կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-22 17:10
Քաղաքական

Առաջարկվում է կոնյակի արտադրության իրավունք ձեռք բերելու համար սահմանված տուրքերը նվազեցվել. Արթուր Խաչատրյան

Առաջարկվում է կոնյակի արտադրության իրավունք ձեռք բերելու համար սահմանված տուրքերը նվազեցվել. Արթուր Խաչատրյան

ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: 

Հիմնական զեկույցով հանդես եկավ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նա նշեց, որ առաջարկվող փոփոխությունն անհրաժեշտ է ընդունել, քանի որ դրանով կոնյակի սպիրտներ և կոնյակ արտադրող մեծ ու փոքր, ինչպես նաև ներմուծող և արտադրող տնտեսվարող սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմաններ են ապահովվելու: «Մասնավորապես` այսօրվա դրությամբ թորած ալկոհոլային խմիչքների և խմորային նյութերից էթիլային սպիրտարտադրության իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան դրույքաչափը կազմում է 15 միլիոն դրամ, իսկ շշալցված կոնյակի ու բրենդիի սպիրտների ներմուծումը ծանուցման ենթակա գործունեություն չի համարվում, և այդ գործունեության իրականացման համար պետական տուրք սահմանված չէ»,- ասաց նա:

Խաչատրյանը նշեց, որ, դրանից բացի, տուրքի նույն դրույքաչափը անհավասար պայմաններ է ստեղծում կոնյակի սպիրտներ և շշալցված կոնյակներ արտադրող, իրացնող ու ներմուծող մեծ և փոքր ընկերությունների համար, իսկ գինեգործությամբ զբաղվող փոքր ընկերությունները 15 մլն տուրքի պատճառով չեն կարող զբաղվել կոնյակի արտադրությամբ: «Ավելին` մեկից ավելի յուրաքանչյուր վայրում ծանուցման ենթակա նույն տեսակի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված է պետական տուրքի դրույքաչափը` 50% տուրք վճարելու պահանջ, նմանապես` սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը չեն նպաստում Հայաստանում կոնյակի իրացման ծավալների և հավաքագրվող ակցիզային հարկի գումարների ավելացմանը: Այսինքն` մենք ունենք գնային պահանջարկի էական էլաստիկության դրսևորում»,- հայտարարեց նա, ապա հավելեց, որ, բացի այդ, արտաքին տնտեսական գործունեության` շշալցված կոնյակի իրացման դեպքում սահմանվել է մինիմալ գին` 3500 դրամ` հարյուր տոկոսանոց սպիրտի վերջանշանակով: 

Խաչատրյանը տեղեկացրեց, որ նախագծով սահմանվում է կոնյակի ակցիզային հարկման բազան փոփոխել և ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանել իրացվող մեկ լիտրի հարյուր տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով: «Ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության գործունեության տեսակների շարքից, որոնց համար սահմանված է տարեկան 15 միլիոնի դրամի պետական տուրք, առանձնացնել կոնյակի սպիրտների և կոնյակի արտադրությունը: Ծանուցման ենթակա գործունեության տեսակների շարքում ավելացնել կոնյակի սպիրտների և կոնյակի արտադրությունը մինչև 100 հազար լիտր` դարձյալ 100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով, իրացումը և ներմուծումը ու տվյալ գործունեությունը իրականացնելու իրավունք ձեռք բերելու համար ստանձնել 10 մլն դրամ պետական տուրք 100 հազար լիտրից ավելի ներմուծված և իրացված կոնյակի խմբաքանակների համար: Լրացուցիչ պետական տուրք մեկ բացարձակ լիտրի համար` 25 դրամի հաշվարկով, իսկ 100 հազարից ավելի ներմուծված կամ իրացված կոնյակի սպիրտների խմբաքանակի համար լրացուցիչ պետական տուրք` մեկ բացարձակ լիտրի համար 100 դրամի հաշվարկով»,- տեղեկացրեց նախարարը:

 Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ նախագծով սահմանված է` կոնյակի սպիրտների ու կոնյակի արտադրության իրականացման գործունեության համար հանել մեկից ավելի յուրաքանչյուր վայրում ծանուցման ենթակա նույն տեսակի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տուրքի դրույքաչափի` 50 տոկոսի չափով լրացուցիչ տուրք վճարելու պահանջը: Նա ընդգծեց, որ նախագծի ընդունումից հետո կոնյակի սպիրտ և կոնյակ արտադրող մեծ ու փոքր ընկերությունների համար կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ, կնվաին կոնյակի սպիրտների ներմուծումը և կխթանվի տեղական արտադրանքի աճը, տասը տոկոսով կավելանան շշալցված հայկական կոնյակների ծավալները: