կարևոր
1030 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-08 09:23
Քաղաքական

Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»

Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, օրեր առաջ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Ստամբուլի ամփոփիչ հռչակագիրը և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերի որոշ ձևակերպումներ փաստացի աջակցություն են պարունակում Հայաստանից ադրբեջանական պահանջներին: Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել «բոլոր 57 անդամ պետությունների կողմից աջակցվող միաձայն բանաձևի ընդունումը, որը վերահաստատում է Հայաստանից բռնի արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը»:

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը մտահոգություն է հայտնում, որ Ալիևը, «հենվելով փաշինյանական կլանի վրա», ՀՀ-ն ցանկանում է վերածել «Արևմտյան Ադրբեջանի»։ «Ադրբեջանը, ունենալով բազմամիլիարդանոց բյուջե, չդադարող եկամուտներ նավթի ու գազի վաճառքից, գրեթե 10 միլիոնանոց բնակչություն և բարձր ծնելիություն, կլանեց Արցախը՝ ՔՊ-ի դավաճանության արդյունքում։ Այժմ Ալիևը բնակեցնում է Արցախն ադրբեջանցիներով, փոխում է Արցախի հայկական դեմքը, կառուցում է տասնյակ նոր մզկիթներ»,-գրում են հեղինակները՝ հավելելով, որ նույնը Բաքուն փորձելու է կրկնել Հայաստանում, եթե Փաշինյանն ու թիմը մնացին իշխանության։

«Դրա համար նրանք, հենվելով Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանության և ՀՀ քաղաքացիների պասիվության վրա, ՀՀ-ում բնակեցնելու են 300 հազար, իսկ ապագայում՝ մեկ միլիոն ադրբեջանցիների և Հայաստանը վերածելու են «Արևմտյան Ադրբեջանի»։ Հայոց պետականության փրկության համար ամիսներ են մնացել։ Հուլիսի վերջին նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում, որտեղ ՔՊ-ի ղեկավարն ընդունելու է Բաքվի նոր հակահայ պահանջները»,-գրում է ալիքն ու ամփոփում, որ եթե ՀՀ քաղաքացիները շարունակեն պասիվ դիտորդի կարգավիճակում հետևել ՔՊ-ի «բեսպրեդելին», ապա նրանք նույնպես մի օր իրենց բնակարանները թողնելու են ադրբեջանցիներին ու լքեն Հայաստանը, ինչպես դա եղավ արցախցիների հետ մեկ տարի առաջ։