաղաղության հարթակը: Նրանք, ովքեր չեն հայտնվի խաղաղության հարթակում, կմնան այս կողմում և կկոչվեն «ոչմիթիզհողականներ»: Սա է քաղաքական դաշտի բաժանման տերպետրոսյանական պրոյեկտը: Մնացած ամեն տեսակի բաժանում` արևմտամետներ- ռուսամետներ, դեմոկրատներ-սոցիալիստներ, ազատականներ-պահպանողականներ, լուսավորյալներ-անվանափոխյալներ, այլևս ավելորդություն են, անկապ թիթիզություններ, որ մեր վիճակում հայտնված երկրի համար շքեղություն են, այն էլ` ինչ շքեղություն:
Տեր-Պետրոսյանը շատ ճիշտ է կռահել, որ առաջիկա ընտրությունների քարոզարշավում Ղարաբաղի հարցը լինելու է առանցքայինը: Մնացած ամեն ինչ` կենսամակարդակի բարձրացում, հանդուրժողականություն, ժողովրդավարության ամրապնդում, տնտեսության զարգացում և այլն, ընդամենը լոլոներ են լինելու` կախված Ղարաբաղի հարցի արծարծումից: Հարցն այսպես է դրվելու` դու «ոչմիթիզհողակա՞ն» ես, թե՞ «միթիզհողտվողական»:
Գուցե թվա, թե չափազանցնում ենք, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն ընդդիմադիր որևէ խաղի տեղ չի թողնում այլևս, որովհետև նա ամեն ինչ պայմանավորում է խաղաղությամբ, իսկ խաղաղությունն էլ` հող տալով: Քաղաքական դաշտի մյուս կողմին էլ մնում է մարդկանց հասկացնել, որ հող տալն ամենևին էլ խաղաղության գրավական չէ, այլ, շատ ներողություն, ապուշության վառ դրսևորում, մանավանդ, որ խոսքը քո հողի մասին է, և այն հանձնել, այն էլ` Ադրբեջանին, ոչ ոք քեզ չի պարտադրում: Համոզել, որ դու այդ ապուշությունն անես, այո, փորձում են, բայց չկա պարտադրող, որովհետև աշխարհում էլ չկա այդպիսի կարգ: Դե հիմա Ճապոնիան թող օրուգիշեր կրակի Ռուսաստանի ուղղությամբ և կղզիներ պահանջի: Ռուսաստանը կտա՞: Եվ ճապոնացիները, որովհետև գիտեն, որ ռուսներն ապուշ չեն, չեն կրակում, այլ խնդրում են, բանակցում, նվերներ անում Պուտինին, խոստանում զարգացնել այդ կղզիները, փայփայել: Ինչ վերաբերում է Հեյդար Ալիևին, ապա նա ըմբռնումով է մոտեցել Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածին ու հասկացել, որ այդ մարդը նաղդ «հողտվողական» է և կարելի է զարգացնել խնդրո առարկա հոդվածի ընդմիջից ցոլացող հայկական ապուշությունը, որ երբեմն որևէ սահման չի հանդուրժում:
Առավել խայտառակ էին Տեր-Պետրոսյանի պատմական էքսկուրսներն ու համեմատությունները: Չունենալով Հայաստանի հետ որևէ աղերս` այդ ամենը միտված է երկու բանի` ցույց տալ, թե` տեսեք ես որքան խելոք եմ, և ապա` իբր ապացուցել, թե լավագույն պաշտպանությունը անպաշտպան լինելն է: Ի՞նչ է նշանակում, օրինակ, թե վախենալու ոչինչ չունենք, որովհետև ՄԱԿ-ի անդամ ենք, ու մեր անկախությունը բոլորն են ճանաչել: Հալեպցի Տեր-Պետրոսյանին, կարծես, ես պետք է հասկացնեմ, որ Սիրիան էլ պակաս ճանաչված երկիր չէ ՄԱԿ-ի կողմից, բայց դու տես, որ դա քիչ է, որպեսզի բանակ չունենաս ու քեզ Շվեյցարիա զգաս: Իսրայելը, որ ոչ միայն ճանաչված է ՄԱԿ-ի կողմից և ունի հզոր հովանավորներ` ի դեմս ԱՄՆ-ի, այսօր տարածաշրջանում ամենահզոր բանակն ունի և առանձնապես չի տրտնջում այդ բանակը պահելու` հարյուրապատիկ անգամ մեծ ծախսերից:
Հիմա ինձ ի՞նչ է պատմում Տեր-Պետրոսյանը: Ասում է` մեր վիճակը լավ է, որովհետև ընդամենը երկու հարևանի հետ հարաբերություն չունենք, իսկ մյուս երկուսի հետ ունենք հրաշալի հարաբերություններ: Հասկացանք, բայց դու մի հատ հարցրու քո լավ հարևաններից Իրանին` համաձա՞յն է, որ դու հողերը տաս Ադրբեջանին: Ես չեմ հասկանում` իրո՞ք Տեր-Պետրոսյանը մտածում է, որ Ղարաբաղի հարցը զուտ հայ-ադրբեջանական խնդիր է: Այդպես լիներ` Ադրբեջանը վաղուց էր մեզ տակով արել…
Հավատացեք, այսքանից հետո ցինիզմ է Ադրբեջանին հաթաթա տալը, թե նա կպարտվի, եթե մեկ անգամ էլ վեր կենա ու զենքով գա Ղարաբաղի վրա: Ալիևը չի գա Ղարաբաղի վրա, քանի դեռ այս հարցը կլինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, և քանի դեռ կլինի Հայոց բանակը: Չկա Ղարաբաղի պաշտպանության այլ բանաձև այսօր:
«Միթիզհողական» Տեր-Պետրոսյանը, որ ՀԱԿ-ին կոչ է անում գնալ ընտրությունների խաղաղության պլատֆորմով, սխալմամբ կարծում է, որ ազատագրված տարածքներն Ալիևին վերադարձնելուց հետո Ադրբեջանը կանգ կառնի, որովհետև Հայաստանը ՄԱԿ-ով ճանաչված երկիր է: Սա մոլորություն է, որ փաթաթվում է ՀԱԿ-ի վզին և նրան դարձնում գեղի կլուբ: Այդպես եղել է ՀՀՇ-ի հետ, կլինի նաև ՀԱԿ-ի հետ: Ես կասկած չունեմ: Ո՞ւմ վրա է հույսը դրել Տեր-Պետրոսյանը, ո՞վ պետք է ֆինանսավորի նրա հարթակը, որ շատ կողմերով հիշեցնում է Բաքվում վերջերս ի հայտ եկած նմանատիպ մեկ այլ, դարձյալ Հայաստանի «կզացման» գնով խաղաղության և հաշտեցման հարթակ: Տարբերությունը շատ մեծ չէ: Եթե Բաքվի հարթակի ակտիվիստները Հայաստանից փախած հայերն են, հաքքին.ազ-ի բնորոշմամբ` նոր հայերը, ապա Երևանի հարթակում ադրբեջանցի, կարծես, չկա: Պատճառն էլ, թերևս այն է, որ մեր առաջին նախագահը ուզածդ ադրբեջանցուց ավելի լավ է քարոզում հող տալու առավելությունները: Իսկ այն, որ Ադրբեջանում են հայտնվում Հայաստանից փախած ակտիվիստները, խոսում է այն մասին, որ հողատվության հիմքերը Հայաստանում բավականին լուրջ դրվածք ունեն` շնորհիվ մեր առաջին նախագահի: Այո, նրա շոշափուկներն այնքան երկար չեն եղել երբեք, որ նույն ախտով վարակեր նաև Սփյուռքը: Նրա պատկերացումները Սփյուռքի մասին այդպես էլ հեռուն չգնացին, և նա հասու չդարձավ հայրենիք կորցրած և վերանկախացած Հայաստանի մեջ իր «ծովից ծով» երազանքը գտած սփյուռքահայի էությանը: Լկտիաբար հայտարարել, թե Ղարաբաղի ազատամարտին 12 սփյուռքահայ է մասնակցել և թաքնվել Վազգեն Սարգսյանի անվան հետևում, մեծագույն վախկոտություն է կամ ժամանակին իրավիճակից նրա անտեղյակության վառ ապացույց: Ընտրությունը թողնում եմ նրան, որովհետև, երբ ժամանակը գա, կհրապարակվեն նաև սփյուռքահայ քաջորդիների անունները, և Տեր-Պետրոսյանը, Աստված նրան երկար կյանք տա, կիմանա ամբողջ իրականությունը:
Կատարյալ պոռոտախոսություն է նաև Տեր-Պետրոսյանի` «ազգ-բանակ» գաղափարի այլասերման փորձը: Ազգային պետությունը չի կարող բանակ չունենալ` ազգային բանակ: Շատ դեպքերում բանակը հենց այդպես էլ կոչվում է` ազգային բանակ: Անգամ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն հրաժարվում սեփական զինված ուժերից: Եվ Տեր-Պետրոսյանի պնդումը, թե ավելի լավ է բանակ չունենանք և այդ գումարները ծախսենք Հայաստանի տնտեսության զարգացման վրա, մեծագույն մոլորություն է: Առանց բանակի ու պաշտպանության ոչ մի ազգային պետություն չի կարող գոյատևել: Հետաքրքիր է, թե ո՞վ պետք է զգետնի Ալիևին, եթե նա վեր կենա Ղարաբաղի վրա: Գուցե Երևանի խաղաղության հարթակի ՀԱԿ ակտիվիստնե՞րը:
Եվ մի վերջին նկատառում: Տեր-Պետրոսյանը դավադրաբար հայտարարում է, որ «ոչմիթիզհողականներն» այսօր ձեռքերն են շփում զինվորի կյանքի հաշվին: Սա բոլշևիկյան թեզ է: Չմոռանանք նաև, թե ինչ ընտանիքից է սերում Տեր-Պետրոսյանը: Այդ մարդու հայրը կոմունիստ է եղել և այդ մասին գրված է ամենուր: Ժամանակին բոլշևիկներն էին հայոց բանակին տրամադրում Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ, նշում, որ իշխանությունները ձեռքերն են շփում նրանց արյամբ: Նույն խոսքն այսօր Տեր-Պետրոսյանն է ասում` չմոռանալով 1918-1920թթ. հանրապետության թշնամիների ցանկից հանել բոլշևիկյան Ռուսաստանին և նշելով, թե այդ ժամանակ ունեինք ընդամենը 2 թշնամի` Թուրքիան և Ադրբեջանը: Պատմաբանի համարում ունեցող մարդու համար սա նույնիսկ խայտառակություն է, եթե չասենք` հիշողության իսպառ բացակայություն:
Էդիկ Անդրեասյան