Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 11-ին Կ. Պոլսի հայ համայնքը վերջապես ընտրեց նոր պատրիարք: Տարիներ շարունակ հոգևոր հովվի կարիք ունեցող համայնքի ընտրությունը կանգնեց Սահակ եպս. Մաշալյանի վրա: Մյուս թեկնածուն՝ Արամ Աթեշյանը, համայնքում ուներ ցածր վարկանիշ: Պատճառը պարզ էր՝ երկար տարիներ փոխանորդ եղած Աթեշյանը բազմիցս է հանդես եկել թուրքամետ և հակահայկական հայտարարություններով: Թվում էր՝ նոր՝ 85-րդ պատրիարքը կտարբերվեր երջանկահիշատակ Մեսրոպ արք. Մութաֆյանի հիվանդության շրջանում համայնքը ղեկավարած փոխանորդ Աթեշյանից: Բայց՝ ավաղ:
Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այսպիսով ԱՄՆ օրենդիր մարմնի՝ Կոնգրեսի երկու պալատները ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը:
Թուրքիայի արձագանքն, անշուշտ, չուշացավ: Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները՝ մեկը մյուսին հերթ չտալով, քննադատեցին Սենատի որոշումը: Էրդողանը հայտարարեց, որ որպես պատասխան, նրանք էլ կճանաչեն ԱՄՆ-ում հնդկացիների ցեղասպանությունը: ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն և այլ բարձրաստիճան այրեր ասում էին այն, ինչ թուրքական կեղծ քարոզչամեքենան ասում էր՝ պատմությունը պատմաբանների գործն է, բանաձևը վնասում է հայ-թուրքական հարաբերություններին և այլն:
Թուրքերի դժգոհությունը հասկանալի է՝ նրանց ժխտողական քաղաքականությունը հաշվի առնելով, իսկ ահա դեկտեմբերի 15-ին թուրքական SABAH թերթին տված հարցազրույցի ժամանակ Պոլսի նորընտիր պատրիարքի հայտարարություններն ավելի քան տհաճ էին ու զարմանալի:
Հարցազրույցի ընթացքում պատրիարքը նշեց, որ որպես Թուրքիայի հայեր, իրենց ցավ են պատճառում որ 100 տարի առաջ Թուրքիայի տարածքում տեղի ունեցած ցավալի դեպքերը այլ երկրների խորհրդարաններում օգտագործվում են որպես գործիք՝ ռազմավարական, տնտեսական, քաղաքական ճնշման համար։
«Երանի Հայաստան-Թուրքիա արձանագրությունները կյանքի կոչվեին, Վիեննայի հանդիպումները կայանային, պատմաբանների համատեղ հանձնաժողովը ստեղծվեր։ Քանզի այս ամենը հետաձգվում է, հարցն օգտագործվում է որպես լծակ Թուրքիային ճնշելու համար։ Այս նպատակով ասպարեզ բերված «հայկական թեզը» այնպիսի զգացողություն է առաջացնում, որ մենք պարզապես օգտագործվում ենք։ Սա բարոյական չեմ համարում։ Հարցը քաղաքական կողմ ունի։ Մենք 100 տարի առաջ տեղի ունեցածը հիշելով մոռացանք, մոռանալով հիշում ենք։ Եվ այդ հանգամանքը մեզ Սփյուռքի և Հայաստանի հայերից տարբեր է դարձնում», – նշում է Մաշալյանը:
Զարմանալի է, որ պոլսահայ համայնքի առաջնորդը չի օգտագործում ցեղասպանություն բառը, Հայոց ցեղասպանության ճանաչման համար արդարացի պայքարն անվանում է «հայկական թեզ», օգտագործում թուրքական ժխտողական քաղաքականության գլխավոր հիմնաքարարերից մեկը, այն է՝ «համատեղ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման» անհրաժեշտությունը և այլն:
Իհարկե պետք է հաշվի առնենք, որ պոլսահայ համայնքը, երկար տարիներ ենթարկվելով թուրքական իշխանությունների բռնաճնշումներին, պետք է երկյուղ զգա թուրքական իշխանությունների վարած քաղաքականությանն ընդդիմանալու համար: Սակայն գրագետ դիվանագիտությամբ պետք է այնպես անել, որ համայնքը չտուժի: Կսովորի՞ այդ նրբությունները նոր պատրիարքը, թողնենք ժամանակին:
Անդրադառնալով հայ պատրիարքների դիվանագիտական մոտեցումներին՝ այստեղ պետք է հիշենք հետաքրքիր դրվագ, որը կապված է կապված Պոլսո Հայոց 83-րդ պատրիարք Շնորհք արք. Գալուստյանի հետ:
1960-ական թվականներին, երբ աշխարհում ակտիվացել է հանուն Հայ Դատի պայքարը, ասուլիսներից մեկի ժամանակ թուրք լրագրողը հարց է ուղղում հայ պատրիարքին՝ թե արդյոք եղել է ցեղասպանություն: Պատրիարքը սկզբում խուսափողական պատասխան է տալիս, սակայն թուրք լրագրողը դարձյալ պնդում է հարցը, որին ի պատասխան Շնորհք պատրիարքը պատասխանում է. «1915 թ. ես 7 տարեկան էի: Մեր գերդաստանում կար 70 մարդ: 1915 թ. հետո ողջ մնացինք ես ու մայրս: Աքսորի ճանապարհին էլ կորցրեցի մորս, քանզի նա ամուսնացավ մուսուլման թուրքի հետ: Իսկ այժմ դուք ինձ պատասխանեք՝ ուր են իմ ազգականները, և եթե դուք պատասխանեք իմ հարցին, դրանով էլ կստանաք ձեր հարցի պատասխանը՝ թե արդյոք եղե՞լ է ցեղասպանություն․ թե՞ ոչ»:
Ա. Եղիազարյան