Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ քառօրյայում քննարկվում էր «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ անելու հարցը:
Հիմնական զեկուցող` ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ամփոփիչ ելույթում կարծիք հայտնեց, որ օրենքի փոփոխության ընդդիմախոսները, հավանաբար, չեն կարդացել օրենսգիրքը, որովհետև հնչեցնում են չհիմնավորված հայտարարություններ: Նա հորդորեց նաև ՕԵԿ-ին` օրենքը կարդալ, այլ ոչ թե իրավական անգրագիտություն հնչեցնել:
Արծվիկ Մինասյանը նաև շեշտեց, որ միակ քաղաքական ուժը, որ գրավոր առաջարկներ էր ներկայացրել, ՀԱԿ-ն էր:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեղից արձագանքեց, թե Արծվիկ Մինասյանը չի հասկանում: «Անհասկացողը Դուք եք, տիկի\'ն Բիշարյան»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը: Պատգամավորը հավելեց, որ ոչ թե քաղաքական շահերից, այլ երկրի մասին մտահոգվելու արդյունքում են նախաձեռնել օրենքի փոփոխությունը:
«Հիմա անդրադառնամ Լևոն Զուրաբյանի աշխարհացունց հայտարարություններին: Ցավում եմ, որ Լևոն Զուրաբյանն այդպես էլ չարժևորեց քաղաքական ուժերի հետ աշխատանքի ու փոխադարձ հարգանքի հնարավորությունը: Փոխանակ այստեղ գոհունակություն հայտնեին, որ ինչ-որ քայլ է արվել դեպի առաջընթաց, փորձ է արվում նեղ, ճղճիմ հայտարարությունների միջոցով հերթական քաղաքական դիվիդենդը իբր շահել: Այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն այս բոլոր գաղափարների կրողն էր, ձեր քաղաքական ուժը սկի ծնված էլ չէր: Ավելին` կեղծարարության մեջ մասնագիտացված լինելով, դուք էսօր մեղադրում եք մի քաղաքական ուժի, որը ամենաթեթև ձևով անգամ դրա հնարավորությունն ու կասկածը չի տվել: Դուք ի՞նչ բարոյականությամբ եք այստեղ նման հայտարարություն անում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Լևոն Զուրաբյանը տեղից միջամտեց, թե Արծվիկ Մինասյանը սուտ է խոսում:
«Ստախոսը դու ես, եկել ես` այստեղից ինչ անիմաստ հայտարարություններ ասես, անում ես, չի կարելի էդ աստիճանի իրավական տգիտություն հնչեցնել էս ամբիոնից: ԱԺ ամբիոնը քաղաքական համաձայնեցման հնարավորություն է տալիս, ուստի կարող ենք քննարկել միմյանց հետ, ոչ թե առաջարկությունները ներկայացնում եք ու թռնում` Իրկուտսկ է, Յակուտսկ է, եսիմ որտեղ, հետո գալիս եք վերջին օրը հայտարարում, այն դեպքում, երբ անընդհատ աշխատել ենք ձեր քաղաքական ուժի հետ»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը: