կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-06 12:55
Քաղաքական

Կրթության ոլորտի ծախսերը նվազեցվել են՝ աշակերտների թվի նվազմամբ պայմանավորված. ֆինանսների նախարար

Կրթության ոլորտի ծախսերը նվազեցվել են՝ աշակերտների թվի նվազմամբ պայմանավորված. ֆինանսների նախարար

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում էր 2017թ. պետական բյուջեի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող` ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ բյուջեի կազմման հիմնական սկզբունքները չորսն են: Առաջինը` բյուջեն պետք է լինի մակրոտնտեսական զարգացմանը համահունչ և իրատեսական: Մյուս սկզբունքը մակրոտնտեսական կայունությունն է: Երրորդը հարկերի հավաքագրման սկզբունքն է, այն պետք է լինի իրատեսական, որ լրացուցիչ ծանրաբեռնվածություն չդրվի տնտեսվարողների վրա, քանի որ կառավարության հիմնական գլխավոր թիրախը տնտեսական աճն է, որի բաղադրիչը տնտեսվարող սուբյեկտներն են: Չորրորդ սկզբունքը կառավարության ստանձնած սոցիալական պարտավորություններն են, միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորությունները և այլն:

Նախարարը հույս հայտնեց, որ 2018թ. կառավարությունը կանցնի ծրագրային բյուջետավորման: Վերանայվել են որոշ ծախսեր: Կրթության ոլորտում 1,25 միլիարդ դրամով նվազեցրել են ծախսերը, ինչը կապված է աշակերտների թվի ճշգրտման հետ: Ծախսերը նվազեցվել են ԱԱՀ վերադարձման հետ կապված գործընթացում, կապիտալ այլ ծախսերի մասով: Նվազեցվել են ծախսերը նաև պետական կառավարման ապարատի պահպանման մասով՝ 0,3 միլիարդ դրամի չափով, որը կապված է պետական ապարատի, ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների օպտիմալացման հետ: Նախարարի խոսքով՝ արդեն ավարտվել է 4 ԾԻԳ-ի փակման գործընթացը, շարունակվում է մնացած ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների փակման իրավական գործընթացը: Ծախսեր կան, որոնք նվազեցվել են` գազի սակագների փոփոխմամբ պայմանավորված:

«Բյուջեն պետք է լինի իրատեսական ու բալանսավորված: Ռեսուրսները սահմանափակ են, պետք է վերցնենք այնպիսի պարտավորություններ, որոնք հավելյալ պարտքեր չեն առաջացնի»,- ասաց նախարարը՝ բացատրելով, թե ինչու են պատգամավորների ներկայացրած տասնյակ առաջարկները մերժել: