կարևոր
2980 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-02 09:45
Քաղաքական

Կեղծ են այն թեզերը, թե հանձնելով Արցախը՝ Հայաստանը խաղաղություն է ստանալու. Ռուբեն Վարդանյան

Կեղծ են այն թեզերը, թե հանձնելով Արցախը՝ Հայաստանը խաղաղություն է ստանալու. Ռուբեն Վարդանյան

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Արցախի Հանրապետության հռչակման 32 -ամյակի առթիվ.

Արցախի Հանրապետության հռչակումից  32 տարի անց Արցախն այսօր գոյաբանական վտանգի առաջ է կանգնած, իսկ արցախահայությունը դիմակայում է անմարդկային զրկանքների՝  արժանապատիվ կյանք ունենալու ու սեփական հայրենիքում ապրելու համար:

Նույնպիսի գոյաբանական վտանգի առաջ է կանգնած Հայաստանը, քանի որ կեղծ են այն թեզերը, թե հանձնելով Արցախը՝ Հայաստանը խաղաղություն է ստանալու: Ադրբեջանի երեկվա սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը չի բավարարվելու Արցախը զավթելով, նրանց նպատակները շատ ավելի հեռուն են գնում:

Այն, ինչի միջով հիմա անցնում է հայ ժողովուրը Արցախում,  ու նաև Հայաստանում, վստահաբար կարելի է անվանել մեր պատմության ծանրագույն էջերից մեկը: Պատմական այս հանգրվանում մեզ համար  ամենակարևորն այս փուլն արժանապատվորեն հաղթահարելն է, իսկ դրա փորձը մենք ունենք:

32 տարի առաջ էլ հեշտ չէր այդ որոշումն ընդունելը,  բայց այն ընդունվեց, քանի որ դա էր Արցախը հայկական պահելու, Արցախի հայերի դեմ հետագա ցեղասպանական գործողությունները կանխելու և արժանապատիվ կյանք ապրելու միակ ճանապարհը: Այսօր նույն խնդրի առաջ ենք  կանգնած: Ինձ համար, որպես մի մարդու, որը 20 տարուց ավելի  տարբեր ծրագրեր է իրականացնում Արցախում  և որն ուղիղ մեկ տարի առաջ Արցախ տեղափոխվելու որոշում կայացրեց, շատ պարզ է, որ Արցախի հայերը իրենց որոշումը չեն փոխել: Նրանց համար ոչ մի սով ու տառապանք, անգամ մահը  այնքան սարսափելի չէ, որքան Հայրենիքի, ազատության ու արժանապատվության կորուստը:

Ի՞նչ է այսօր պետք Արցախին ու արցախահայությանը:

Մեզ պետք է, որ  Հայաստանը, ողջ հայությունը  սատար կանգնի մեր պայքարին ու դիմադրությանը:

Մեզ պետք է, որ ողջ հայությունը գիտակցի, որ Արցախի հարցն ազգային արժանապատվության հարց է, դա նաև Հայաստանի անվտանգության ու հայկական աշխարհի պահպանության հարց է:

Մեզ պետք է, որ Հայաստանի իշխանություններն արցախահայերի թիկունքում Արցախի ճակատագրի մասին  վտանգավոր հայտարարություններ չանեն: Դրանք ոչ միայն չեն նպաստում իրավիճակի թեթևացմանը, այլև խնդիրներ են ստեղծում հենց Հայաստանի Հանրապետության համար:

Մեզ պետք է, որ պահպանվեն մեր երկու պետությունների հիմքում ընկած սկզբունքներն ու արժեքները: Որքան էլ ժամանակները դժվար լինեն, այդ սկզբունքները փոփոխության ենթակա չեն, քանի որ հենց այդ սկզբունքները պահպանելու կարողությունն է պետությունների կայացման ու հզորացման ցուցիչը:

Մենք համատեղ ուժերով պետք է հասնենք նրան, որ Ադրբեջանն առաջին հերթին ստիպված լինի բացել Բերձորի (Լաչինի) միջանցքը:

Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում պիտի կարողանանք միավորվել և թևութիկունք լինել միմյանց: Այնպես անենք, որ Ադրբեջանն զգա մեր՝ ցանցային ազգ լինելու առավելությունն ու դրա ազդեցությունը:  Այնպես անենք, որ 120 հազար մարդու, 30 հազար երեխայի սովի մատնող երկրի ղեկավարությունը քաղաքակիրթ աշխարհում արժանանա արհամարհանքի:

Իսկ մենք ողջ աշխարհին ցույց ենք տալու, որ ոչ մի ադրբեջանական ճնշում, ոչ մի սով չի կարող ստիպել Արցախում ապրող հային հրաժարվել իր հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ ապրելու իրավունքից:

Շնորհավո՛ր Արցախի Հանրապետության անկախության 32-ամյակը: