Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած` ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստի օրակարգային հարցերից մեկը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակումն էր, և ռոտացիոն կարգով այդ պաշտոնը պետք է ստանձներ Հայաստանի ներկայացուցիչը, սակայն նիստի ավարտին հայտնի դարձավ, որ հարցն օրակարգից դուրս է եկել, և այդ պաշտոնը չի փոխանցվել Հայաստանին:
Նշենք, որ մինչ նիստը, տարբեր աղբյուրների հաղորդմամբ, ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնի հավակնորդներ էին համարվում ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանը և Վաղարշակ Հարությունյանը:
Yerkir.am-ն այսօր Վաղարշակ Հարությունյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է կարծում, ինչո՞վ էր պայմանավորված ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնի՝ Հայաստանին չփոխանցելու հանգամանքը, և արդյո՞ք առկա էր վստահության պակաս Հայաստանի նկատմամբ՝ ՀԱՊԿ մյուս անդամ երկրների կողմից:
Հարությունյանին դուր չեկավ մեր այս հարցադրումը, նա շտապես ասել, որ չի ցանկանում մեկնաբանություններ անել: «Դա փակ հարց է, քննարկումը գնացել է, և դրանից հետո որևէ հայտարարություն չի եղել, բայց կարող եմ ասել հետևյալը, որ, այո, որոշումն ընդունված էր, որ այդ պաշտոնի ստանձնումը պետք է լիներ ռոտացիոն կարգով, սակայն վերջին նիստի ժամանակ հետաձգվեց` մինչև դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք նիստը: Հիմա ի՞նչ որոշում կընդունվի, ես չեմ կարող ասել»,- ասաց նա:
Մեր պնդող հարցին՝ վստահության պակասի խնդիր չե՞ք տեսնում, Հարությունյանը պատասխանեց, որ չի տեսնում, ապա ասաց. «Դա ներքին կուխնիա է»:
Ըստ նրա` եթե Հայաստանի կշռի մասին խոսելու լինենք, պետք է հիշենք՝ Եվրասիական հանձնաժողովի ղեկավարն ով է:
Արձագանքելով դիտարկմանը, թե երկրներ կան, որ լավ չեն տրամադրված Հայաստանի նկատմամբ, օրինակ՝ Ղազախստանը, Հարությունյանը հիշեց իր աշխատանքային գործունեությունը: «Երբ ես ծառայում էի ԱՊՀ երկրների շտաբում, այնտեղ էլ այդպիսի խնդիրներ կային: Ներքին, տեխնիկական խնդիրներ, այո', նաև մրցակցություն կա: Որոշումն ընդունված է, որ սա պետք է լիներ ռոտացիոն կարգով: Դա կլինի հիմա, թե` երկու-երեք տարի հետո, մեկ է, լինելու է: Եթե որևէ պետություն դեմ է խոսում Հայաստանին, Հայաստանն էլ վաղը կխոսի նրանց դեմ»,- նշեց նա:
Հարցին, թե մասնավոր զրույցներում իրեն որևէ ակնարկ կամ առաջարկ եղե՞լ է՝ այդ պաշտոնը զբաղեցնելու հետ կապված, Հարությունյանը պատասխանեց. «Ես չեմ մեկնաբանում»: