կարևոր
4516 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-24 21:39
Հասարակություն

«Սահմանազատման» հետ կապված իշխանության բոլոր թեզերը մանիպուլյատիվ են. Արսեն Թավադյան

«Սահմանազատման» հետ կապված իշխանության բոլոր թեզերը մանիպուլյատիվ են. Արսեն Թավադյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արսեն Թավադյանը գրում է․

««Սահմանազատման» հետ կապված իշխանության բոլոր թեզերը մանիպուլյատիվ են, հակաիրավական և հակասում են իրենք իրենց:

1. Գործընթացն իրավական է և երաշխավորելու է Հայաստանի անվտանգությունը:

Իրականում գործընթացը հակասում է թե Հայաստանի, թե Ադրբեջանի օրենսդրությանը:

Ըստ ՀՀ սահմանադրության, «Պետական սահմանի մասին», «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքների սահմանազատումը հնարավոր է միայն ԱԺ կողմից վավերացված միջազգային պայմանագրի հիման վրա: Ներկա գործընթացն իրականացվում է մի հանձնաժողովի կողմից, որը որևէ նման լիազորություն չունի, հետևաբար հակաիրավական է:

Եվ, որը նույնպես կարևոր է, այս գործընթացը հակասում է նաև Ադրբեջանի օրենսդրությանը, իրենց սահմանադրությանը և համապատասխան օրենքներին: Նաև իրենց օրենսդրութամբ սահմանազատումը պետք է տեղի ունենա վավերացված միջազգային պայմանագրի հիման վրա:

Այսինքն,

• Ադրբեջանի օրենսդրությանը հակասելու է իրենց փաստացի տիրապետության տակ գտնվող հողերից մեզ որևէ սանտիմետր փոխանցելը,

• Ադրբեջանն ունի ապագայում հնարավորություն հայտարարելու, որ իրենց փոխվարչապետի իրականացրած գործողությունները որևէ ուժ չունեն, և չընդունի նույնիսկ առկա սահմանազատումը:

Իշխանությունների հիմնական թեզն այն է, որ եթե սահմանը որոշված է, միջազգային հանրությունը կկանխի Ադրբեջանի հարձակումը: Թողնենք, որ այս միտքն ինքնին իրականության հետ կապ չունի:

Բայց եթե նույնիսկ ենթադրենք, որ սահմանազատումը երաշխիք է, այն որևէ կապ չունի ներկա գործընթացի հետ, քանի որ վերջինս հակասում է այդ թվում Ադրբեջանի օրենսդրությանը: Ալիևը վաղը կասի` «էն 25 հեկտար տալը մեր օրենքին հակասում է, փոխվարչապետին էլ ձերբակալել ենք: 25-ը հետ տվեք, թե չէ պատերազմ»:

2. Փոխանցվող հողերը Հայաստանին չեն պատկանում:

Սա ամենամանիպուլյատիվ թեզերից է:

Շատերին թվում է թե կա ինչ-որ միջազգային «կադաստր», որտեղ նշված են երկրի փաստաթղթերը:

Երկրի տարածքի որոշումը երկու շերտ ունի`

• Ներքին` որտեղ է տարածվում երկրի փաստացի իրավազորությունը, որտեղ են գործում իր օրենքները, իրավապահ համակարգը,

• Արտաքին` որ սահմանն է որոշվել փոխադարձ կնքված և վավերացված միջազգային պայմանագրով:

Քանի դեռ չկա վավերացված միջազգային պայմանագիր, յուրաքանչյուր երկրի տարածքն այնտեղ է, որտեղ առկա է իր փաստացի իրավազորությունը: Հանձնվող տարածքները Հայաստանի իրավազորության տարածքում են, քանի որ դրանց վրա գործում է Հայաստանի օրենսդրությունը և առկա չէ Ադրբեջանի հետ կնքված, վավերացված, Ադրբեջանի և Հայաստանի օրենսդրությանը համապատասխանող իրավական փաստաթուղթ, որը կորոշի սահմանը:

Եթե հանցագործություն տեղի ունենա այդ տարածքում, քննությունն իրականացնելու է ՀՀ իրավապահ համակարգը: Բնակիչներից մեկը փորձեց այրել ինչ-որ կառույց, ոստիկանները կանխեցին: Եթե դա Հայաստանի տարածքը չէ, ի՞նչ են անում ոստիկաններն այդտեղ:

Այդ տարածքի փաստացի տիրապետության փոխանցումն առանց վավերացված միջազգային պայմանագրի հանցագործություն է:

3. «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում 2017թ.-ին տեղի են ունեցել փոփոխություններ, որոնցով համապատասխան տարածքները դուրս են մնացել ՀՀ տարածքից:

«Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը, ինչքան էլ տարօրինակ հնչի, վարչատարածքային բաժանման մասին է և ոչ` սահմանազատման: Մինչև 2017թ.-ը համապատասխան համայնքները եղել են առանձին վարչական միավոր, այնուհետև միավորվել են Նոյեմբերյան խոշորացված համայնքին:

Սակայն եթե Կառավարությունը պնդում է, որ 2017թ.-ի փոփոխություններով համապատասխան տարածքները ՀՀ սահմաններից դուրս են եկել, հրաշալի միտք եմ տալիս` քրեական վարույթներ նախաձեռնեք օրենքի համապատասխան փոփոխությանը կողմ քվեարկած պատգամավորների և այն ստորագրած նախագահի նկատմամբ: Ձեր պնդելով իրենք ՀՀ տարածքներ են հանձնել: Եթե չեք նախաձեռնում, դա նույնպես հանցագործություն է:

4. Ադրբեջանը կվերադարձնի հողերը,
Ադրբեջանի ոչ մի սանտիմետր չի վերադարձնի, քանի որ այս գործընթացը հակասում է իր օրենսդրությանը:

5. Սահմանազատումն իրականացվում է ձեռնտու քարտեզով:

Ընդհանրապես, քարտեզների մասին վեճը որևէ նշանակություն չունի: Կարծում եմ, սա այն ծուղակն է, որի մեջ ընկնում են նաև ընդդիմադիրները: Իշխանությունն ասում է, որ x թվականի քարտեզով y ծավալի հող կվերադարձվի, ընդդիմությունն այլ թվականի և այլ ծավալի հողերի մասին է խոսում:

Կրկնում եմ` որևէ թվականի քարտեզի մասին խոսելն այս պահին ավելորդ է, քանի դեռ չկա վավերացված պայմանագիր»: